Friday, April 30, 2010

Հավես չունեմ

Երկու ժամ առաջ եկա դասից ու նստել եմ Անբան Հուռիի նման: Ոչինչ անել չեմ ուզում: Էսօր էլի մի դաս ունեի: Ավելի ճիշտ դաս չէր, իսպաներենի «բանավոր քննությունն» էր: Ժամը վեցին տանից դուրս եկա առավոտյան, շուտ հասա համալսարան: Լուվալ կաֆեում նստել ու անցած դասերն էի կարդում: Նախորդ օրը չէի պարապել, կլիմայի դասիս հանձնարարությունն էի գրում. էդ անտերը ամբողջ ժամանակս միշտ խլում ա: Հետո Լիլին ու Ռեյնան պիտի գային: Ժամը 8:30-ի համար էինք պայմանավորվել: Լիլին ուղիղ էդ ժամին եկավ, իսկ Ռեյնան մի տաս րոպե ուշացավ: Մեր արևին մի քիչ խոսեցինք: Ինչ անկապ բան անցավ մտքներովս, սկսեցինք դրա մասին խոսել:

Մի երկու օր առաջ էլ էինք հանդիպել ու մի քիչ խոսացել: Ինչ լինում էր, Ռեյնան մեղադրում էր կառավարությանը: Մենակ իսպաներենից «gobierno» բառն էր կարգին տպավորվել ուղեղում, իսկ էսօր շատ լավ բլբլում էր: Մեկ էլ հարցրեց իսպաներենով, թե ինչու է ԱՄՆ-ում առողջապահությունը վճարովի: Լիլին ձայն չէր հանում, ես էլ մտքերս հավաքեցի ու ասացի՝ porque el gobierno... էդ բառից Ռեյնայի աչքերը փայլատակեցին, ես էլ չդիմացա ու փռթկացի, իրենք էլ իմ հետ միասին: Գժվել էինք...

Գիտեինք, որ հիմնականում երեք թեմայի վերաբերյալ է լինելու քննությունը... կամ ինչ-որ իսպանախոս երկրում անցկացրած արձակուրդի մասին, կամ առողջապահության ու հիվանդությունների, կամ էլ արվեստի ու գրականության, բայց թե կոնկրետ ինչ հարցեր էին լինելու, չգիտեինք: Վերջին թեմայից էլ խուսափում էինք, որովհետև արվեստի գործիչներին նշելիս նրանց գործերն էլ պիտի հիշատակեինք ու նկարագրեինք և այլն, այսինքն՝ մեզ էդպես էր թվում:

Երբ մտանք քննասենյակ, Չեյզը թխվածք էր ուտում: Երեք հատ թերթիկ բերեց շրջված վիճակով ու ասաց, որ ընտրենք: Լիլին հետ քաշվեց միանգամից: Ես էլ ակամա ասացի՝ ես կքաշեմ ու մեջտեղինն ընտրեցի: Արվեստի մասին էր: Իբր մեզնից մեկը Արգենտինայից եկել է Լոս Անջելես, պիտի նրան պատմենք՝ Լոսում ինչ կա չկա արվեստի վերաբերյալ, որ ինքը գնա ու հաճույք ստանա: Լիլին որոշեց, որ ինքն է արգենտինացին: Սկսեցինք: Ռեյնան հազարան բլբուլ էր դարձել: Անընսհատ ընդհատում էի, որ գոնե մի երկու բառ էլ ես ասեմ: Լիլին էլ մենակ «հա» ու «չէ» էր ասում ու մեզ լսում: Մի մոմենտ լրիվ անջատվել էի , մենակ Չեյզի գրիչի խզբզոցի ձայնն էի լսում, իսկ Ռեյնան խոսում էր: Հետո ուշքի եկա ու զգացի, որ հարց էր տալիս ինչ-որ կիթառիստի մասին, ես էլ Լիլիին իբր պիտի բացատրեի՝ ով էր, ինչ էր, որ Լիլին գնար համերգին: :)

Դուրս եկանք: Ռեյնան գոհ էր: Լիլին քիչ էր մնում լացեր: Ճամփին Ռեյնան էլի գնաց սրճարան՝ պարապելու, Լիլին՝ լվացք անելու, ես էլ գնացի կլիմայի ու օվկիանոսագիտության դեպարտամենտ՝ գրավորս Կատալինային հանձնելու: Հետո իջա Ակրմեն՝ նամակ ուղարկելու: Մի երկու ժամ նստել էի «Ցունամու» դիմաց ու նամակ էի գրում մաթեմի դասատուիս (վերջերս նրանից նամակ էի ստացել): Ուղարկելուց հետո սուրճ վերցրեցի, դուրս եկա, Ֆրանցի դիմաց նստեցի: Տեղիցս վեր կենալ չէի ուզում: Անջատվել էի: Կողքերիս աղմուկն էլ չէի զգում նույնիսկ: Հանկարծ կողքիս նստածը, որ ինձնից հետո էր եկել, նստել, չէի էլ նայել, կամաց ուսիս կպավ մատով ու հարցրեց.
-Էդ ինչի՞ մասին ես մտածում տենց առանց կողքերդ նայելու:
Գլուխս թեքեցի: Նորն էր:
-Տաս րոպե ա կողքդ նստած եմ, չես էլ նայում:
-Վայ, հա, կանգառի օրն ընկա:
-Էն վախտ մյուզիք էիր լսում, բա հիմա՞: Քնած:
-Էհ, Նոր, մտածում էի...
-Ինչի՞ մասին:
-Եսի՞մ: Չգիտեմ:
Ու անիմաստ խոսակցությունը շարունակվեց: Վաղուց չէինք տեսնվել: Ահագին ժամանակ առաջ էր, կանգառում կանգնած էի, էլի աչքերս մի կետի վրա էին սառել, ականջներիս երաժշտություն էր բարձր, մեկ էլ ետևից նենց կողքերիցս բռնեցին, որ տեղիցս վեր թռա: Էլի ինքն էր: Եկել կողքս կանգնել էր մի քանի րոպե, չէի նկատել, որոշել էր «իմաց տալ» իր ներկայությունը: Շփոթվել էր իմ վախենալուց, բայց ծիծաղում էր վրաս, բայց լավ ա, էս անգամ երևի հիշել էր, չվախեցրեց: :) Մի քիչ խոսեցինք, գնացի կանգառ:

Սանսեթի շինարարությունը հազիվ ավարտվել էր, հիմա էլի են սկսել, բայց ուրիշ հատված: Ներվերս խաղտվում են արդեն: Էդ հերիք չէր, ոստիկանությունն էլ մի ուրիշ հատված էր փակել, մինչև ավտոբուսը թեքվեց ու նեղ փողոց մտավ, իմս ինձ հասավ: 1:30-ի կողմերը հազիվ հասա տուն:
Հա, ու մինչև հիմա նստած եմ: Արանքում մաման ու Վալն եկան գործից, էս կողմ-էն կողմ... ու էլի հավես չունեմ ինչ-որ բան անելու: :(

No comments: