Tuesday, August 25, 2009

Չգիտեմ...

Առավոտյան մաման գազարի հյութ պատրաստեց ու նախքան գնալս ստիպեց, որ խմեմ: Հազիվ կարողացա կեսը խմել, երբ Արմը զանգը տվեց, իսկ մաման չէր թողում տնից դուրս գամ, ասելով՝ մինչև չխմես, չես գնա ոչ մի տեղ: Մի կում էլ արեցի ու բաժակը մեկնեցի նրան.
-Չեմ կարում, մա՛մ, սպանես էլ՝ չեմ խմի: Էդ մի կումն էլ քո խաթր էր,- ասացի ու դուրս եկա: Պիտի խոստովանեմ, որ ամենատհաճն էդ վերջին կումն էր: Չգիտեմ ինչու, չնայած գազար շատ եմ սիրում, հյութը խմել չեմ կարողանում:

Դասից հետո գնացի վերևի գրադարանը: Երեկ գիրք էի ուզում վերցնել, բայց քարտս մոտս չէր, չտվեցին: Էսօր գնացի վերցրեցի ու հենց էդտեղ էլ մնացի ֆիզիկա պարապելու: Էն էլ սկսեցի գիրքը կարդալ ու ժամերը թռան, վերջում ընդամենը մի քանի խնդիր էի գրել, երբ Արմը գրեց, որ դասախոսն ու ասիստենտը չեն եկել, ուստի իրենք թողել-դուրս են եկել լսարանից, միջանկյալը չեն հանձնելու: Եկանք տուն:

Հետո Վալի հետ դուրս եկանք, գնացինք Բեվերլի: Գլենի թղթերը պիտի հանձներ: Էս կողմ, էն կողմ, եկանք տուն: Հասնելուց առաջ մամային զանգեցի ու խնդրեցի, որ սալաթ պատրաստի: Երբ եկանք տուն, Վալի հետ նստեցինք հաց ուտելու: Չնայած շատ սոված էի (առավոտվա գազարի հյութից ու սուրճից բացի ոչինչ չէի կերել, իսկ ժամն արդեն երեկոյան հինգն անց էր), սալաթը շատ անհամ թվաց: Մամային ոչինչ չասացի, իսկ երբ արդեն կոմպի մոտ էի, լսեցի նրա դժգոհ ձայնը.

-Է՜հ, Հովոյիս սալաթն ինչի՞ կերաք, ձեզ համար կարգին սալաթ էի սարքել:

Հետո հիշեցի, որ Հովոյի մոտ ալերգիա է սկսվել, բժիշկը խիստ դիետա է նշանակել: Խեղճ երեխա, թե էդ անհամ սալաթը ո՞նց պիտի ուտեր:

Ինչևէ, ահավոր հոգնած եմ: Գլուխս ոնց-որ ուզում է ցավալ: Երեկ 8:30 արդեն անջատվել էի: Մերոնք հերթով մտնում էին սենյակ, լույսը միացնում ու հարցնում՝ հո բան չի՞ պատահել: Մի քանի անգամ էդպես արթնացա...Չեմ հասկանում, քնելու համար ինչ-որ բան պիտի պատահի՞: Էհհ...

Հա՛, երեկ խոհանոցում մամայի հետ խոսում էինք, միամիտ Վ, տյոտյային հիշեցի ու մամային հարցրեցի՝ ինչ լուր ունի նրանից: Ասաց, որ բժիշկներն ասել են՝ մինչև Նոր Տարի հազիվ դիմանա: Ինքն էլ պիտի այցելեր նրան:
-Չէ-հա, չի կարող պատահի, Աստված մեծ ա, կապրի,- ասացի ես:
Էսօր, որ տուն մտանք, մաման տակտով հարցնելով՝ ոնց եմ, ինչ եմ, ասաց, որ նա մահացել է... Ոնց-որ սառը ջուր լցնեին գլխիս: Չէի ուզում հավատալ... Ի՞նչ ասեմ... Աստված նրա հոգին լուսավորի...

No comments: