Sunday, March 8, 2009

Հերթական ձանձրալի շաբաթ օրը

Երեկվա ուշ քնելս այսօր ցերեկվա ժամը երեքին արթնանալու պատճառն էր: Արթնացա ու զարմացա, որ զարթուցիչիս ձայնը չէի լսել, էն էլ պարզվեց, որ մաման հեռախոսս վերցրած է եղել: Ջղայնացա: Իբր Արմենուհու հետ պիտի գնայինք հանրային գրադարան դաս անելու: Զանգել էր, մաման էլ ասել էր, որ քնած եմ, փոխանակ Վալի միջոցով արթնացնել տար: Չնայած ինձ ոչ ոք արթնացնել չի կարողանում . միայն զարթուցիչիս ձայնից եմ արթնանում: Երբեմն էլ մի հինգ րոպե շուտ եմ զարթնում ու անջատում այն, որ չզնգա: Ահավոր ձայն ունի:

Ինչևիցե... չգիտեմ ինչու պապան սրտանց խորոված էր ուզում պատվիրել: Ուր զանգեցինք, ասացին պատվերը երեկոյան ժամը յոթից հետո պատրաստ կլինի: Էդքան ո՞վ էր սպասողը: Մաման սկսեց խինկալի սարքել: Հետո հիշեցի, որ մարտի ութի կապակցությամբ էին ուզում մի թեթև հավաքվենք: Իսկ երբ սեղան էինք նստել ու պապան կենացով շնորհավորեց մեր մարտի ութը, Հովոն լուռ էր: Հետո էլ մեծավարի քթի տակ ասաց.
- Էսօր մարտի յո՛թն ա:

Այնուհետև ռուսները եվրոտեսիլի իրենց մասնակցին էին ընտրում. անկախ ինձանից նստեցի ու էդ համերգը մինչև վերջ նայեցի: Հենց սկզբից էլ գիտեի, որ Պրիխոդկոյին էին ընտրելու, ուստի էդ ամեն ինչը ձևական էր:

Պապան զարմացել էր, որ նստել համերգ էի նայում, իսկ Վալն այդ ընթացքում ֆիզիկա էր պարապում: Հա հարցնում էր, թե ինչու դաս չեմ անում: Ասացի՝ հավես չունեմ, բայց իրականում դասի անուն չէի ուզում լսել: Քիմիայի դեղին թուղթն էր աչքիս առաջ գալիս ու ուզում էի ցրվել... մոռանալ դրա մասին: Չնայած ուզած-չուզած վաղը պիտի հասցնեմ մեծ մասը պարապել, թե չէ երկուշաբթի հնարավոր չի լինի տաս շաբաթվա նյութը վերհիշել ու վերջին չորս շաբաթվա խնդիրները լուծել:

Իբր Վալի հետ պիտի գնայի UCLA. Քրիստինան ասաց, որ այնտեղ է լինելու և պատրաստ է պատասխանել մեր հարցերին, բայց առանց պարապելու ո՞ւր վեր կենամ գնամ: Համ էլ Վալն էլ պիտի պարապի, չեմ ուզում խանգարել...

Ահավոր ծուլացել եմ, չգիտեմ այսպես ուր եմ հասնելու: Իզուր ժամերս վատնում եմ, հետո փոշմանում, որ շուտ չէի սկսում...

Այսօրվա միակ լավ բանը, որ արել եմ, Հովոյին հայերեն տառերը սովորացնելն էր: Վերջապես նրան համոզեցի՝ հազար ու մի խոստումներ տալով, որ նստի այս արձակուրդին հայերեն կարդալ ու գրել սովորի: Էսօր վեց տառ սովորեց, հետո էլ վազեց կոմպյուտեր խաղալու: Ինքս ինձ խոսք եմ տվել ու իրեն էլ ասել, որ եթե մինչև վերջ չսովորեց՝ կոմպյուտեր միայն երազում կխաղա: Տեսնենք այս ամենն ինչպես կվերջանա:

Եվ վերջապես, զանգեցի Հայաստան՝ մերոնց մարտի ութը շնորհավորելու: Տատիկին զանգել չկարողացա. գիծը ծանրաբեռված էր: Ափսո՜ս, վաղուց չեմ խոսացել հետը: Նա անհամբեր իմ նամակին է սպասում, իսկ ես ընդամենը երկու էջ եմ գրել ու չգիտեմ էլ ինչ գրեմ իմ ձանձրալի օրերից...

No comments: