Երբ միջանկյալներիս մասին մտածելով եմ ընկնում ու զգում, որ չեմ հասցնելու կարգին պարապել, ժամանակն էնքան արագ ա թռչում, որ մարդ բան չի հասկանում: Չորս օր ժամանակ ունեի պարապելու, բայց ի՞նչ օգուտ:
Հինգշաբթի հոգնած-ծարավ եկա տուն, նույնիսկ պայուսակս չէի ուզում բացեի, որ գրքերս հանեի միջից: Մտածեցի՝ մի քիչ պառկեմ-հանգստանամ, հետո կտեսնեմ ինչ եմ անում, բայց Վալը զանգեց, թե՝ գալիս եմ մի տեղ դուրս գանք, հաց չուտես: Դե նստի ու սպասի, թե Վալ պիտի գա: Մամային համոզեցի, որ գա մեր հետ, համ էլ բանկ պիտի գնար, միանգամից կտանեինք: Հովոն էլ կարատեի պիտի գնար, ինքն էլ ոտքի ելավ, թե՝ ես էլ եմ գալիս, ինձ էլ միանգամից կտանեք: Առաջարկեցի պապային սպասել ու միասին գնալ, բայց նրա համար մամայի եփած տաք ճաշերից համով բան չկա: Ուստի չորսով գնացինք մի չինական ռեստորան: Տերը փոխվել էր, մի ուրիշ չինացի էր, անընդհատ մոտենում էր սեղանին ու հարցնում՝ ո՞նց ենք: Վերջում ներվերիս ազդեց, Վալին ասացի՝ ասա թող չգա էլի: Էն էլ լավ ա, ուրիշ մարդիկ եկան, գնաց նրանց ներվերին ազդելու: Մեռածը լավ էլ հայերեն էր խոսում, առանց ակցենտի: Բերանս բաց էր մնացել: Դրանից հետո մինչև Հովոյին տարանք իր պարապունքին, մաման բանկ մտավ-եկավ, ժամը ութը դառավ: Պապան արդեն գործից եկել էր: Իմ գլուխն էլ աշխատելու միտք չուներ, այսինքն ես էի ինձ տենց տրամադրել երևի, որ դաս չանեմ:
Ուրբաթ օրը կեսօրից հետո արթնացա: ԱՄՆ անկախության օրվա առթիվ դասի չէի: Վալն ու մաման ասացին, որ պապան ուզում ա շաբաթ օրը լիճ գնանք: Լճի անուն լսեցի՝ զվարթացա, բայց միջանկյալներս հիշեցի ու տխրեցի:
-Ես չեմ գալիս, դուք գնացեք,- միանգամից որոշումս հայտնեցի նրանց:
-Դե որ Նարինը չի գալիս, ես էլ չեմ գալիս, մա՛մ,- վրա բերեց Վալը:
-Դե որ դուք չեք գալիս, ես գնամ, ի՞նչ անեմ,- ավելացրեց մաման:
Նորից պապան զանգեց, սկսեց համոզել, մաման՝ չէ ու չէ. Նարինը դաս ունի, չի գալիս, մենք գալիս ենք ի՞նչ անենք:
Էհ, մտածեցի՝ կրակն ընկա:
Երբ պապան եկավ տուն, ասացի՝ գալիս եմ: Մեկ ա, որ տանը մնայի մերոնց հետ, հաստատ դաս չէի անելու: Գրադարաններն էլ փակ էին էդ օրվա պատճառով: Տենց մերոնք էլ ոտքի ելան: Մաման ու պապան գնացին խանութ՝ հետներս տանելու եղած-չեղած առնելու, ես էլ նստեցի ֆիզիկա պարապելու: Ի՜նչ պարապել, հազիվ տեսականն էի սկսում կարդալ: Մի գլուխ կարդացի ու գիրքս մի կողմ դրեցի:
-Նարի՛ն:
Շաբաթ առավոտյան աչքերս բացեցի պապայի ձայնից: Կողքս նայեցի՝ երեխեքը դեռ քնած էին: Միշտ ես բոլորից ուշ եմ արթնանում, բայց էսօր ինձ առաջինն արթնացրին: Անդունդի մեջ ոնց-որ լինեի, նենց էի ուզում ասել՝ չեմ գալիս, բայց դե գիտեի, որ մյուսների գնալն իմ գնալուց էր կախված: Համ էլ, որ չգնայի, քնած էի մնալու: Աչքերս ինքնաբերաբար փակվեցին:
-Նարին, վեր կաց, ուշ ա արդեն:
-Հինգ րոպեից:
Դրանից քսան րոպե հետո դուրս եկանք տանից: Ամենամոտիկ լիճը պիտի գնայինք. իմ պայմանն էր:
Ընդհանրապես Էլիզաբեթ լիճն եմ շատ սիրում, էն ափը, որտեղ նստարաններ չեն սարքած, բնական ա ու մարդ-մուրդ չի լինում: Մի հատ էլ մեծ ծառ կա, էդ ծառին հենված ժամերով կարող եմ նստել ու կողքերս նայել կամ էլ կարդալ: Մենակ ես ու պապան ենք էդ տեղը սիրում: Ինքն իր համար սիրուն նստում ձուկ ա բռնում, ես էլ կամ կարդում եմ կամ քնում, եթե իհարկե գիշերը քնած չեմ լինում: Կամ էլ պապան իր արկածներից ա պատմում, մինչև մի ձուկ ա ընկնում կարթն ու ընդհատում զրույցը: Տենց ժամանակն անցնում ա, իսկ երբ մաման, Վալն ու Հովոն էլ են գալիս, էդ արդեն ուրիշ պատմություն ա: Դեռ տեղ չհասած ասում են՝ չենք գնո՞ւմ: Էդ լիճ տանող լեռնային ճանապարհն էլ էնքան նման ա Հայաստանի ճամփաներին, որ մենակ էդ ճամփով անցնելն ինչ ասես արժի:
Ինչևէ, էդ օրը մոտ ու կանաչոտ մի տեղ էի ուզում, որ նստարաններ էլ լինեին, գոնե գիրք-տետր դնելուն հարմար լիներ՝ պարապեի: Համարյա հասնելու վրա էինք, պապան հիշեց, որ խորովածի մանղալը չէր վերցրել: Ջղայնացավ ինքն իրեն ու հետ դարձանք: Մեր «լյուբապիտնի» հարևաններն արդեն արթնացել էին ու մինչ Վալը վազեց տուն, որ բերի, նրանք հերթով մոտեցան մեքենային, որ հարցնեն՝ որտեղից էինք գալիս ու ուր էինք գնում: Մի բան էլ ավելին, նույնիսկ ցույց տվեցին, թե որ ճանապարհով գնանք էդ լիճը: Դե երևի գնում էինք մի տեղ, առանց իմանալու, թե ոնց են գնում էդ տեղը:
Լճում լիքը մարդիկ կային, անկախություն էին տոնում: Բոլոր նստարանները զբաղված էին: Սիրուն մի ծառ գտանք բոլորից հեռու ու որոշեցինք էդ ծառի տակ նստել: Վալը մեքենան մոտեցրեց, եղած-չեղածը դատարկեցինք: Հիանում էինք բնությամբ, մեկ էլ մեքսիկացիների մի մեծ խումբ եկավ ուղիղ մեր գտած ծառի մյուս կողմը տեղավորվեց: Եկած-չեկած մի շուխուր գցեցին, որ չպատմեմ, ավելի լավ կլինի: Ես ուղղակի թողեցի գնացի մեքենայի մեջ նստեցի, որ կարողանամ կարդացածիցս բան հասկանամ: Արանքում հա գնում էի մերոնց մոտ: Պապան խորովածն անելուց հետո իջավ ափ, բայց ոչ մի ձուկ էլ չբռնվեց: Էդ ամբողջ օրվա ընթացքում ընդամենը երկու գլուխ ֆիզիկա կարդացի, մի քանի հատ էլ վարժություն: Լճի ափին նույնիսկ չմոտեցա, բայց դե էլի մաքուր օդն ուրիշ ա: Վերջին անգամ նոյեմբերին էի գնացել լիճ կարծեմ, էդ էլ ցիրկ էր. այսինքն էդ ծովափ էր, լիճ չէր: Ինչևէ...
Կիրակի օրս անցավ մնացածը պարապելով: Շատ ուշ քնեցի, երևի մի երկու ժամ ու էլի անդունդային վիճակով գնացի միջանկյալի: Ամենահեշտ խնդիրը սխալ էի գրել, վերջին պահին նկատեցի, ու մինչ պրոֆեսորը վայրկյաններն էր հաշվում, որ մատիտները ցած դնենք, ես լեղապատառ ջնջում էի, որ ճիշտը գրեմ: Հասցրեցի. ճիշտ է, ագռավի ճանկերով գրվեց, բայց դե կհասկացվեր... Նասսարը (պրոֆեսորը) հիշեցրեց, որ տնայինը հանձնենք: Մինչ ես հանում էի պայուսակիցս, Անտոնիոն (ֆրանսիացի ասպիրանտը) մոտեցավ, որ գրավորս վերցնի ու էդ պահին իմ գլխից թռավ, որ երկու հատ ֆիզիկայի տնային ունեի: Մեկը էս դասի համար էր, մեկն էլ՝ մյուս: Առանց նայելու թուղթս գցեցի Նասսարի սեղանին ու արագ-արագ դուրս եկա լսարանից, որ ինչքան հնարավոր էր շուտ պրծնեի էդ քաոսից:
Լաբից հետո երկու ժամ ազատ էի: Էդ ժամանակս մյուս դասի լեկցիայի նշումներս աչքի տակով անցկացնելուն պիտի տրամադրեի, բայց երբ տետրս հանեցի ու աչքիս առաջ հայտնվեց առաջին դասիս տնայինը, ոնց-որ մուրճով գլխիս խփեին: Էլ ի՞նչ կրկնել, ի՞նչ բան, վազեցի Նասսարի օֆիս, որ ինչքան հնարավոր ա շուտ մյուս դասիս տնայինը հետ վերցնեմ (մի տասնհինգ էջ կլիներ, էդքան հավես չունեի նորից գրելու): Օֆիսը փակ էր: Նորից գրադարան գնացի ու իմեյլ գրեցի: Մարդը կես ժամ հետո պատասխանեց, որ ցավում է, բայց արդեն բոլոր թղթերը տվել է ստուգողին, մեկ էլ մյուս շաբաթ կվերադարձնեն, բայց հաջորդ օրն անպայման մոտենամ իրեն, որ էդ մասին խոսենք: Էլ ի՞նչ խոսել, ամեն ինչ պարզ էր. մյուս դասի հանձնարարությունը նորից պիտի անեի... ու արեցի, երբ երկրորդ միջանկյալից հետո միանգամից ավտոբուս նստեցի ու գնացի տուն՝ առանց Արմին սպասելու: Ինքս իմ գրածից բան չէի հասկանում, ոչ երանի էդ տնայինս ստուգողին, բայց դե ինձ ինչ...
Հաջորդ օրը կարծես թե ամեն ինչ իր տեղն ընկավ: Նասսարը չհանձնած թուղթս վերցրեց ու ասաց, որ ուշադիր լինեմ... Էհ... Գնացի գրադարան ու ի՞նչ անակնկալ: Գյուղի դպրոցի նորագույն պատմության ու աշխարհագրության ուսուցիչս էր գրել՝ ես որ չհիշեմ, դու չես հիշի, չէ՞: Շատ էլ թե հիշում եմ. ի՞նչ գրեմ: Չգիտեմ ինչու, միշտ խուսափում էի էս դասատուից: Երևի պատմություն չէի սիրում, դրանից էր, կամ էլ երևի նրանից, որ մի օր դասարանիս առաջ կանգնեց ու ասաց՝ էս դպրոցի աշակարտներից ոչ մեկդ մարդ չեք դառնալու, բացի Նարինեից: Նենց վատ զգացի, էլ չասած: Սաղ սկսել էին թարս-թարս նայել ինձ, նույնիսկ ամենամտերիմ ընկերուհիս, բայց դե ո՞վ կարար ծպտուն հաներ: Ինչևիցե, չեմ պատասխանել... չգիտեմ ինչ գրեմ...
Ու ընդհանրապես ոչինչ չգիտեմ... էլի սկսել են «չգիտեմ»-ներս...
No comments:
Post a Comment