Friday, July 24, 2009

Գրիֆիթ Պարկում

Վալը հենց նոր տուն մտավ.
-Լսի, ճամփին կողքովս անցնող երկու ավտո սկսեցին իրար կրակել, սիրտս կանգնել էր, մամայանք չիմանան հանկարծ: :(

***
Ահավոր հոգնած եմ, բայց հազիվ ինձ զսպում եմ, որ չքնեմ: Ուզում եմ առավոտյան քնել. վաղուց ժամը յոթից հետո չեմ արթնացել, իսկ իմ ամենասիրելի քնելու պահը հենց առավոտյան վեցից տասը ընկած ժամանակահատվածն է:

Պիտի ինձ տրամադրեմ, որ վաղվանից սկսեմ ֆիզիկա պարապել: Ուրբաթ օրը երկու հատ քննություն ունեմ՝ անմիջապես մեկը մյուսի հետևից ու առանց ընդմիջման: Ամբողջ շաբաթը լարված ա անցնելու, չնայած Սոֆիին ու Ալիսին խոստացել եմ հանդիպել: Վերջին անգամ երևի Վալի ծնունդին էինք հավաքվել կարգին, էն էլ յոթ թվին, դրանից հետո ոչ մի հանդիպման չեմ գնացել: Միշտ չորսիցս մեկին հարմար չի լինում ու չի ստացվում հավաքվել: Էս անգամ որոշեցի էդ մի օրս զոհաբերել: Այսինքն ինչ զոհաբերել....

Երկուշաբթի միջանկյալ ունեի, կարծում էի՝ վատ եմ գրել, բայց որ հաջորդ օրը գնահատականս տեսա, աչքերս ճակատս թռան: Չէի սպասում, որ բարձր կստանամ ու ինձ անընդհատ մեղադրում էի շաբաթ օրը ֆիզիկա պարապելու փոխարեն դուրսն անցնկացնելու համար: Բայց դե ինչ ուզում է լինի... լավ օր էր: Առավոտյան շուտ էի արթնացել, որ իբր մի քիչ դաս անեմ, նոր գնանք, բայց Վալի հետ զրուցելով ժամանակն անցավ, հետո մաման ու պապան եկան խանութից, մինչև եղած-չեղածը տեղավորեցինք, արդեն համարյա երկուսն էր, իսկ երեքին պայմանավորվել էինք զբոսայգում լինել:

Հաց-մաց պիտի տանեինք մեր հետ, ուստի գնացինք Մուշից ու Վանից բան-ման վերցրինք ու շարժվեցինք Անահիտենց տուն: Համարյա իրենց փողոց էինք հասնում, զանգեցի ու ասացի, որ իջնի արդեն: Էն էլ կարմիր լույսի տակ կանգնեցինք ու մի պապիկ մոտեցավ պատուհանին: Մինչ ես Վալին ասում էի, որ լուսամուտն իջեցնի, որ լսեմ էդ մարդն ինչ էր ասում, Վալը նենց քշեց, որ պապիկը հետ թռավ, իսկ հետո իմ վախեցած ճվոցից արգելակեց: Էդ մարդն էլի մոտեցավ բա թե՝ ինձ Ռոսս կտանե՞ք: Վալը՝ այո-այո, նստեք, կներեք, ձեզ չէի տեսել: Ես էլ սարսափահար նայում էի... էս ո՞վ էր, ի՞նչ էր, ինչի՞ Վալը համաձայնեց տանել: Պարզապես կարող էր ասել, որ էդ կողմ չէր գնում: Բայց ի՞նչ արած: Քարացած նստել էի: Ահավոր կասկածամիտ եմ ու վախում եմ տենց պահերին: Ձեռքերովս կոկորդս պահել էի ու կծկվել. թվում էր թե ուր որ է դանակով վիզս կտրելու էր: Ինչևէ:

Մի երկու կանգառ էր Ռոսս հասնելը, մի մեծ բան չէր: Հենց էդ մարդուն իջեցրեցինք ու պիտի շարժվեինք, մի հատ մեքենա եկավ ու դըդըմփ: Ուժեղ հարված չէր, բայց ես ասի՝ հացներս կերանք, մանավանդ որ խփողը սևամորթ էր: Մեքենաները քաշեցին խանութի փարքինգ, կանգնեցին, իջան,նայեցին, դես-դեն: Վալի ֆառը թռել էր տեղից: Էդ կինը թե՝ my car was damaged, so i don't care about it, but yours...Մեկ էլ էդ պապիկն եկավ: Սկսեց փնթփնթալ էդ սև կնոջ վրա՝ էս ինչ արեցիր , եսիմ ինչ: Վալին սկսեց համոզել, որ դրա վրա գործ սարքի, ահագին փող կքաշի: Վալն էլ մի պահ ոգևորվեց: Ջղայնացա: Հերիք չի առանց կողքերը նայելու քշում ա, հլը մի հատ էլ ուրիշին պիտի մեղադրի: Իջա էդ կնոջը ճամփու դրեցի, Վալն էլ թե՝ բա պապան կջղայնանա:
-Տո լավ էլ կանի:
-Կասեմ՝ պատին եմ խփել:
-Ինչ ուզում ես ասա: Գնացինք:

Զանգեցի Անահիտին, մի տասնհինգ րոպե անցել էր, ինչ ասել էի դուրս գար: Խնդրեցի՝ սկոճ իջեցնի հետը, որ մեքենանյի ֆառը կպցնենք մի ձևով: Դարձավ իսկական մեքսիկացու կարկատած մեքենա: Մինչ էդ Մարիամն էլ էր անհանգստացել ուշանալու համար ու հենց իրենց շենքի դիմաց կանգնեցինք, Հայկենք էլ եկան: Վեշ-մեշ տեղավորեցինք ու որոշեցին սպասել Աղասուն, որը մարզասրահ էր գնացել մեխանիկորեն: Տեսան, որ ուշանում էր, մտածեցին գնանք պիցցա առնեն ու էնտեղ հանդիպենք: Էդպես էլ արեցինք: Երկու մեքենայով էինք՝ Վալի ու Հայկազի: Նախքան պիցցա առնելը Ժանետին էլ վերցրինք իրենց տնից: Ինքը շատ էր ուզում Աղասու հետ գար, որովհետև մեջներից լավ քշողն Աղասին էր, բայց դե որ նա ուշանալու էր, Հայկազի մեքենան նստեց. Արևիկն ու մյուս Հայկն էլ էին իրենց հետ, իսկ Մարիամն ու Անահիտը՝ իմ ու Վալի: Պիցայի համար մի քիչ շատ սպասեցինք. հերթը երկար էր:

Հետո միանգամից շարժվեցինք զբոսայգի, էն էլ ճանապարհին Հայկը մի չոր ու ցամաք տեղ կանգնեց, չհասկացանք ինչը ինչոց էր, հետո ասացին, որ Աղասուն ոստիկանը կանգնեցրել է ճանապարհին, ինչ-որ սխալ է արել իբր: Բոլորս ապշած մնացինք. ոչ ոք չէր պատկերացնում, որ Աղասին երբևիցե տուգանք կստանա երթևեկության կանոն խախտելու համար: Ինչպես հետո իմացանք, stop sign-ի մոտ չէր կանգնել, չնայած ինքն ասում էր էդտեղ նշան չի եղել, բայց դե, եթե մլիցեն մի բան ա ասում, ո՞վ կարող է հակաճառել: Միակ ելքը նրա՝ դատին ներկա չլինելն է:

Պարկ հասնելուն պես սեղան գցեցինք ու նստեցինք հաց ուտելու. բոլորս էլ լավ սոված էինք: Մի կուշտ ուտելուց ու ահագին զրուցելուց հետո վեր կացանք խաղեր խաղալու: Տարբեր բաներ խաղացին, ես հիմանականում լուսանկարչի դերում էի: Քանի որ նկարվել չեմ սիրում, իսկ նկարվելուց խուսափելու միակ ելքը կամերան իմ ձեռքում պահելն էր, ուստի սկսեցի աջ ու ձախ նկարել: Նկարներից շատերը շատ ծիծաղելի էին դուրս եկել, կհիշվեն: Վերջում նստեցինք մաֆիա խաղալու: Ինձ իսկական մաֆիոզի տեղ էին դրել: :(

Մարիամն ինետում ստուգել էր, որ 8:10-ի կողմերը արևը մայր պիտի մտներ: Շատ էր ուզում բարձրանանք Հոլիվուդի սարը՝ մայրամուտը դիտելու: Համարյա ութն էր արդեն, արագ-արագ հավաքվեցինք ու շարժվեցինք Հայկազի մեքենայի հետևից: Էն էլ ճանապարհին պարզվեց, որ սխալ ենք գնացել ու արդյունքում հայտվեցինք այնտեղ, որտեղից շարժվել էինք: Պիտի մայրամուտը աստղադիտարանի մոտից նայեինք, բայց մինչև հասանք աստղադիտարան, արդեն արևը մայր էր մտել, ասինք՝ լավ, քաղաքը կնայենք վերևից, բայց տեղ ու դադար չկար. մեքենաները լիքն էին, կանգնելու տեղ չգտանք ու որոշեցինք գնալ Ժանետենց տուն: Դեռ առավոտյան Ժանետն առաջարկել էր երեկոյան իրենց տուն գնալ լողավազանում լողանալու, բայց դե մենք որոշել էինք սարում դիմավորել երեկոն, ինչը չստացվեց....

Ժանետի մոր հետ ծանոթացանք: Շատ հաճելի կին էր: Հետո Արևիկը դաշնամուր նվագեց, Հայկազը՝ կիթառ, նստեցինք դրսում, Հայաստանն ու զանազան պատմություններ հիշեցինք ու ժամանակը մի ակնթարթի նման թռավ-գնաց:

Եկանք տուն, իմացա, որ պապան ու Հովոն օվկիանոս էին գնացել: Վրանը տարել էին. գիշերն էնտեղ պիտի մնային: Նենց տխրեցի, որ չէին զգուշացրել: Գոնե շուտ կգայինք ու ես էլ բաց երկնքի ու աստղերի տակ կքնեի: Բայց դե ոչինչ, էդ էլ մյուս անգամ: :)

No comments: