Wednesday, April 8, 2009

Գարնանային քառորդը սկսվել է...

Ընդամենը մի շաբաթ է, ինչ դասերը սկսվել են, բայց մարդ քուն ու դադար չունի: Ահագին քիմիա ունեմ գրելու, օր-օրի ավելանում են խնդիրները, իսկ ես էշի ականջում հավանականությունների տեսություն եմ պարապում իմ արևին...

Երեկ Վալի դասընկերները պիտի գային մեր տուն չգիտեմ ինչ սարքելու, զգացի, որ տուն գամ, մի օր էլ է իզուր անցնելու, ուստի բոլոր գրքերս ու լափթոփս վերցրեցի հետս առավոտյան ու ծանր-ծանր գնացի դասի: Վալը տարավ. էս երկրորդ անգամն էր, արդեն լավ է քշում: Անցյալ երեքշաբթի փշերի վրա էի, անընդհատ ասում էի՝ կամա՛ց, կանգնի՛, ինքն էլ ծիծաղում էր հանգիստ:

Երբ Արմենուհին իմացավ, որ մնալու եմ, ինքն էլ որոշեց մնալ գրադարանում, բայց սոված էր: Գնացինք ուտելու. տեղիցս շարժվել չէի ուզում, ուսս արդեն պայուսակիս ծանրությունից ծռվել էր: Առաջարկեցի հենց էդտեղ էլ մնալ ու պարապել, բայց աղմուկը նրան խանգարում էր: Գնացինք Ֆրանց. բարեբախտաբար մարդ չկար, սիրուն տեղավորվեցինք ու սկսեցինք դաս անել, բայց անընդհատ դռները բացվում-փակվում էին, էլի Արմենուհին նեղվում էր: Սկսեցինք զրուցել ու ամառվա համար պլաններ կազմել: Երկուսս էլ ամբողջ ամառ դասի ենք լինելու: Ես երեք հատ ֆիզիկա եմ վերցրել, ինքն էլ երկու հատ մաթեմ: Իսպաներենի դաս էի շատ ուզում ( իսպաներենս կիսատ մնաց, միշտ դասարանը փակվում է ու չեմ հասցնում արձանագրվել), էն էլ ամռան դասը հենց ֆիզիկայի ժամին է համալսարանում, իսկ ֆիզիկան ավելի կարևոր է, համ էլ մասնագիտական դաս է: Եթե քոլեջում ամռանը իսպաներենի երեկոյան դաս լինի, անպայման վերցնելու եմ: Արմենուհու հետ նաև դաշնամուրի ենք գնալու (երանի շաբաթ կամ կիրակի օրերին լինի էդ դասը): Մեկ էլ պիտի հիվանդանոցում կամավոր աշխատեմ, եթե իհարկե համալսարանում գործ չառաջարկեն, կամ էլ դուրս չգա...

Մի խոսքով՝ մի ձեռքով ուզում եմ մի քանի ձմերուկ բռնել....հա՛, ու պիտի Արմենուհուն հայերեն գրել- կարդալ սովորեցնեմ, որ համալսարանում զրոյից չսկսի հայերենը: Ավելի ճիշտ նա գիտի տառերը, Հայաստանում մի տարի դպրոց է գնացել, բայց մոռացել է: Տեսնենք ինչ կլինի...

Ահագին նստելուց հետո տեսանք բան դուրս չի գալիս, Արմն ասաց՝ արի գնանք մեր տանը պարապենք: Էդպես էլ արեցինք: Գնացինք իրենց տուն ու ահագին պարապեցինք: Ափսոս երեկոյան մարզանքի պիտի գնար, ստիպված կիսատ թողեցինք.... Վաղն էլ երևի տենց կանենք: Հավես էր...

No comments: