Էսօր երազիս մեջ արթնացա ու տեսա՝ մազերս կտրված է, բայց ոչ մի կերպ չէի
հիշում, թե երբ է դա տեղի ունեցել։ Նայում- նայում էի նոր սանրվածքիս ու
ինքս ինձ ասում՝ ախր ես ուրիշ ձև էի ուզում կտրել, էս ի՞նչ են արել… մինչև
որ արթնացա ու հասկացա՝ երազ էր։
Որոշեցի մազերս կտրել, բայց դե հեչ
հավես չունեի աշխարհի ծերը ոտքով հասնելու, Վալն էլ գործի էր։ Գցեցի-բռնեցի
ու Գևորգի մոտ ժամադրություն վերցրի։
Ուրեմն որ նոր էինք եկել, մի
քանի հոգի էդ վարսավիրին (Գևորգին) շատ գովեցին ու խորհուրդ տվին իր մոտ
մազերս կտրել։ Մի օր վեր կացա, առանց ժամադրություն վերցնելու, գնացի էն
վարսավիրանոցը, որտեղ նա էր աշխատում։ Իմ բախտից ազատ էր, միանգամից նստեցի
մազերս կտրելու։ Բացատրեցի՝ ինչ ձև եմ ուզում, մնաց-մնաց ասեց՝ քեզ տենց
չի սազի։ Ասի՝ ոչինչ, դուք կտրեք։ Սկսեց ավելի մանրամասն բացատրել, թե
ինչու չի սազի, վերջը համոզեց ու ասեց՝ ես էս ինչ-էս ինչ ձև կկտրեմ, քեզ
շատ կսազի, ասեցի՝ լավ։ Կտրեց։ Հեչ դուրս չեկավ։ Ջղայնությունս եկավ, ու դա
եղավ էդ վարսավիրի մոտ գնալու առաջին ու վերջին անգամը։
Հետո մի շրջան
եկավ, որ ես ինքս էի մազերս կտրում։ Գլխիս վրա ահագին փորձեր եմ կատարել,
ընդհուպ մինչև շատ կարճ կտրելն ու կապտավուն ու կարմրավուն ներկելը, որից
հետո հասկացա, որ բնական մազերի գույնից լավ գույն չկա։
Հոտո սկսեցի
քրոջս վարսավիրի մոտ գնալ, որ Գևորգի նման մեծ համբավ չուներ, բայց դե
մարդը սուսուփուս, այսինքն՝ ոնց ասում էի, էնպես էլ կտրում էր։ Որ չհավանեի
էլ, իմ մեղքն էր… Ուղղակի նրա վարսավիրանոցը հեռու է մի քիչ, ես էլ էսօր
հավես չունեի մի մազ կտրելու համար հասնել էնտեղ, իսկ Գևորգը մեր տնից մի
քանի քայլ էն կողմ է աշխատում (հիմա)։ Մտածեցի՝ լավ, մի անգամ էլ գնամ
Գևորգի մոտ, բայց էս անգամ «էշս կքշեմ» ու իմ ասածը կլինի. կսազի, թե չի
սազի, իմ գործն ա և վերջ։
Ու էդպես, ութ տարի անց, մարտական տրամադրված
գնացի Գևորգի մոտ, էն էլ, ի զարմանս ինձ, էս Գևորգը ոնց որ լրիվ ուրիշ մարդ
լիներ։ Րոպեն մեկ հարցնում էր՝ էս ձև անե՞մ, թե՞ էն ձև, էս կողմի վրա
բացե՞մ մազերդ, թե՞ մյուս, էսքա՞ն կտրեմ, լա՞վ ա, էս ամենաերկար մասն ա
լինելու, լա՞վ ա, էս ամենակարճ մասն ա, շատ չի կարճ, չէ՞։ Էնքան հարցրեց,
որ ասեցի՝ ինչքան հնարավոր ա, կտրեք, մազ ա, էլի, կաճի։ Զարմացավ, բա թե՝
մարդիկ կռիվ են անում իրենց ասածից մի միլիմետր կարճ կտրելու համար… Խեղճի
աչքը վախեցրել էին, էն ինքնավստահ Գևորգից բան չէր մնացել։ Էդ որ ասեցի,
խելոք-խելոք՝ առանց հարցեր տալու կտրեց մազերս, վերջում էլ նույնիսկ
հարցրեց՝ հավանո՞ւմ եմ, թե չէ, ոչ թե անցյալ անգամվա պես իր կտրածի գովքը
կապեց՝ առանց հաշվի առնելու, որ ես հեչ չէի հավանել։ Էս անգամ գոհ էի նրա
աշխատանքի արդյունքից։ Լավ ա, սրանից հետո իրա մոտ կգնամ, էլ չեմ ալարի
մազերս կտրելու գնալ։ ։)
No comments:
Post a Comment