Saturday, February 9, 2013

Տատիս համար արված միակ ու անմոռանալի նվերը

Տասնմեկ տարեկան էի։ Մի օր որոշեցի տատիս համար թաշկինակ ասեղնագործել ու իր ծննդյան օրը նվիրել։ Ասեղնագործում էի ու մտածում՝ իբր տատի ինչին ա պետք սա, բա որ չհավանի, բա որ էս, բա որ էն, ու էնքան ականջի հետև գցեցի էդ ասեղնագործելս, որ տատիս ծննդյան օրվան մնաց մի շաբաթ։ Պիտի էդ մի շաբաթում մի կերպ վերջացնեի, որովհետև մաման ասեց. «Բա ո՞ւր ա, ասում էիր՝ ասեղնագործելու՜ եմ, նվիրելու՜ եմ, մենակ խոսում ես»։ Ես էլ ասի՝ էլի որ, ասեղնագործելու էլ եմ, նվիրելու էլ եմ, դե կտեսնես։
Թարսի պես էլ էնպես ստացվեց, որ էդ շաբաթ տատս եկավ մի քանի օրով մեր տանը մնալու։ Ցերեկները գալիս էր իմ ու քրոջս սենյակ՝ հանգստանալու, ես էլ էդ ժամանակ անընդհատ փշերի վրա էի, որ հանկարծ չտեսնի՝ ասեղնագործում եմ, թե չէ կուզենա տեսնել, թե կոնկրետ ինչ եմ ասեղնագործում, հետո էլ անակնկալ չի լինի։ Հենց գալիս էր սենյակ, թաքցնում էի օղակն ու թելերը, մի գիրք վերցնում ձեռքս, իբր կարդում էի։ Էս տատս էլ իմ ձեռքին որ ամռանը գիրք կամ տետր էր տեսնում, խղճահարությամբ էր լցվում մի տեսակ ու միշտ համոզում էր, որ քիչ կարդայի. արձակուրդը հանգստանալու համար էր։ ( Գյուղում մի աղջիկ իբր շատ սովորելուց գժվել էր, տատիս աչքը վախեցել էր ։Ճ Միշտ ասում էր՝ ուղեղին հանգիստ ա պետք։) Դե ես էլ հո չէի ասի՝ չեմ կարդում։ ։Ճ Սպասում էի տատիս աչքը կպներ, թաքուն հանում էի օղակս ու անընդհատ աչքս տատիս վրա պահելով՝ ասեղնագործում։
Հասցրեցի։
Ծննդյան օրը նվերը հանձնելու հազար ու մի ձև մտածեցի, բայց ոչ մի հարմար պահ չկարողացա գտնել դրա համար։ Վախենում էի, որ հանկարծ տատս կտաներ ու բոլոր հյուրերին ցույց կտար, ես էլ հեչ չէի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Էդպես էլ մնաց։ Արդեն սկսեցի անհարմար զգալ, մտահոգվել, բայց չգիտեի ինչ անել։ Վերջը եկավ էն պահը, որ պապան ասեց՝ արդեն գնանք, ուշ ա։ Խուճապի մեջ ընկա։ Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ… Տարա ասեղնագործածս դրեցի տատիս մահճակալին ու դուրս եկա։ Մեկ էլ մտքովս անցավ՝ բա որ տատը չիմանա ով ա դրել։ Արագ-արագ պահարանից մի տետր հանեցի, մի թերթ պոկեցի ու անճոռնի ձեռագրովս շնչակտուր սկսեցի, ինչ խելքիս փչեց, գրել։ Ուրիշ ժամանակ որ ուզենայի էդքան բան գրել, չէր գրվի, չէի իմանա՝ ինչ գրել, իսկ էդ պահին գրվում էր ու գրվում, մերոնք էլ կազմ ու պատրաստ կանգնել, միաբերան Նարին էին կանչում, որ դուրս գայի տնից։ Էդպես թուղթն ու գրիչը դրեցի թաշկինակի վրա ու հանգիստ շունչ քաշելով՝ դուրս եկա։ Ինձնից հետո ինչքան ուզում էր, ում  ուզում էր, թող ցույց տար, հեչ պետքս էլ չէր, միայն թե ես էնտեղ չլինեի։ ։Ճ Գլխիս գալիքը չգիտեի…
Տատս սովորություն չուներ սենյակի լույսը միացնելու։ Գիշերը քնելուց առաջ մահճակալի ծածկոցի վրա ինչ-որ բան էր տեսել, նոր լույսը միացրել ու հասկացել էր՝ ինչն ինչոց է։ ։)
Չէի սպասում, բայց իրոք էն ինչքա՜ն էր ուրախացել, կարծես թե աշխարհն էի նվիրել իրեն։ Դրանից հետո ով գար-չգար իր տուն, անպայման պատմում էր, թե ոնց եմ անակնկալ մատուցել իրեն։ Հետո գնում բերում էր ասեղնագործածս, մի տեսակ խնամքով/զգուշորեն բռնելով՝ ցույց տալիս ու էլի տանում պահում։ Ես էլ կարմրում-կապտում էի, մեջս ջղայնանում, թե ինչի է ցույց տալիս, բայց մի կողմից էլ ինձ լավ էի զգում, որ տատն իրեն էդքան լավ էր զգում բոլորի մոտ ու ուրախանում։ Արդեն ես էլ էի համոզվել, որ նվերը հանձնելու ամենալավ տարբերակն էդ էր, թեև կանխամտածված չէի արել, այլ պահի ազդեցության տակ։

Մինչև հիմա աչքի լույսի պես պահում է էդ թաշկինակը ու երբեմն սկայպով խոսելիս հիշեցնում՝ Նարինե ջան, հիշո՞ւմ ես, որ թաշկինակ էիր ասեղնագործել ու դրել բարձիս վրա… Ես էլ էլի կարմրում եմ։ ։))

No comments: