Saturday, February 2, 2013

Թիֆլիսյան հուշեր

Քոլեջում ուսանող ամուսիններ կային, որ չգիտեմ որտեղից վերցրել էին, թե ես Վրաստանից եմ։ Ամեն ամիս հարցնում էին՝ դու Վրաստանից ես, չէ՞, ու ամեն անգամ էլ հիասթափվում, երբ ասում էի՝ չէ։
-Բայց էղե՞լ ես, չէ՞, Թիֆլիսում։
-Հա, շատ եմ եղել,- ասում էի,- հորաքույրս էնտեղ էր ապրում, հաճախ էինք գնում։
Էս մարդիկ ուրախանում էին ու առանց իրար հերթ տալու սկսում Թիվլիսի թաղամասերից ու փողոցներից խոսել՝ անընդհատ հարցնելով՝ բա ստեղ էղե՞լ ես, բա  էնտեղ էղե՞լ ես։
Անկեղծ ասած՝ ոչինչ չէի հիշում իրենց ասածներից, բայց հաճույքով լսում էի։
Թեև իրոք շատ եմ գնացել Թիֆլիս ու հորաքույրս տարել ման ա տվել, բայց էն ժամանակ էրեխա էի ու ոչ էլ ուշադրություն էի դարձնում, թե ուր էինք գնում ու ինչ նշանակություն ունեին էդ տեղերը, էնքան որ գնայինք։ ։))

Հորքուրն ուր գնում էր, ինձ էլ էր տանում ու որպեսզի քույրս ու զարմիկներս էլ պոչ չլինեին, հորքուրն ինձ առանձին զգուշացնում էր, որ խաղի ընթացքում աննկատ դուրս գամ ու գնանք։ Ոչ միշտ էր հաջողվում էդպես անել, ոնց որ էս էրեխեքն առանց ինձ կյանք չունենային։ Մի վայրկյան ոտքս քաշում էի, անմիջապես ասում էին՝ ո՞ւր ես գնում ու հետևիցս գալիս։ Ես էլ նոր ձև էի գտել, սկսում էի նվնվալ, թե՝ ատամս ցավում ա, չեմ դիմանում, ու էդպես իբր հորքուրն ինձ տանում էր ատամնաբույժի մոտ։ Միայն էս դեպքում էր, որ էրեխեքից ոչ մեկը մեզ հետ գալու ցանկություն չէր հայտնում։ ։) Տնից դուրս էինք գալիս, ու աշխարհն իմն էր։

Հորքուրենք Հավլաբարում էին ապրում։ Բոլոր հարևանները հայ էին, բացի մեկից, էդ էլ հետո իմացա, որ հայ չէր։ Հետաքրքիրն էն էր, որ Թիֆլիս գնալուց հեչ մտքովս չէր անցնում, որ այն օտար երկրում է գտնվում, թեև Վրաստան-Վրաստան էին ասում, ինձ համար էլի Հայաստան էր, ու բոլորը հայերեն էին խոսում։ ։D Մի օր փողոց էինք դուրս եկել՝ զարմիկներիս պապիկի հսկողության տակ, անընդհատ զգուշացնում էր, որ հեռու չգնայինք, ես էլ մի պահ տեսա՝ ինքը զրույցի էր բռնվել ու շեղվել, սկսեցի հեռանալ, որ տեսնեի՝ փողոցի ներքևներում ինչ կար-չկար։ Շատ չէի գնացել, մեկ էլ տներից մեկից մի տատիկ դուրս եկավ, ես էլ սկսեցի խոսեցնել էդ կնոջը։ Չեմ հիշում ինչ էի ուզում էդպես սրտանց իմանալ, բայց հարցեր էի տալիս, էս կինն էլ չէր պատասխանում, ես էլ չէի հանձնվում, շարունակում էի հարցախեղդ անել, նա էլ դուռը կողպելով՝ նայում էր դեմքիս ու միայն ժպտում (երևի մի չորս-հինգ տարեկան կլինեի էդ ժամանակ)։ Մեկ էլ տեսնեմ մեծ զարմիկս վազելով եկավ՝ շնչակտուր, ձեռքիցս բռնեց ու տարավ, թե՝ էդ կնգա հետ էլ չխոսես, ինքը շատ չար կնիկ ա, համ էլ հայերեն չի հասկանում։ Ու էդ ժամանակ նոր հասկացա, որ Վրաստանում վրացիներ էլ կան։ ։D

Թիֆլիսում մեծերը չէին թողնում մի վայրկյան դուրս գայինք։ Էնպիսի տպավորություն էր, որ բանտարկված էինք։ Չնայած հետո զարմիկներս էնպիսի զարհուրելի պատմություններ պատմեցին երեխաներ գողանալու, հարթուկով վառելու ու եսիմ ինչեր անելու մասին, որ էլ դուրս գալու ցանկություն չէր մնացել։ Միակ զբաղմունքը հարևան Ռիմիկին ու Սերոժիկին կանչելն ու  բակում բռնոցի կամ թաքնվոցի խաղալն էր (չնայած թաքնվելու տեղ էլ չկար), որից հետո գնում էինք տուն ու ինչ կար չկար տակնուվրա անում, լրիվ խաղալիքները թափթփում, մինչև որ պապան նոր մուլտֆիլմի կասետ առած գալիս էր, չորս-չորս շարվում էինք դիվանին ու խելոք-խելոք նայում։ Պիտի ասեմ, որ հեչ մուլտֆիլմի սիրահար չեմ եղել, ավելի շատ կինո նայել էի սիրում ու չնայած ոչ մի բան չէի հասկանում, էրեխեքին համոզում էի, որ կինո նայեինք։ ։D Միայն մեծ զարմիկս էր ռուսերեն հասկանում, արդեն դպրոց էր գնում, ու միշտ թարգմանում էր մեզ համար։ Արդեն էնքան էր թարգմանել, որ սովորություն էր դարձել. ինչ լսում էր հեռուստացույցով, թարգմանում էր։ Իսկ երբ մեծերն էլ էին կինո նայելիս լինում, նրանց խիստ զայրացնում էր Նորոյի ձայնն ու խեղճին հա դիտողություն էին անում, որ լռեր, ինքն էլ վիրավորվում էր։ ։)

Հորքուրս մի սենյակ ուներ, որտեղ ահագին տիկնիկներ կային։ Ինքը կարուձևից լավ էր, հատուկ ձևավոր շորեր էր կարում նոր գնված մեծ տիկնիկների համար ու հատուկ դրանց համար պատրաստված պահարաններին կանգնեցնում։ Էդ սենյակի դուռը միշտ փակ էր մեզ համար, որովհետև գիտեին, որ մտնեինք, քանդուքարափ կանեինք։ Մեր անունը դրել էին «քանդող բրիգադ»։ Հիշում եմ՝ մի պահ նույնիսկ նստել մտածում էինք, թե ոնց կարող էինք էդ դուռը թաքուն բացել։ Էն էլ ինչ արեցինք, չստացվեց, հույսներս կտրեցինք։

Մեծ զարմիկս որ դպրոց էր գնում, մենք տանը ձանձրանում էինք։ Առանց իրա շատ անհետաքրքիր էր։ Հորքուրիս գլուխն էնքան էի տանում, որ ես էլ եմ ուզում դպրոց գնալ նրա հետ, որ մի օր ասեց՝ մամայիդ ասա՝ հագցնի, քեզ էլ եմ տանում։ Ուսուցչուհին թույլ էր տվել, ու էդպես  էդ օրը զարմիկիս կողքը զգաստ նստած՝ իր դպրոցում անցկացրի որպես Հայաստանից եկած փոքրիկ հյուր։ Հայկական դպրոց էր գնում ինքը, ընկեր Մանյան էլ էնքան լավ դասատու էր, հավեսս եկել էր։ Էդ օրվանից անհամբեր սպասում էի, թե ես երբ պիտի դպրոց գնայի։

Թերևս Թբիլիսիից մնացած ամենատպավորված օրը իմ ու քրոջս կնունքի օրն է։ Կնքվեցինք հենց Հավլաբարում գտնվող հայկական եկեղեցում։ Հիշում եմ՝ տերտերը մոտեցավ ու անունս հարցրեց, ասացի, հետո շրջվեց դեպի քույրս ու իր անունը հարցրեց։ Քանի որ տանը քրոջս Վալյուշ են ասում, ինքն էլ իր մանկական լեզվով ասեց՝ Վալուշ։ Տերտերը երկրորդ անգամ  էլ հարցրեց՝ համոզվելու համար, մեկ էլ որ ասեց՝ շատ լավ, արի, Վալոդ ջան, ես ուշքից գնացի… Մեծերն էլ բացատրեցին, որ Վալոդ չէր անունը։

Մեզ կնքելու որոշումը շատ հանկարծակի առաջացավ, նախօրոք չէին որոշել մերոնք։ Ճիշտն ասած, չեմ հիշում, թե ինչ առիթով էինք գնացել Թբիլիսի, բայց ես ու քույրս, ինչպես միշտ, շատ էինք ուրախացել։ Գնալուց առաջ, երբ արդեն մեքենայի մեջ նստել ու սպասում էինք, որ մերոնք գային, քույրս մեքենայից իջավ, գետնից մի մեծ դեղին թթի տերև վերցրեց ու եկավ նստեց մեքենան։ Երբ հարցրի, թե ինչի է վերցրել, ասաց, որ ականջները պիտի մաքրի։ Հիշում եմ, որ ասի՝ գի՞ժ ես, տերևով ականջ չեն մաքրում, բայց ինքը չլսեց, տերևը սիրուն փաթաթեց ցախի վրա ու խցկեց ականջը, որն էդպես էլ մնաց ականջի մեջ։ Հետո արդեն Թիֆլիսում տարան հիվանդանոց՝ հանել տալու։ Իսկ կնունքի օրը, երբ արդեն տուն էինք եկել, կերել-խմել ու
անցել էինք խաղալու, խաղալիքների կույտի դիմաց նստած էի, մեկ էլ քույրս եկավ, թե.
-Քույիկ, քիթս բուդկա ա մտել, կհանե՞ս։
-Ի՞նչ ա մտել։
-Բուդկա ա մտել։
-Քթիդ մե՞ջ։
-Հա, սենց այեցի, մտավ մեջը։
-Բուդկեն ոնց կմտնի քթիդ մեջ, գնա մամայի մոտ, հա՞։
Մտածեցի՝ էս քույրս հաստատ գժվել ա։ Դու մի ասա հիմա էլ սպունգ էր խոթել քթի մեջ, «գուպկա»-յի փոխարեն «բուդկա» էր ասում, ես էլ չէի հասկանում՝ ինչ նկատի ուներ։ Լավ է, մաման ու հորքուրը հասկացան ու մի կերպ կարողացան «բուդկան» քթի մեջից հանել, նորից հիվանդանոցի կարիք չեղավ…

Մի խոսքով՝ միշտ հավեսով եմ հիշում Թիֆլիսում անցկացրած օրերը, չնայած զարմիկներս գյուղն ավելի շատ էին սիրում, որովհետև ազատություն էին ստանում, որ գալիս էին։

No comments: