Առավոտյան աչքերս բացեցի, թվաց՝ քնել մնացել եմ, հեռախոսս վերցրեցի անմիջապես, 6:54 էր: Դեռ մի րոպե կար զարթուցիչիս միանալուն: Սկսեցի մտածել էլի՝ գնա՞մ, թե՞ չգնամ: Բայց կողքի նոր կառուցվող շենքի շինարարների մուրճերի ձայները հուշեցին, որ վեր կենամ ու գնամ, մեկ ա քնել չէին թողնելու: Համ էլ Արմը ասել էր, որ իրեն սպասեմ, միասին գնանք: Արդեն խոսք էի տվել: Ճիշտն ասած, երեկ որ գրեց՝ կսպասես, ես էլ եմ քո հետ գալու, մի պահ զարմացա, հետո ցերեկվա կատարվածը հիշեցի ու հասկացա ինչու:
Երեկ Է. տյոտյան ցերեկը ծաղկաման բերեց ու հենց դուռը բացեցի, մեկնեց ինձ.
-Ձերն ա ազիզ, վերցրու:
-Համեցեք ներս,-ասացի:
-Չէ՛, լակոտը ավարիա ա արել, զանգի եմ սպասում,- անտրամադիր ասաց ու շրջվեց, որ գնա:
-Ի՞նչ լակոտ,- մտքովս Տյոմն անցավ:
-Արմենուհին...քիչ առաջ զանգեց, հերը գնաց մոտը:
-Իրան հո բան չի՞ եղել: Ինքը լա՞վ ա:
-Չգիտեմ, սպասում եմ զանգին,- ասաց ու գույնը գցած բարձրացավ վերև: Մնացի շվարած: Ընդամենը հինգ րոպե առաջ Արմի հայրն էնպես իջավ աստիճաններից ու հրթիռի արագությամբ դուրս թռավ, որ ամբողջ շենքը շարժվեց: Դե պարզ էր, երկու երեխա կորցրած ծնողների մյուս երեխայի մատը, որ փուշ էլ մտնի, պիտի դողան: Փառք Աստծո, ոչինչ չէր եղել: Լավ էր պրծել:
Արդեն պատրաստ էի, երբ Արմը գրեց՝ չի գալիս: Մենակ գնացի ու որոշեցի մնալ գրադարանում ու մի քիչ պարապել, էն էլ մաման զանգեց, որ միասին խանութ գնանք, ստիպված ավտոբուս նստեցի ու ուղիղ Հոլիվուդ: Ճամփին Վալը գրեց՝ գնանք Գալերիա: Չեղավ, արդեն մամային էի խոսք տվել: Արդյունքում Վալն էլ մեր հետ եկավ, ինքը տարավ մեզ, բայց մի ժամից դասի էր, ուստի ինքը շուտ գնաց: Գնած ամանեղենը նրա հետ տուն ուղարկեցինք ու մենք գնացինք շորեղենի բաժին: Մաման հազիվ մի հատ կոստյումչիկ առնել տվեց, որը գիտեմ, որ չեմ էլ հագնելու: Ասում ա.
-Մենակ սպորտիվկա ու ջինս ես հագնում, էդ ի՞նչ շնորհք ա, բա ես տե՞նց եմ դասի գնացել:
Դե արի ու բացատրի, որ իրենց ժամանակ ուրիշ էր, երկիրն ուրիշ էր, մարդիկ ուրիշ էին: Բայց դա հլը մի կողմ, ամենակարևորն էն ա, որ ես ինձ սենց հարմար եմ զգում:
Խանութում ժամերը նենց են թռնում, մարդ չի հասկանում ոնց անցավ օրը, դրա համար էլ խանութ գնալ հեչ չեմ սիրում: Եկանք տուն, արդեն երեքի կողմերն էր, իսկ չորսին հարցազրույցի էի Լոպեզի մոտ՝ կամավոր աշխատանքի համար: Արագ լողացա, ստիպված ֆենը միացրեցի, որ մազերս չորացնեմ էս շոգ կրակին ու վազեցի հիվանդանոց: Հասա օֆիսի մոտ, խորը շունչ քաշեցի ու դուռը թակեցի: Քիչ անց ալեհեր մազերով մի կին բացեց այն ու ես միանգամից ողջունելով՝ ասացի, որ ինտերվիուի եմ եկել Լոպեզի մոտ: Կինը ձայն չհանեց, բարի արտահայտությամբ նայեց-նայեց ու գնաց կողքի սենյակ, ես էլ դռան մոտ կանգնած մնացի: Շուտով մի ասիացու ու հայ տղայի հետ վերադարձան ու պարզվեց, որ Լոպեզը տեղում չի, էսօր ընդհանրապես գործի չի եկել, իսկ ալեհեր կինը տղայի մայրն էր, ուղղակի նրա հետ այցելել էր հիվանդանոց, դրա համար էր զարմացած երեսիս նայում,՛ թե ինչու եմ իրեն ասում էդ ամենը...
«Բայց ախր ինձ ինչի՞ հենց էսօրվա համար ժամադրություն տվեց, եթե գործի չէր գալու,-սկսեցի մտորել ու ասիացի աղջկան ասացի,- բայց ես ժամադրություն ունեմ, միգուցե նա կգա շուտով»: Ասիացին կեղծորեն «ցավալով» հայտնեց, որ չի գալու, հետո որոշեց պարզել, արդյո՞ք օրը չեմ խառնել: Չէի խառնել, իսկապես, հայտնեցին, որ էդ ժամին հանդիպում էր նշանակած ու կանչեցին մյուս մասնաշենք: Գնացի: Աշխատողը հայ էր, բայց չգիտեմ ինչու մինչև վերջ անգլերեն խոսեցինք: Ինչ ինտերվիու, ինչ բան: Մի երկու թուղթ տվեց լրացնելու, մի դաստա էլ տանը լրացնելու համար տվեց, աշխատելու ժամերը հարցրեց ու նոր ժամադրություն նշանակեց, ուրբաթ օրն էլ գործի: Թարսի պես էդ օրը քննություն ունեմ, մեռած վիճակ ա լինելու, ասացի՝ բացառությամբ էս ուրբաթի, մյուս ուրբաթ օրերն անպայման կգամ: Շտապ օգնության բաժինն ընտրեցի, բայց ասեց դժվար թե տան, ուրիշ բաժին էլ նշել տվեցի, տեսնենք ինչ կլինի: Կասսայի աշխատողը տեղում չէր, մուծման համար հետո էլի պիտի գնամ: Պարտադիր ամեն անգամ իմ գործերը միշտ պիտի հետաձգվեն, ինչևէ, կարևորը, որ էսօր դրանից էլ պրծա: Կարող էր ավելի վատ լինել....
No comments:
Post a Comment