Tuesday, February 19, 2013

Իմ սիրած 20 բլոգները

Վաղուց ուզում էի նման մի գրառում անել, բայց անընդհատ հետաձգվում էր։ Վերջապես էդ օրն եկավ։
Ուրեմն ասեմ, որ ես շատ եմ սիրում բլոգային գրառումներ կարդալ ու հենց մտնում եմ իմ բլոգ, առաջին հերթին պարտադիր ստուգում եմ, թե իմ սիրած բլոգերներից ով է գրառում արել։ Կար ժամանակ, որ ես տարված էի նոր բլոգներ փնտրելով, որովհետև իմ սիրած բլոգերները շատ քիչ էին գրում։ Պատահում էր, որ ձեն-ձենի տված՝ օրերով գրառումներ չէին անում։ Ես էլ, որ գնում էի դասի, լեկցիա լսելու փոխարեն զբաղվում էի բլոգ փնտրելով։ Հիշում եմ՝ մի օր էն ինչքան հայալեզու բլոգներ գտա, աշխարհն իմն էր։ Էդ օրը չէի ուզում դասս վերջանար, հազիվ հանք էի գտել ու փորում էի. ահագին արդյունաբեր էր։ Ցավոք էդ գտածս բլոգները ընդամենը մի կամ երկու հետաքրքիր գրառում ունեին, կամ արդեն չէին թարմացվում, ուստի կամաց-կամաց մոռացվեցին, բայց հետաքրքիր բլոգ որոնելու սովորությունը մնացել էր։ Անհետաքրքիր դասերիս օրերին մտնում էի լսարան, տեղավորվում, լափթոփս հանում, ձայնագրիչս միացնում-մի կողմ դնում ու սկսում էի որոնումներս։ Ինչ էլ գտնեի, կարդայի, էլի բան էր։ Ինչևէ, հիմա այբբենական կարգով գրեմ էն բլոգների ցանկը, որոնք հաճույքով կարդում եմ ու միշտ սպասում նոր գրառումների։

Ժամանակ առ ժամանակ կամ պարբերաբար թարմացվող բլոգներ.

  1. apasionade -Էս բլոգը չեմ հիշում, թե ոնց կամ ում էջից եմ գտել, բայց վաղուց կարդում եմ ու հատկապես սիրում եմ փոքրիկ Արսենի մասին արված գրառումները, տեղադրված վիդեոներն էլ միշտ նայում եմ։ Ուրեմն մի քանի ամիս առաջ իմ մտերիմ ընկերներից մեկի ֆեյսբուքյան էջում մի մեկնաբանություն տեսա, մեկնաբանողի անուն-ազգանունն, ինչպես նաև նկարը շատ ծանոթ թվացին։ Հետո հիշեցի, որ նրան ԿՄ-ում տեղադրված մի տեսանյութում էի տեսել, որ տպավորվել էր (apsionade-ի հարցազրույցը), իսկ հետո նկատեցի ինձ շատ ծանոթ փոքրիկի նկարը։ ։)) Միանգամից ժպիտ հայտնվեց դեմքիս ու որոշեցի պարզել, թե իրար որտեղից գիտեն։ Ու պարզվեց, որ Հայաստանում հարևաններ են եղել։ Հաճելիորեն զարմացած էի. աշխարհն ինչ փոքր է։ ։))
  2. Araksoblog- Էս բլոգը բոլորովին վերջերս եմ հայտնաբերել ու մի շնչով ահագին գրառումներ կարդացի։ Բլոգը վարում է դիլիջանցի մի աղջիկ, որի գրառումների մի մասն ինձ հիշեցնում էին իմ սիրելի Տավուշն ու մանկությունս։ Կարդալիս անընդհատ ցանկություն էր առաջանում բլոգումս գրելու, բայց շարունակում էի կարդալ… Ահագին ժամանակ է, ինչ բլոգում գրառում չի արվել, հուսով եմ՝ միայն ու միայն զբաղվածության պատճառով է, որը շուտով կանցնի։
  3. arminchik.wordpress.com (Ես, Ռեյը, մի բաժակ Ջին ու իմ խելառ մտքերը...) - Հավեսով եմ կարդում էս բլոգում իրենց տեղը գտած «խելառ» մտքերը։ Սա էլ է այն բլոգներից, որ հետևում եմ կարծեմ հենց իմ բլոգում գրելու օրվանից սկսած։
  4. byurie - Իսկ այ այս բլոգը հետևում եմ դեռ այն ժամանակվանից, երբ ես ինքս բլոգ չունեի։ ։) Բլոգի մասին, ինչքան հիշում եմ, իմացել էի ակումբից։ Ահագին հիացած էի հա՛մ գրելու ձևից, հա՛մ անկեղծ գրառումներից։ Էն ի՜նչ հավեսով էի կարդում, էլ ասելու չի։ Դե առաջին անգամ էի հայերեն օնլայն օրագիր տեսնում, լրիվ նորություն էր ու արդեն իսկ մեծ ուրախություն։ Կարդում էի՝ Բյուրակնը քայլում էր Երևանի փողոցներով, երբեմն անձրևի տակ կամ աշնանային տերևների վրայով,  էնքան պատկերավոր էր գրում, որ  ՏԵՍՆՈՒՄ էի էդ ամեն ինչն ու զգում, ոնց որ ես ինքս էդ տեղերով քայլելիս լինեի։ Հետո՝ մի տեսակ կարոտս առնում էի Երևանից…Մի խոսքով՝ դժվարանում եմ կարգին բացատրել, բայց էս բլոգը մեծ բացահայտում էր ինձ համար։ Հիշում եմ՝ քրոջս էլ պատմեցի ու համոզում էի, որ կարդար, բայց ուշադրություն չդարձրեց, ես էլ ինքս ինձ ասի՝ հեչ էլ, ես կկարդամ։ (Ինքն առհասարակ ոչ մի բլոգ չի կարդում, երբեմն-երբեմն հարցնում ա՝ իմ բլոգում իրա մասին գրե՞լ եմ, ու եթե ասում եմ՝ հա, էդ գրառումներն ա պահանջում, կարդում ու վերջ)։ Էն էլ էդ բացահայտելուս օրվանից ի վեր նոր գրառումներ չարվեցին։ Մոտ մի շաբաթ ավել հետևեցի, ոչ մի նորություն չկար, էդպես հույսս կտրեցի էս բլոգից։ Ահագին ժամանակ անց նորից հայտնվեցի էնտեղ և ի՜նչ զարմանք, ի՜նչ ուրախություն, լի՜քը նոր գրառումներ էին հայտնվել… Թաքուն-թաքուն հետևում էի, մինչև որ ես էլ գրանցվեցի ԿՄ-ում, չնայած երկար ժամանակ (մոտ մի տարի) գրառումներ չէի անում։ Մի խոսքով՝ իմ ամենա-ամենասիրելի բլոգներից մեկն ա, ու նույնիսկ երբ քննություն էի ունենում, բայց տեսնում էի, որ էս բլոգում գրառում է արվել, ինչքան էլ երկար լիներ, պարտադիր պիտի կարդայի, նոր շարունակեի պարապելս։ Հիմա էլ հաճույքով հետևում եմ բլոգի շարունակությանը WP-ում՝ Կարուսել։
  5. deghin- Այս բլոգն էլ է ամենա-ամենասիրելիների թվին պատկանում, ու այն հայտնաբերելու օրը պարզ հիշում եմ. ուրբաթ օր էր (2.13. 09), ուժեղ անձրև էր գալիս։ Էդ օրը դասս շուտ պրծա, գնում էի կանգառ, էն էլ հիշեցի, որ գրադարանից գիրք ունեի վերցնելու, ինչ-որ պրեզենտացիայի պիտի պատրաստվեի, թողել էի վերջին շաբաթ-կիրակիի հույսին։ Ստիպված հետ գնացի գրադարան, գիրքը վերցրի ու վազեցի կանգառ։ Ավտուբուսը բաց էի թողել, հաջորդն էլ ոնց որ չուզենար գալ։ Ոտից գլուխ ջրի մեջ կորա սպասելով։ Կյանքում էդպես չէի թրջվել. ջուրը վրայիցս հոսում էր։ Հասա տուն, լավ ա մաման տանն էր։ Գազը միացրել էր, տունը լավ տաքացել էր։ Մի խոսքով՝ մի ժամ հետո ես տաքուկ-տաքուկ՝ լափթոփը ծնկներիս, տաք թեյով լի բաժակը ձեռքիս, հարմարավետ բազկաթոռին նստած էի։ Մի հատ ռուսական ֆիլմ դիտեցի, հետո…էստեղ մի հայ սրտաբան կա, որ բլոգ ուներ, իրա բլոգը մտա կարդալու ( ափսոս էլ չի գրում), հետո՝ Արփինեի բլոգը, հետո չեմ հիշում՝ ոնց, հայտնվեցի Դեղինի բլոգում։ Ինձ թվում է՝ Բյուրակնի բլոգի ընկերների գրառումների կողքով անցնելիս հայտնվեցի էնտեղ։ Ինչևէ, հավեսով կարդացի գրառումները ու չէի ուզում, որ ավարտվեին։ Բլոգն ահագին ուսումնասիրելուց հետո, չգիտեմ ինչից, միանգամից հասկացա, որ ակումբի Ուլուանան է տերը։ Էդ հայտնագործությունիցս էլ էի ուրախացել։ Ախր բլոգ կարդալը լավ բան ա, բայց որ գրողին որոշ չափով գիտես, թեկուզև վիրտուալ աշխարհում, ավելի հետաքրքիր է լինում։ Դե ես էլ ակումբի համարյա բոլոր գրառումները կարդում էի ու քաջ տեղյակ էի բոլորից։ Էդպես սկսեցի խելոք-խելոք հետևել։ Էդ ժամանակ էլ դեռ գրառումներ չէի անում. էլի միայն հետևողի դերում էի… Էս բլոգի բոլոր գրառումները սիրում եմ, սկսած դիտարկումներից մինչև նկարչության ու լեզվի մասին արված գրառումներ։ Մի բան որ կասկածում եմ ու մոտավորապես հիշում եմ, որ Դեղինը իր բոլոգում գրել էր, անպայման մտնում եմ բլոգի «հայերեն» պիտակի բաժինը, քրքրում ու կասկածներս վերացնում։ ։) Հա՛, մեկ էլ նշեմ, որ նա  նշածս բլոգ ունեցողներից միակ մարդն է, ում իրականում հադիպել եմ։
  6. equivocus- Եգիպտոսի մասին արված գրառումները հաճույքով եմ կարդում։
  7. inani- Անիի բլոգը մի տարուց մի քիչ ավել ա, ինչ կարդում եմ։ Ուրեմն Անիին գիտեմ ֆեյսբուքից՝ մեր ընկերներից մեկի միջոցով։ Հենց ԿՄ-ի նկարը տեսա,  աչքերից միանգամից ճանաչեցի, որ ինքն  ա ու ուրախացա, որ բլոգ ունի, սկսեցի սիրով կարդալ։ Միշտ հետաքրքիր գրառումներ է գրում, բայց ուշ-ուշ։  ։(
  8. iparika- Էս բլոգն էլ եմ վաղուց կարդում ու ամենա-ամենաների մեջ ա մտնում։ Բայց կարծեմ մի քիչ ուշ հասկացա, որ Իպարիկան ակումբի Այվին ա, աչքերիս չէի հավատում ու անընդհատ ինքս ինձ հարց տալիս՝ ախր ո՞նց չէի գլխի ընկել։ ։) Բայց լավ չեմ հիշում, թե ոնց գլխի ընկա։ Կարծեմ ակումբում Այվիի տված հարցազրույցն էի կարդացել, տպավորվել էր։ Հետո Իպարիկայի որոշ գրառումներ էդ հարցազրույցի աղջկան էին հիշեցնում, էդպես ակումբում մի քիչ հետախուզություն անելով՝ պարզեցի, որ նույն մարդն է։ Ու էլի, մի խի՜նդ, մի ուրախությո՜ւն։ ։)) Հետո որ բլոգը փակել էր, տխրել էի։ Ժամանակ առ ժամանակ մտնում էի ստուգելու, թե նոր գրառումներ կա՞ն, էն էլ հույսս գնալով կտրվում էր, որ ոչ մի փոփոխություն չէի նկատում։ Փառք Աստծո, մի սիրուն օր էլ տեսա Իպարիկան վերադարձել ա, ուրախությանս չափ ու սահման չկար։
  9. jensteren- Էս բլոգը վերջերս  եմ սկսել կարդալ ( մի քանի ամիս կլինի), շատ անկեղծ են գրառումները, հավեսով եմ կարդում։
  10. Մի կտոր արև…- Կարծեմ 2010-ի ամռանն եմ գտել, կլանված կարդում էի, էնքան շուտ պրծան գրառումները, էլի էի ուզում, բայց պիտի սպասեի նոր գրառումների, որոնք ցավոք էնքան ուշ-ուշ են գրվում, որ ամեն նոր գրառման ժամանակ ափսոսալով եմ կարդում, որ շուտ չպրծնի։ ։)
  11. Մի օր- Էս բլոգն էլ եմ շուտվանից կարդում, շատ եմ սիրում «Իմ սիրելի մարդիկ» ու «Շաշ-մաշ» բաժինների գրառումները։ Ցավոք եկավ մի պահ եկավ, որ անհետացավ էս բլոգը։ Կարծեմ գրվեց, որ ջնջվել ա, էլ գոյություն չունի։ Ինչ արած, մի կերպ հաշտվեցի էն մտքի հետ, որ իմ սիրելի բլոգներից մեկն էլ կորավ, բայց վերջերս Բյուրակնի ամանորյա գրառումներից մեկում այն գտա նորից։ Աչքերիս չէի հավատում. բոլոր գրառումները տեղում էին կարծես, թե ո՞նց էր էն ժամանակ անհետացել, ի՞նչ էր տեղի ունեցել, մինչև հիմա առեղծված ա։ Համենայնդեպս, շատ ուրախ եմ, որ հիմա կա, ու հնարավորություն ունեմ վայելելու հաճելի գրառումները։ ։)
  12. urish-ի գրառումներն էլ, ահագին ժամանակ է՝ կարդում եմ։ Ինչ մեղքս թաքցնեմ, սկզբում թաքուն էի կարդում, որ հանկարծ հետքերս չերևային, որովհետև սկզբում նրա բլոգներից մի ուրիշն էի գտել, հիշում եմ՝ շատ ուշ էր, աչքերս փակվում էին, մի քանի գրառում կարդացի, ասի՝ լավ, մնացածն էլ հետո կկարդամ, ուրախ-ուրախ կոմպս փակեցի ու քնեցի։ Էն էլ հետո էդ գրառումներն էլ չգտա։ Մտնում էի բլոգ ու մտածում՝ կարո՞ղ ա էն օրվա կարդացածս լրիվ ուրիշ բլոգում էր, որ մոռացել եմ… բայց չէ, հենց ինքն էր, որ կար։ Հետո ահագին ժամանակ անց գտա Ուրիշին, ու էլի մի ձևով հասկացա, որ նույն մարդն ա, ու որոշեցի զգույշ հյուր գնալ, որ հանկարծ էս բլոգի գրառումներն էլ չանհետանան։ Էլ չգիտեմ ինչքանով ա ստացվել։ ։) ժամանակի ընթացքում նաև հասկացա, որ ինքն էլ կա ակումբում։ Մի խոսքով՝ էս բլոգն էլ եմ շատ սիրում։
Այլևս չթարմացվող, բայցևայնպես սիրելի բլոգներ.
Էլ շատ չգրեմ, միայն ասեմ, որ շատ եմ ափսոսում, որ էլ չեն թարմացվում, բայց դե փորձում եմ հույսս չկորցնել։

13. apsara_vard
14. artgeo2009- Էս բլոգն էլ էր ամենա-ամենաների մեջ մտնում։
15. enipra.wordpress.com
16. laz_arev_a
17. lil_ha
18. Լուսերես
19. Մի Ակլամբոստի Բլոգ
20. Memr's Blog- էս բլոգը կարդացածս միակ բլոգն ա, որ լատինատառ հայերենով էր գրվում, հետո անցավ անգլերենի։ Հայաստանից հեռավոր մի կղզի տեղափոխված աղջկա առօրյայի մասին է։ Էնպիսի տպավորություն էր, որ տնեցիների համար էր գրում, որ կարդային, տեսնեին, թե ինքը ոնց է ապրում։
Մի օր համալսարանում ճաշում էինք ընկերուհիներով, նրանցից մեկը սիրուն ֆոտոշարք ուներ, դրանից խոսք ընկավ, ինքն էլ ասեց՝ գնալուց առաջ մեր Թիթեռնիկն ա նկարել… Ծանոթ թվաց, միանգամից էս բլոգի Թիթեռնիկին հիշեցի ու հարցրի՝ կարող ա անունն Էմմա էր, բա թե՝ հա… Ու էլի էն միտքը՝ աշխարհն ինչ փոքր ա։ ։) Էն ընկերներս, որոնց հետ էստեղ եմ ծանոթացել,  իրականում ճանաչում ու շփվել են էն մարդկանց հետ, որոնց բլոգները ես, եսիմ ոնց, գտել եմ ու հավեսով կարդում եմ ու քիչ, թե շատ ինքս էլ ճանաչում։

2 comments:

Voltera said...

Հետաքրքիր ա, ես էլ եմ շատ սիրում բլոգներ կարդալ ու փորփրել դրանք: Ժամանակին ամբողջ հայ բլոգոսֆերան տակնուվրա էի արել, նենց բլոգ չկար, որը գոնե մի անգամ մտած չլինեի: Բայց դե դրանցից քչերն են, որ գիտեն նորմալ բլոգ վարել: Էս բլոգը ոնց էր աչքովս չէր ընկել :)) Բայց ոչինչ, բացը կլրացնեմ: Ժամանակ լինի փորփրեմ բլոգդ: Ինձ ուրախացրեց էն փաստը, որ բացի ինձնից էլի մարդիկ կան, ովքեր տարած են բլոգինգի հողերի վրա :D

Chaotic Insomniac said...

Պատկերացրու՝ նոր եմ տեսնում էս քոմենթը։ ։( Հիմնականում LJ-ում եմ գրում, վերջերս սկսել եմ նաև WP-ում տեղադրել գրառումներս, բայց էստեղ շատ ուշ-ուշ եմ մտնում՝ կարծելով, թե կարդացող չկա։