Երեկ լաբորատորը շուտ վերջացրեցինք, ժամը տասնմեկին արդեն տանն էի: Մինչև դես-դեն, ժամը մեկը դարձավ, զգացի, որ հոգնած եմ ու որ նստեմ դաս անելու, գլուխս բան չի մտնելու. ուստի որոշեցի մի երկու ժամ քնել, հետո արթնանալ ու թարմ ուժերով սկսել: Բայց դե քնել էր, որ քնեցի: Ժամը երեկոյան վեցն անց էր, երբ արթնացա: Մինչ այդ էլ Արմենուհին էր զանգել, Հովոն հեռախոսը դրեց ականջիս... ինչ-որ կայքի հասցե էր հարցնում կապված մեր պրոֆեսորների ռեյտինգի հետ, զգաց որ քնաթաթախ եմ, կատակով բարկացավ վրաս, թե.
-Աղջիկ ջան, վեր կաց դաս արա, քո դասերն ո՞վ ա անելու: I'm gonna call you in 5 minutes to check if you are awake, so you better get up right now!
Ասացի՝ հա, դե մի հինգ րոպե էլ աչքերս փակեմ ու կարթնանամ, բայց էդ հինգ րոպեն էլ երկու ժամ դարձավ: Դրա համար էլ հետո դաս անելու հավես չունեի ու փոխարենը մամային մի թեթև օգնեցի:
Այսօր առավոտյան Արմենուհու հետ ավտոբուսով դասի գնացինք: Գնում-գնում էինք, բայց տեղ չէինք հասնում: Համալսարանի ճանապարհը հավիտենական է թվում, մանավանդ վերադառնալուց:
-Ո՜ւֆ, երբ ենք հասնելու, we've run out of topics already,- նկատեց Արմենուհին, իսկ ես ժպտացի: Մեր երկուսից համբերատարը ես եմ, բայց էսօր բացառություն էր, որովհետև իմ դասն ուշ էր սկսվելու, իսկ սպասել չեմ սիրում:
Երբ հասանք, ես քայլերս ուղղեցի դեպի վերևի գրադարան, մենակ լիֆտ նստեցի (ինչը սովորաբար չեմ անում, լիֆտոֆոբիա ունեմ, երբ մենակ եմ), բարձրացա հինգերորդ հարկ ու կանգ առա հայերեն գրքերի պահարանների մոտ: Մտածում էի՝ երբ եմ ազատ լինելու, որ հանգիստ սրտով գնամ նստեմ ու ինչ-որ բան կարդամ: Նստեցի հատակին ու սկսեցի ներքևի դարակների գրքերը վերցնել ու հերթով թերթել: Րաֆֆու հատորներին էի հասել, երբ Ադրինեն զանգեց:
Անցյալ դասին հայ գրակի դասախոսը հանձնարարել էր ծանոթանալ Նար-Դոսի գործերի հետ: Ադրինեն ու Սյուզին էլ որոշել էին, որ ամենքս մի բան կարդանք, մի ժամ շուտ գնանք ու իրար պատմենք մեր կարդացածը համառոտ, որ ընդհանուր առմամբ ծանոթ լինենք նյութին ու քննարկումներին մասնակցենք, թե չէ առանձին շատ բան կարդալ չենք հասցնի: Դասերի վերջին շաբաթն է, ահավոր ծանրաբեռնված ենք բոլորս: Ադրինեն այդ մասին էր ասում: Համաձայնվեցի: Ավելի լավ, գոնե քիմիային ավելի շատ ժամանակ կտրամադրեմ:
Հեռախոսն անջատելուց հետո, Նար-Դոսի գրքերը վերցրեցի ու շտապեցի ներքև: Դասիս քսան րոպե էր մնացել:
Մենակ քիմիայի լաբ ունեի, երբ հասա լաբորատորիա, տեսա նախորդ դասից մարդ չկա:
-Ի՜նչ լավ ա,- մտածեցի,- ուրեմն կարճ ժամանակում կվերջացնենք:
Մտա ներս, խալաթս հագա, ակնոցներս դրեցի ու Քրիստինան մտավ ներս: Մեր «ԹիԷյն» է: Բուլղարացի է, շատ բարի ու մարդամոտ մի աղջիկ:
Ինչպես մտածել էի, այդպես էլ եղավ: Խմբակային աշխատանք էր, դրա համար շուտ վերջացրեցինք: Ես, Թագուհին ու Ջենիսն էինք մեր խմբում, արագ-արագ արեցինք ու մի ժամ շուտ վազեցի կանգառ: Սա անօրգանական քիմիայի մեր վերջին փորձն էր: Մի կողմից ուրախ եմ, մյուս կողմից տխուր: Օրգանական չեմ սիրում, ավելի ճիշտ գաղափար չունեմ: Հայաստանում չհասցրեցի անցնել, եկանք ստեղ: Ստեղի դպրոցներում էլ անօրգանականն են հազիվ յուրացնում աշակերտները, ուր մնաց թե օրգանական դասավանդեն... բայց դե մեկ էլ տեսար էդ առարկան ավելի շատ սիրեմ: Ամեն ինչ հնարավոր է:
Ամբողջ ճանապարհին համարյա կանգնած եմ եղել ավտոբուսի մեջ: Հասա տուն ու նոթբուքիս հետ տեղավորվեցի իմ սիրելի բազկաթոռին: Բժիշկ Ռափի հարցազրույցն էի դիտում ու երգերը լսում: Հետաքրքիր մարդ է, բայց ես իրեն ուրիշ ձև էի պատկերացնում:
Տարօրինակ է, բայց մրսում էի: Վալը տաք սուրճ պատրաստեց, խմում էինք՝ մաման եկավ... քշելու դասի էր...
Երեկոյան էլ ռուսական մելոդրամա էինք նայում մամայի հետ: Իմ սիրելի դերասաններից մեկն էր խաղում կինոյում: Գուցե տարօրինակ թվա, բայց նրա անունը չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, որովհետև գիտեմ, որ հենց ինետում փորձեմ որևէ բան իմանալ նրա մասին, ապա անմիջապես հիասթափվելու եմ: Հոգնել եմ հիասթափվելուց:
Լավ, երևի գնամ քնելու: Որոշել էի ժամը իննին քնել ու արդեն պատրաստվում էի, էն էլ մաման խնդրեց, որ կինոն միացնեմ: Այդպես էլ նստեցի ու մնացի...
No comments:
Post a Comment