Thursday, February 25, 2010

Հետոն կամ էլ ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը

Հաջորդ օրն ուշ արթնացա, սուրճ խմեցի ու փորձում էի կողմնորոշվել, թե ինչ անեմ, որտեղից սկսեմ... Քիթս սկսեց արնահոսել: Արդեն սովորական երևույթ է. հենց սոված փորիս սուրճ եմ խմում, կարող եմ համոզված սպասել գլխիս գալիքին։ Մի խոսքով՝ քթովս էի տարված, մեկ էլ զանգ եկավ։ Վազեցի հեռախոսը վերցնելու։ Մեր սիրելի ընկերն էր։ Զարմացա. ժամը դեռ 2։30 էր, այնինչ մեզ ասել էին՝ վեցի կողմերը հազիվ տանեն ծաղիկները: Վերցրեցի:
Ես ասում եմ՝ալո, նա ասում է.
- Oh my God! This is sooo beautiful...
Իբր ուզում եմ ինձ չիմացողի տեղ դնել ու հարցնում եմ՝ ի՞նչը, բայց դե պարզից էլ պարզ է, ինքն էլ գիտի, ես էլ գիտեմ, որ մենք ենք ուղարկել, ու ամենակարևորը՝ արդեն ստացել է պատմական ծաղկեփունջը: Քիթս բռնած ծիծաղում եմ միայն ու ասում, որ չէի սպասում, որ այսպես կլիներ: Հետո պարզվում է, որ ծաղիկների ստանալն ու տանելը մեկ է եղել: Նրա եղբայրը տնից դուրս գալուց էր եղել, ծաղկեփունջը վերցրել էր, ասելով՝ կասես մերսի, մի հատ էլ թող մարտի ութին ուղարկեն... :D Անսպասելի էր: Էդ մի կետը հաշվի չէինք առել, թե չէ կարելի էր մի բան մտածել, որ ծաղիկներն ուրիշին «փայ» չդառնային: :)
Ինչևէ, ասեցինք, խոսեցինք, ծիծաղեցինք, ու ես ամեն ինչ ավարտված համարեցի, չնայած գիտեի, որ վաղ թե ուշ հակահարված եմ ստանալու:

Արդեն երեկոյան ժամը ութն էր: Մամայենք դուրս եկան, ես էլ վերջապես նստեցի դաս անելու, երկու րոպե չանցած զգացի, որ դուռը թակում են: Մտածեցի՝ պապան է, միշտ մի բան մոռանում է ու վերադառնում, բայց զանգն ինչո՞ւ չէր տալիս: Գնացի հյուրասենյակ ու քայլերս դանդաղեցրի, մի պահ թվաց՝ հարևանի դռան ձայնն էր, բայց չէ, մերն էր: Մոտեցա դռանն ու չգիտեի՝ բացե՞մ, թե՞ չբացեմ: Ահավոր մութ էր, ոչինչ չէր երևում, փորձում էի տեսողությունս լարել, բայց իզուր: Լավ է, շատ երկար չտևեց էդ վիճակն ու դռան ետևում կանգնած մարդը խոսեց.
-Նարինե՞:
Սիրտս կանգնեց: Հակահարվա՞ծ: Էսքան շո՞ւտ:
-Ահա:
-Դո՞ւք եք Նարինեն:
-Հա, ես Նարինեն եմ ,- ասացի ու դուռը բացեցի:
-Սա ձեզ համար է,- ասաց էդ մարդն ու մի աժդահա իր դրեց ձեռքերիս մեջ:
-Մերսի,- ասացի, լավ է՝ չմոռացա, կաթվածահար էի եղել: Զգացի, որ նա ծիծաղում է քթի տակ:
-Հաջողություն,- ասաց ու գնաց:
-Մերսի,- նորից շփոթված ասացի ու տեղում մեխված մնացի:
Մեկ էլ Վալն եկավ վազելով.
-Էդ ի՞նչ ա:
-Տեսա՞ր ինչ արեց, գի՛ժ ա...
-Սկուբի Դու ա՜,- բացականչեց, ձեռքիցս վերցրեց ու վազեց Հովոյի մոտ:
Երբ սենյակում էր արդեն, նկատեց, որ ծրար կա վրան: Ես վազեցի ծրարիս տեր կանգնելու, էն էլ Վալը խլեց ձեռքիցս: Մի քանի րոպե իրար հետևից էինք ընկել, վերջում, որ իմ ձեռքն անցավ, ջղայնացա, որ չմոտենա ու հանգիստ կարողանամ կարդալ, թե ինչ է գրված: Դե իսկ շատ սիրուն էր գրված, բայց երբ կարդացի ումից է եկել, հիասթափություն ապրեցի: Ախր էդ անունը չեմ սիրում:
Հեռախոսը վերցրի, որ զանգեմ, բայց անջատեցի: Հանգստանալ էր պետք: Զանգեցի Անին, չվերցրեց, դու մի ասա մի օյին էլ նրա գլխին էր եկել: Մի քիչ հանդարտվելուց հետո զանգեցի ուղարկողին, բայց խոսակցության ընթացքում անընդհատ լռում էի, ախր ես չէի ուզում, որ այսպես լիներ: :(
Ինչևէ: Իսկ քարտի նպատակն էր մերոնց մեջ տարակուսանք առաջացնել, թե էդ Հարությունն ով է ու քանի գլխանի է, որ համարձակվել է այսպիսի բան անել: Չգիտեմ, իմ բախտից էր, թե ինչ, մերոնք տանը չէին ստանալու ժամանակ ու փառք Աստծո: Չէի ուզի ինձ էդ հիմար իրավիճակում տեսնեին: Չնայած, եթե տանը լինեին, Սկուբին երևի պապայի ձեռքն էին տալու, բայց որ մտածում եմ, այդպես ավելի հետաքրքիր կլիներ: :D

Երբ մամայենք եկան տուն, ես էլի իմ քթի արնահոսությունը կտրելով էի զբաղված: Պապան սովորության համաձայն գնաց մեր սենյակ, որ տեսնի՝ Հովոն ինչ է անում: Սկուբն էլ սենյակում էր, Վալի մահճակալին: Մտածում էի՝ վայ, գոնե չնկատեր, մեկ էլ պապայի հարցը լսվեց.
-Էս ի՞նչ կոկորդիլոս ա:
Վալը ծիծաղից մեռավ:
-Էս ո՞վ բերեց:
-Չգիտեմ, պապ, Նարինին հարցրու:
-Սպասում էին մենք գնանք, նոր բերե՞ն,- կարծես ինքն իրեն հարցրեց ու քայլերն ուղղեց խոհանոց: Մամային հարցրեց, թե էդ ով է բերել: Մաման էլ անտեղյակ, իսկի չգիտեր էլ՝ ինչ է: Ասելուց հետո գնաց սենյակ ու սկսեց ծիծաղել:
Երբ ես մտա սենյակ, մաման նայեց ինձ ու էլի ծիծաղեց, ասելով՝ դե գնա, էդ էիր ուզո՞ւմ: Ես էլ ավելի ունքերս կիտեցի ու նստեցի: Պապան նորից եկավ.
-Նարին, ասում ես էս ո՞վ ա բերել:
-Չգիտեմ, իր ա նման մեկը,- ջանում եմ ունքերս կիտած պահել, բայց փռթկում եմ ու սկսում ծիծաղել:
-Էլ ի՞նչ պետք ա անեին: Վալենթայնս դեյ ա իբր, հա՞: Ծ-ծ-ծ,- ասում է ու սենյակից գնում:
Հովոն թարս-թարս ինձ է նայում:
-Why are you mad?
- Որովհետև չէի ուզում սենց բան ուղարկեն:
-It's a gift! You should be happy.
-Ո՜ւֆ, Հովո, դու ինչ ես հասկանում...

Հետո Վալը հա փորձում էր Սկուբի հետ ինձ հաշտեցնել, բայց մոտ չէի թողում:

Մի խոսքով՝ էդ օրն էլ անցավ: Իմ սպասածին լրիվ հակառակ, բայց հիշվող օր էր: Էդ ապրումներն ու զգացողությունները մենակ հերիք էին...

No comments: