Այս երկու օրն ավելի լավ էր չապրեի, քան թե այսպես ապրեի:
Երեկ ժամը ութին դասի գնացինք, մի ժամ ազատ էինք ու փոխանակ դաս անեինք, նստել Արմենուհու հետ զրուցում էինք: Չնայած ինչ դաս անել, դեռ դասի չնստած սպասում էի, թե երբ պիտի վերջացնեմ, որ ցերեկը մի քիչ քնեմ: Վերջիվերջո պիտի շարունակեի քիմիա պարապել, իսկ դրա համար թարմ ուղեղ էր պետք: Նախորդ գիշեր ժամը հինգի կողմերը քնեցի. Նար-Դոս էի կարդում ( երևում է վերջում հայագետ պիտի դառնամ): Ինչևիցե... Արմը մի քիչ ներվայնացած էր իր ընկերուհիների պատճառով ու ասում էր, որ եթե ինքը UCLA չգար, գուցե երբեք չնկատեր նրանց ով լինելը: Այսինքն ինչ անում են՝ առանց մտածելու են անում և այլն: Նկատեցի, որ վիրավորված էր: Վերջում ասաց.
-Նարին, thanks for being my therapist: Մեջս կուտակվել էր, պիտի ինչ-որ մեկին ասեի:
Շատ լավ հասկանում էի նրան. նույն բանը ես էլ էի ապրել դեռ այն ժամանակ, երբ նոր էի եկել ԱՄՆ ու դպրոցում ու ամենուր մենակ կեղծ դեմքեր էին հանդիպում. հոգնել էի էդ ամենից: Փառք Աստծո, կարգին մարդիկ դեռ մնացել են... Անահիտի հետ առանձնացանք բոլորից...
Չնայած քնաթաթախ վիճակ էր մոտս, բայց կենսաբի դասն այնքան հետաքրքիր անցավ, որ նախորդ դասերի նման կոպերս բաց պահելու համար չէի տանջվում: Պրոֆ. Առնոլդի դասախոսությունը վերջացել էր, արդեն պրոֆ. Բոկն էր դասախոսելու, մտածում էի՝ վերջ, հաստատ կհանգչեմ էդ դասին, բայց չէ... չէի սպասում Բոկից:
Էս դասից հետո գնացի Լուվալ կաֆե. Սյուզիի հետ պայմանավորվել էինք այնտեղ հանդիպել: Ադրինեն էլ էր եկել, չնայած որ խեղճի վրա հալ չկար: Նույնիսկ խոսել չէր կարողանում: Մի կես ժամ քննարկեցինք: Գայանեն եկավ պատահմամբ. մի քանի հարց տվեց հանձնարարությունների վերաբերյալ ու բոլորս միասին գնացինք լսարան: Թարսի պես դասագիրքս էի մոռացել տանել, հաշվի առնելով, որ միայն Նար-Դոսի գործերը կքննարկենք, բայց դրան հերթ չհասավ: Սկսեցինք Դուրյանի գործերով. Դասախոսը վերջում բոլորիս շատ ծանոթ «Լճակ» բանաստեղծությունը կարդաց: Հուզվեցի... երբեք այդքան վրաս չեր ազդել... Հետո Սյուզին Զորյանի «Խնձորի այգին» ներկայացրեց, քննարկեցինք ու դասը վերջացավ:
Փոխանակ գայի տուն, այնուամենայնիվ որոշեցի մնալ Սոնա Հարությունյանի (Վենետիկի Կա Ֆոսկար համալսարանի հայերենի դասախոս) Վենետիկի մասին դասախոսությանը: Շատ հետաքրքիր էր: Զարմանալին այն էր, որ նրանք համալարանում հայ ուսանողներ չունեն: Հայերեն սովորում են իտալացիները...
Օգոստոսին Վենետիկի այդ համալսարանում հայագիտության դասընթացներ են լինելու: Շատ կուզենայի գնալ, բայց ֆիզիկայի դասեր ունեմ UCLA-ում: Մաման ասում է էդ հնարավորությունը հազարից մեկ է տրվում, իսկ ֆիզիկայի դասերը կան ու կան, բայց ես դեռ տարակուսանքի մեջ եմ: Վախենում եմ մենակ ճանապարհորդելուց, դա էլ երևի մենակ զոռով-թրով ԱՄՆ հասնելու պատճառով է...
Տուն հասա ժամը յոթին՝ ահավոր գլխացավով: Ամբողջ օրը ոչինչ չէի կերել, գումարած անքնությունը. վրաս ծանր նստեց: Գիրքս բացեցի, տառերը գնում- գալիս էին աչքերիս առաջ: Տեսա որ չէ, հնարավոր չէ բան հասկանալ ու քնեցի, որոշելով արթնանալ գիշերվա երկուսին ու պարապել, բայց տասներկուսին արթնացա ու սկսեցի: Բարեբախտաբար ժամը երեքին վերջացրեցի, մի տաս էջ մնաց կարդալու, դա էլ թողեցի առավոտվա համար: Շարադրություն պիտի գրեի ծանոթներիցս մեկի համար, մի ժամում դա էլ արեցի ու ինձնից գոհ-գոհ պառկեցի քնելու, բայց անտեր գլխացավը վրա տվեց էլի ու սկսեցի տանջվել: Վեցի կողմերը ուղեղս հազիվ անջատվում էր, էն էլ ոտնաձայներ լսեցի: Պապան էր...
է՜հ պապ, չէ՞իր կարող մի տաս րոպե ուշ արթնանալ, որ մինչև վերջ անջատվեի: Երևի չէ:
Այդպես էլ չկարողացա քնել: Վերկացա հերթական Tylenol-ի կոճակը խմեցի՝ իմանալով հանդերձ, որ ոչ մի օգուտ էլ չի տալու: Մաման գիրք էր կարդում, էսսե ունի գրելու: Մա՜մ, երանի ես էլ ESL student լինեի: Էն ժամանակ ո՜նց էի գլուխ ջարդում, որ ռեգուլյար անգլերենի դասեր տան: Ինքս իմ ձեռքով ինձ կրակը գցեցի էլի փաստորեն:
Ժամը յոթին Արմը գրեց, որ շուտ ենք գնալու ու զարմացավ, որ շուտ պատասխանեցի: Ինքն էլ էր եկել տուն ու յոթին քնել ու քնած էր մնացել մինչև ժամը երեքը: Ջղայնացել էր, որ ոչ ոք չի արթնացրել: :) Երանի ես էլ մինչև երեքը քնած մնայի, բայց անհնար էր. երակներովս անհանգստություն էր հոսում:
Հասանք համալսարան. գնացի Franz Hall ու գիրքս բացեցի... զարմանալիորեն մի երկու բան հասկացա կարդացածիցս: Ուրեմն դեռ ուղեղիս ֆունկցիաները չեն խանգարվել: Քննությունից քսան րոպե առաջ մտա լսարան. շատ հանգիստ էի: Ինչ լինելու է՝ թող լինի:
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ դասախոսներին պետք չէ հավատալ: Այսինքն, եթե իրենք ասում են մոտավորապես այսինչ թեմաներից են հարց տալու, ուրեմն 1ՕՕ տոկոս կարող ենք համոզված լինել, որ այդ թեմաները չեն լինելու... Ես կարող էի նույնիսկ չպարապել, որովհետև վերացական հարցեր էր տվել: Ինչ խելքիս փչեց՝ գրեցի. կարևորը որ պրծա:
Հետո գնացինք գրադարան Արմի հետ: Ավ. Ահարոնյանի գործերը բացեցի, որ կարդամ: Կարդալուց հետո մենակ բանտ բառն էի հիշում:
-Ուզում եմ գնամ տո՜ւն:
- You're not gonna do homework at home, so read!!!
-Քունս տանում ա: Չեմ կարող: Լավ ես քնեմ, դու դաս արա՛,- ասացի ու գլուխս դրեցի պայուսակիս վրա: Չքնեցի... Սկսեցի թղթերս հանել, դասավորել... պարապ մարդու տպավորություն էի ստեղծել կողքիններիս համար: Հա նրան խոսեցնում էի, խեղճին չթողեցի դաս անի: Ասաց՝ լավ, արի գնանք: Մանուկի պես ուրախացա:
Եկա տուն ու քնեցի մինչև տասը: Այսինքն վաղն էլի շշմած վիճակում եմ լինելու: Իսկ հիմա ավելի լավ է գնամ Ահարոնյան վերընթերցեմ:
No comments:
Post a Comment