Friday, March 11, 2011

Ցունամի

Գիշերվա կեսին սենյակի լույսը միացավ։ Աչքերս բացեցի, Վալն էր։ Կարծեցի 4:30 ա, ասել էի՝ էդ ժամին արթնացնի, որ իր հետ մի քիչ դաս անեմ, բայց պարզվեց դեռ շուտ էր։ Լուրերով տեսել էր, թե Ճապոնիայում ինչեր են կատարվում ու որ շուտով էդ ցունամին էստեղ է հասնելու, որոշել էր ինձ անմիջապես արթնացնել։ Որ ճիշտն ասեմ, բան չհասկացա ասածից ու քթիս տակ մռթմռթացի, որ թողնի հանգիստ քնեմ։ Լույսն անջատեց ու գնաց։
Առավոտյան նախքան սենյակից դուրս գալս կոմպը միացրի, ահագին պոստեր էր արել ֆեյսբուքում, նոր հասկացա, թե ինչ էր ուզում ասել գիշերը։ Գնացի հյուրասենյակ, ադեալով փաթաթված նստած դեռ լուրերին էր հետևում։
-Շուտով ստեղ էլ կլնի,- առանց հայացքը հեռուստացույցից կտրելու սկսեց խոսել,- Արփինեին արդեն հրաժեշտ եմ տվել... Բայց ասում են՝ վեց ֆիթ կբարձրանա ջուրը։
-Երանի քո հավեսին, չենք գնու՞մ դասի։ Բեր չգնանք,- առիթից օգտվում եմ։
-Չէ, բա ֆայնլս։
-Էհ հա, ես էլ ունեմ ֆայնլ։ Ցունամի կլնի, չենք գրի,- ծիծաղում եմ։

Ճանապարհն ազատ էր, ոնց որ միայն մենք էինք էդ օրը քաղաք դուրս եկել։
-Էս ժողովուրդն ո՞ւր են, կարո՞ղ ա փախել են,- անկապ հարցրի։
Հասանք համալսարան, էլի մարդ-մուրդ համարյա չկար։ Bruinwalk-ը դատարկ էր, Վալը հաջող արեց, բա թե՝ կարող ա էլ իրար չտեսնենք։ Հետո նկատեց, որ Bruinwalk-ով եմ գնում վերև, որոշեց հետս գալ, որ մի քիչ ավելի իրար հետ լինենք։ Նայում էինք իրար ու էն մտքից, որ հանկարծ էդ օրը ցունամին մեզ պիտի իրարից բաժաներ, ծիծաղս զսպել չէի կարողանում։ Bruinwalk-ի ձախում մի քանի հոգի նստած պեչենիներ էին ծախում, չգիտեմ որ քլաբի անդամ էին։ Վալը հենց էնպես ասաց.
-Քուքի եմ ուզում։
Կանգնեցի։
-Վերցրու։ Ես կվճարեմ։
-Չէ, կատակ էի անում։
Շարունակեցինք քայլել։ Մտքափոխվեց.
-Չէ, բայց ուզում եմ։
Ետ դարձանք, մի կտոր պեչենի վերցրեց, գնացինք Հեյնսի մոտերքը ջրիկ հրաժեշտ տվեցինք ու շարժվեցինք տարբեր ուղղություններով։

Դասից հետո գնացի Northern Lights, Վալն էլի իր ցունամիով էր զբաղված, Նանն ու ես էլ «ապագայից» էինք խոսում։ Հետո իրենք գնացին դասի, իսկ ես մի քանի հոգու տեսա նախքան դասի պրծնելն ու դրանից հետո։
Նանի հետ զրույցի էինք բռնվել, ուստի իր հետ եկա տուն։ Վալը տխրեց։ Փարքինգում էլի հրաժեշտ տվեցի ու ծիծաղելով ասացի՝ ցունամու դեպքում իրեն ուժեղ պահի։

Բարով-խերով էսօր ողջ մնացինք։ Ոչ մի ցունամի էլ չկար։ Տեսնես հետո ի՞նչ է լինելու։

No comments: