Sunday, March 8, 2009

Մարտի ութը

Երեկ մի դեմքի LJ էի կարդում ու չնկատեցի, թե ժամանակն ինչպես անցավ: Ժամը առավոտյան 7: 30 էր, նոր պառկեցի քնելու: Արթնացա 12-ին. պապան ծաղիկներ էր նվիրել մերոնց, իմ երիցուկներն էլ դրել էին առանձին ծաղկամանի մեջ: Թաքուն ուրախացա. երևի մաման էր ասել, որ երիցուկ եմ սիրում, թե չէ պապան որտեղից էր իմանալու, կամ էլ տեսել էր երևի, թե մի քանի օր առաջվա ստացածս միակ երիցուկն ինչ հավեսով եմ խնամում, ամեն օր ջուրը փոխում ու դաս անելուց էլ գրքերիս հետ սենյակից սենյակ տեղափոխում (երբեմն էդպիսի ցնդած բաներ էլ եմ անում):

Հարևանների հետ մարտի ութը նշելուց, մի տաս անգամ մեր կենացը խմելուց հետո, ամեքը ցրվեցին իրենց տները, ես էլ սկսեցի քիմիա պարապել՝ կես ժամը մեկ սուրճի բաժակ դատարկելով: Հետաքրքիրն այն էր, որ խմելուց հետո տատս ասում էր բեր բաժակդ նայեմ ու նոր էի տեսնում, որ մոռացել եմ շրջել: Ասում էի՝ լավ, նորից կխմեմ, բայց մինչև վերջ էլ չհաջողվեց շրջել. երևի շատ էի տարվել քիմիայով, ինչը սկզբում ինձ շատ նյարդայնացրեց, ոչ մի խնդրի պատասխան ճիշտ չէի ստանում, բայց հետո ինքնըստինքյան սկսեցի հեշտությամբ լուծել: Բոլոր խնդիրները արեցի, մնաց տեսականը կրկնեմ: Դա էլ այնքան շատ է, որ չհասցնեմ, երևի առավոտյան թեսթից մի քանի ժամ շուտ կարթնանամ ու կաշխատեմ ավարտել:

Հա, երեկ Նար-Դոսի մի քանի գործ էլ կարդացի գիշերը, «Սպանված աղավնին» էլ կիսատ-պռատ կարդացի, վերհիշեցի: Ուզում էի Ադրինեին գրեի, հենց էդ միջոցին Սյուզին զանգեց թե.

-Ադրինեն հիվանդ է, չի գալու դասի, ընենց որ երկուսով պիտի հանդիպենք ու տեսնենք ինչ ենք անում: Կարծում եմ 40 րոպեն բավական կլինի քննակելու համար. ես քեզ Ադրինեի կարդացած մասը կպատմեմ:

Ասացի լավ, բայց հիմա ուզում եմ նստել մի քանի բան էլ կարդալ, որ ավելի ծանոթ լինեմ. չնայած քունս ահավոր տանում է...

Վաղն էլ Սոնա չգիտեմինչյանը Վենեցիայի մասին ներկայացում է տալու. սրտանց ուզում էի գնալ: Մեր դասարանից բոլորը կգնան երևի, բայց ես կգամ տուն ու կշարունակեմ իմ քիմիայի հետ տապակվել: Ա-ն կասեր՝ գրքերիդ հետ արի, հա՛մ էն կանես, հա՛մ էլ էն:

No comments: