Friday, November 25, 2011

Էսօր ինչ անկապ օր էր, լրիվ անիմաստ անցավ։ Քանի որ պարապելու հալ ու հավես հեչ չունեմ, մարդամեկն էլ ինչ որ շատ զբաղված է, ձեն-ծպտունը դուրս չի գալիս, եկա ստեղ անկապ գրմրելու, իսկ պարապելը կմնա վաղվան… Ինչքան էլ թույլ լինեմ, ինչքան էլ մեռած վիճակում լինեմ, ինքս ինձ խոսք եմ տալիս, որ Վալի հետ գրադարան կգնամ, որ անելիքներս վերջացնեմ, չնայած՝ ասածիս չեմ էլ հավատում… Անտեր գրիպը, որն ինձ իր տերը դարձրեց էսօր, ահավոր խանգարում է ու ուզում է՝ ուշադրությունս միայն իր վրա կենտրոնացնեմ։ Տեսնենք՝ ով կհաղթի։ : /

Անցյալ կիրակի գերեզման էի գնացել։ Ուժեղ անձրև էր գալիս, կանգնել էի առանց անձրևանոցի ու տուն գնալ չէի ուզում (Երևի հենց սա էլ մրսածության պատճառ դարձավ)… Իսկ էնտեղ լիքը ժողովուրդ կար. դեռ էդքան մարդ չէի տեսել գերեզմաններում… Ասում եմ՝ չեմ սիրում նոյեմբերն, էլի… Իսկ ճանապարհին ծաղիկ ծախող փոքրիկը չկար. անձրևը խեղճի գործին խփել էր…
Անցած անգամ էն ծաղկի խանութը, որտեղից սովորաբար ծաղիկներն առնում ենք, փակ էր, որոշեցինք ճանապարհին ծաղիկ վերցնել ու գերեզմաններ չհասած՝ կանգ առանք ճամփին։ Ծաղիկ վաճառողներից մի փոքրիկ տղա՝ հնամաշ շորերով, վազելով մոտեցավ մեքենային ու մի ծաղկեփունջ մեկնեց։ Ծաղիկները թոշնած էին, պապան ասեց՝ ուրիշը բերի։ Բերեց. դրանք էլ էին նույն օրին։ Պապան էլ, թե՝ թառամած ծաղիկ չեմ տանելու գերեզման, ու շարունակեց քշել, որ ուրիշից առնի, իսկ ես խնդրում էի, որ վերցներ։ Մոտս կանխիկ գումար չկար, թե չէ ես կվերցնեի։ Վրաս ահավոր ազդել էր, հոնգուր-հոնգուր լացում էի ու հետ նայում. տղան ծաղիկը ձեռքին կանգնել էր, չէր շարժվում, մինչև մի ուրիշ մեքենա կանգնեց, ու նա վազելով դրան մոտեցավ…
Էս անգամ տղան չկար, իսկ ես ուզում էի նրա մոտից ծաղիկներ վերցնել…

No comments: