Friday, November 25, 2011

Մի քիչ կույրերի մասին

Չգիտեմ ինչու՝ կույր մարդիկ  ինձ միշտ հետաքրքրել են, բայց երբևիցե առիթ չէի ունեցել նրանց հետ շփվելու։ Միայն մի քանի տարի առաջ, երբ դեռ Գուրցկայայի ֆորումում ակտիվ էի, նրա երկրպագուներից մի աղջիկ նկատել էր, որ ԱՄՆ-ում եմ բնակվում, էլ. փոստով նամակ էր գրել, ներկայացել, իր ընկերությունն առաջարկել ու խնդրել, որ իր հետ անգլերեն խոսեմ, որպեսզի իր անգլերենը լավանա։ Իմ անգլերենն էլ մի եսիմ ինչ չէր, դեռ տարի էլ չկար, ինչ սովորել էի էդ լեզուն, բայց բանուգործիս անունն ի՞նչ էր, որ չհամաձայնեի… Ուստի սկսեցինք իրար նամակներ գրել … կյանքից, դպրոցից, դասերից, շրջապատից, եղանակից և այլն։ Գնալով ձանձրալի էին դառնում նրա նամակներն, ու ալարում էի պատասխանել…
Մի օր էլ Մայան ասաց, որ ինքն էլ է կույր` Գուրցկայայի նման։ Չհավատացի։ Ու իրեն էլ ասացի, որ չեմ հավատում։ Երկար-բարակ բացատրել էր, որ հատուկ ապարատների միջոցով է համակարգիչն օգտագործում ու ինչ-որ ազդակների միջոցով կարողանում է «տեսնել» ու կարդալ, ես էլ հեգնանքով գրել էի՝ դե որ էդպես է, ինչու՞ չես Դիանային էլ ասում էդ սարքերի մասին, որպեսզի ինքն էլ կարողանա իր երկրպագուների հետ անմիջական կապ հաստատել։ Էն ժամանակ, երբ Գուրցկայան ֆորում էր մտնում, նրա ամուսինն էր տպում ասածները... Ինչևէ, չեմ հիշում՝ ինչ գրեց, չպատասխանեցի, ու էդպես էլ կապը կտրվեց։
Դրանից մի երեք տարի անց (2008-ին), մի կիրակի օր տատս մեր տանն էր, կանչեց, որ հեռուստացույցի ալիքը փոխեմ։ ORT-ի վրա էր, լուրերն էր, տատս էլ մեքսիկական սերիալներից ու ռուսական համերգներից բացի ուրիշ բաներ նայել չի սիրում։ Գնացի, պուլտը վերցրի, որ փոխեմ, տեսա՝ դպրոցի ավարտական քննությունների մասին են խոսում, սկսեցի լսել։ Ինչքան հիշում եմ, քննությունների ձևն էր փոխվել կամ նման մի բան, բոլորը դժգոհում էին։ Հետո էլ մի կույր աղջկա մասին սկսեցին խոսել, որն արդեն երեք քննություն գերազանց հանձնել էր ու բոլորովին դժգոհ չէր նոր համակարգից։ Մեկ էլ իրեն ցույց տվին, թե ինչպես է համակարգչից օգտվում, սովորում/պատրաստվում քննություններին և այլն։Դեմքն էնքան ծանոթ էր (նկարները տեսել էի), մեկ էլ որ էկրանի ներքևում գրվեց՝ Մայա Պ. , անկախ ինձնից բացականչեցի՝ վա՜յ, Մայան ա, ես իրան գիտեմ, ինքն ա՜… Տատս երևի մտածեց՝ թոռս ցնդել ա, բայց էդ պահին ինձ նրա զարմանքը չէր հուզում, պուլտը շպրտեցի բազմոցին ու վազեցի էլ. փոստս քրքրելու, որ համոզվեի՝ արդյոք Մայայի ազգանունը Պ. էր, թե չէ… Պարզվեց՝ ինքն էր, որ կար… Ահավոր մեղավոր էի զգում։ Մայային նամակ գրեցի ու ասացի, որ տեսել եմ… Շատ էր զարմացել ու անկեղծորեն արտահայտվել, որ ինքը չէր պատկերացնում, որ ԱՄՆ-ում իրեն ցույց կտային, ու որ ես կտեսնեի լրիվ պատահականորեն, բլա-բլա... Մի որոշ ժամանակ խոսեցինք (ի դեպ, զգալիորեն լավացել էր նրա անգլերենը), հետո դասերս սկսվեցին, էլի չպատասխանեցի նրա գրածին ու կապն էլի կտրվեց, մինչև վերջերս (այսինքն՝ վերջին նամակից երեք տարի անց) Մայան ֆբ-ում ինձ գտավ։ Արդեն լրիվ անթերի էր գրում, իսկ երբ էդ մասին ակնարկեցի՝ խնդրեց, որ չհիշեցնեմ  էդ օրերը, երբ նոր էր անգլերեն սովորում։ Ինչևէ, Մայայի մասին չէի ուզում գրել, բայց գրվեց…
Վերջերս գործի բերումով առնչվեցի մի կույր մարդու հետ, որից սկզբում խուսափում էի, բայց երբ սկսեցի պարապել նրա հետ, էլ կողքից հեռանալ չէի ուզում։ Շատ ընդունակ ու խելացի մարդ էր, երբեք չէի պատկերացնի, որ կույր մարդուն կարող եմ մաթեմատիկա բացատրել, ու նա կհասկանա առաջին իսկ իմ խոսքից։ Էնքան էի տարվել էդ մարդու ընդունակությամբ, որ նկատողություն ստացա նրան երկար ժամանակ տրամադրելու համար, բայց դե հեչ պետքս էլ չէր։ Հա, հասկանում եմ, որ մյուսներն էլ իմ կարիքն ունեն էդ ժամանակ, բայց մեկ է դոդ են, ինչ բացատրում ես, չեն հասկանում։ Էս մարդը գոնե հասկանում է, ու ես էլ հաճույք եմ ստանում էն փաստից, որ կարողանում եմ օգտակար լինել։
Դեկտեմբերից սկսելու եմ OSS-ում կամավոր աշխատել, բայց միայն կույրերի հետ։ Ես հասկանում եմ, որ սա որպես խտրականություն կդիտվի, ու իմ կողմից արդար քայլ չի, ասենք, խուլ ու համրերի կամ մտավոր հետամնացների նկատմամբ, բայց միգուցե հետո սխալս ուղղեմ։ Ամեն ինչ ժամանակի հարց է…

No comments: