Sunday, December 12, 2010

Հարցաշար

Ովքե՞ր են եղել դպրոցում առաջին ուսուցիչներդ, ո՞րն է նրանց հետ կապված ամենավառ հիշողությունը:
Առաջին դասարանիս ուսուցչուհին՝ ընկեր Թամարը տարիքով կին էր, գազարագույն մազերով։ Շատ փնթփնթան էր. ով ինչ աներ, միշտ ջղայնանում էր։ Մի օր ինձ կարդալուց նկատողություն արեց, թե սահուն եմ կարդում ու ստիպեց տառ առ տառ կարդալ, հետո նոր բառն ամբողջովին արտասանել, ու ամբողջ տեքստն էդպես կարդալ տվեց։ Երևի իրեն թվում էր՝ անգիր էի արել, դրա համար էի արագ կարդում։ Գնացի տուն ու տատիկիս ասացի՝ դասս չեմ սովորելու, մեկ ա ընկեր Թամարն ասում ա, որ տառ առ տառ կարդանք, հետո նոր բառն ասենք, ես էլ տառերը գիտեմ, դասարանում էդպես կարող եմ կարդալ։ Տատս որ իմացավ, ջղայնացավ, թե՝ էդպես կարդալ չեն սովորում։ Հետո ուրիշ սխալներ էր նկատել տետրերիս մեջ, գնացել ընկեր Թամարի հետ խոսացել էր, որից հետո ամեն շաբաթ ուսուցչուհիս գալիս էր մեր տուն՝ տատիկիցս խորհուրդներ առնելու։ Ինձ էլ սենյակ չէին թողնում, որ չիմանայի կոնկրետ ինչ էր տատս սովորեցնում։ ։(
Մեր տանն էնքան բարի էր թվում ընկեր Թամարը, իսկ դպրոցում իսկական կախարդ էր։ Բոլորս վախենում էինք։ Մի անգամ իմ կամակորության պատճառով դասից ուշացա, շան լափ լցրեց գլխիս։ Փոշմանեցի, որ ընդհանրապես դպրոց գնացի էդ օրը։ Իսկ թե ինչու էի ուշացել, որ հիշում եմ, ծիծաղս գալիս ա։ Էդ օրն առավոտյան շատ ցուրտ էր, մամաս ռետուզ հագցրեց, ես էլ չէի ուզում, ատում էի ռետուզ հագնել։ Սկսեցի նվնվալ, թե՝ հանում եմ։ Մաման էլ թե՝ դե դու տես ինչ կլինի, որ հանես, Նարինե աղջիկ։ Ես էլ սկսեցի ներվայնությունից լաց լինել, բակից դուրս եկա ու որոշեցի, որ մամայի ինադու դասի չեմ գնալու։ Տենց մի ժամ կանգնեցի, հոգնեցի, տեսա ոչ ոք էլ չի նկատում իմ դասի չգնալը, իսկ քանի որ մամայից նեղացել էի, տուն մտնել չէի ուզում, սկսեցի դանդաղ քայլելով գնալ դասի։ Ճանապարհին ով տեսնում էր, զգուշացնում էր, որ ուշացել եմ դասից, ասում էի՝ գիտեմ, ու էլի առանց շտապելու շարունակում էի ճանապարհս։ Մի խոսքով՝ ընկեր Թամարը լավ արեց, որ տենց ջղայնացավ վրաս։ ։)
Առաջին դասարանում կողքիս նստողը դասարանի ամենածույլ ու չարաճճի տղան էր։ Իրենք մեր թաղում էին ապրում, իրար լավ ճանաչում էինք։ Մայրը խնդրել էր, որ իմ կողքը նստացնեն Սասունին, որ իբր մի քիչ խելոքանար ( երևի կարծում էր՝ խելոքությունը վարակովի ա)։ Ինձ էլ ասել էին, որ ինչ աներ, ուշադրություն չդարձնեի։ Էդպես էլ անում էի։ Մի օր էլ դասի ժամին չգիտեմ ինչ արեց, ոնց արեց, գրիչի թանաքը սկսեց կաթեցնել նստարանին, ասացի՝ մաքրի, քանի ընկեր Թամարը չի տեսել։ Տետրի մեջից թուղթ հանեց, որ իբր մաքրի, էն էլ սաղ նստարանը լղոզեց, ինքն էլ զարմացավ իր արածի վրա։ Ընկեր Թամարն էլ նկատեց, որ անհանգիստ ենք, խոսում ենք, նկատողություն անելով մոտեցավ ու տեսավ ինչ էր կատարվում մեր նստարանի հետ։ Ձայնը աշխարհ գցեց ու սկսեց Սասունին ծեծել։ «Դու հասկանո՞ւմ ես, որ էս աղջկա շորերը կեղտոտում ես»,- ամեն ապտակի հետ կրկնում էր ու տուր թե կտաս։ Ախր իմ շորերը չէին թաղաքոտվել, ինչու էր տենց ասում, չհասկացա։ Հետո էլ Սասունին ուղարկեց անկյուն կանգնելու, նա էլ տխուր-տխուր մի հատ հայացք գցեց վրաս ու գնաց։ ։(
Մի ուրիշ օր էլ մաթեմի դասին սկսեցի արտասվել։ Հանկարծ ընկեր Թամարը նկատեց արցունքներս ու դասն ընդհատեց։ Մի ժամ հարցաքննում էր, թե ինչ է պատահել, ես էլ չէի ուզում ասել։ Ասում էի՝ ոչ մի բան, ասում էր՝ ոչ մի բանի համար չեն լացում։ Հետո էլ եզրակացրեց, թե Սասունն ինձ վիրավորել է, սկսեց Սասունի վրա գոռգոռալ։ Ասացի, որ Սասունը չի պատճառը։ Չլսեց։ Ձեռքերը երևի քոր էին գալիս։ Գնաց նստարանի մյուս կողմն ու սկսեց Սասունին ծեծել։ Հիշում եմ՝ ոնց էր խեղճ երեխեն ձեռքերով գլուխը պաշտպանում ընկեր Թամարի աջ ու ձախ իջնող հարվածներից, իսկ ես էլ ոչինչ ասել չէի կարողանում։ Էդ օրն աչքիցս ընկավ ընկեր Թամարը, չնայած ես էի մեղավոր. որ չհուզվեի, Սասունը ծեծ չէր ուտի ։(
Վերջը, շատ գրեցի, էդ էլ իմ առաջին ուսուցչուհին։ Հետո Ռուսաստան գնաց ինքը, չգիտեմ էլ ինչ եղավ։

Ինչպիսի՞ն էր առաջին օրդ համալսարանում (ինստիտուտում, քոլեջում):
Սովորական օր էր։ Սկզբում մի քիչ անհանգիստ էի։ Կյանքում առաջին անգամ մեն-մենակ ավտոբուս պիտի նստեի։ Քույրս ճանապարհելու համար մինչև կանգառ եկավ հետս. խնդրում էի, որ համալսարան գա, էն էլ դաս ուներ, ստիպված մենակ գնացի։ Անընդհատ կողքերս էի նայում, որ հանկարծ համալսարանը բաց չթողնեմ ու ճիշտ կանգառում իջնեմ։ Հետո էլ համալսարանի քարտեզը ձեռքիս մի կերպ գտա լսարանս ու մի երկու ժամ սպասեցի, մինչև դասը սկսվեր։ ։Ճ Վախենում էի, թե հանկարծ չէի գտնի կամ կկորեի, դրա համար շուտ էի դուրս եկել տանից։ Էդ օրը մի դաս ունեի՝ անգլերեն։ Շարադրություն գրել տվեց Մեյսիկն ու գնացինք տուն։ ։))

Ե՞րբ ես առաջին անգամ ինտերնետում հայտնվել:
2003-ին։ Քվանտում անգլերենի դասատուն տեքստեր էր ուզում ինտերնետից, էդ ժամանակ ինտերնետի համը տեսա։ ։)

Ո՞րն է եղել քո առաջին ինքնուրույն որոշումը:
Չեմ հիշում։

Ո՞րն է եղել քո առաջին մեծ հայտնաբերությունը:
Ավելի լավ է չգրեմ։ ։)

Ո՞րն է եղել քո առաջին մեծ հիասթափությունը:
Երբ էստեղ դպրոց սկսեցի գնալ... Հայաստանի իններորդ դասարանի մաթեմատիկան ու մյուս առարկաները թողած՝ եկա ստեղ իքսով հասարակ հավասարումներ լուծելու ու նկարչություն անելու։ Սիրտս տրաքում էր, ամեն օր նվնվում էի, թե՝ էս ո՞ւր ինձ բերեցիք, է՞ս էր ձեր Ամերիկան։
Բացի այդ, քույրս, որ ինձնից տարի ու կես փոքր է, տասերորդ դասարան էր գնում, ինչ է թե մի քանի ամիս շուտ էր եկել, իսկ ինձ իններորդ նստացրին (բախտը բերեց էդ կողմից. իրեն էլ էին 9 նստացրել, մինչև ես եկա, ինքը փոխադրվեց 10, ինձ ոչ մի կերպ բարձր դասարան չթողեցին)։ Էդ փաստն ինձ հանգիստ չէր տալիս։ Էն ոնց էի նեղվում... Ամեն ինչից հիասթափվել էի, տեղս չէի գտնում մինչև որ հազիվ մի դասարան թռա, հետո միասին ավարտեցինք։ ։) Գոնե էլի ոչինչ։ ։)

Քո հասցեին արված կոմպլիմենտներից ո՞րն է առաջինը մտքիդ գալիս, ո՞վ էր հեղինակը:
Կենսաբի դասատուիս ասածը հիշեցի...

Քո դրական հատկանիշներից ո՞րը կդնեիր առաջին տեղում:
Ո՞ւր ա ինձ դրական հատկանիշ։ Համեստություն չեմ անում։

Իսկ բացասականների՞ց:
Ծուլությունը

No comments: