Քունս տանում ա, բայց մի երկու բառ գրեմ, նոր գնամ (մինչև Վալը լույսն անջատի)։ Ուրեմն էսօր եկա տուն Անահիտի հետ, հենց իրա դասից հետո, ու ինչ եկել եմ, մի հատ կարճլիկ գիտական աշխատանք եմ կարդացել ու քանի ժամ ա դրա մասին ընդամենը մի էջանոց հիմարություն էի գրում։ Անընդհատ ինձ շեղում էի, հետո մի կերպ ստիպում ու վերադառնում դրան։ Լավ ա, պրծա։
Ուրեմն էսօր մինչ էրեխեքի դասի պրծնելը գրադարանում նստած իմ արևին դաս էի անում։ Նենց ցուրտ էր, սառել էի։ Չնայած մինչ էդ էլ Փաուելի կողքի նստարաններից մեկին նստած տաք սուրճ խմեցի, էն էլ օգուտ չտվեց։ Վալն ու Մարիամենք մնացին, հավանաբար պիտի պարապեին, ես էլ Անին նախորօք զգուշացրի, որ իր հետ եմ գնալու (պատահական Յանգում հանդիպեցինք), ուրախացավ, ասեց՝ Մարիամին էր ասել իր հետ գնալու համար, բայց որ տեսավ՝ ես էլ եմ տուն գնում, Մարիամը մնաց... Ինչևէ...
Փառքինգ էինք գնում։ Ասի՝ Նան, երեկ ցիրկ էր, չէ՞, ու ուշքից գնացինք։
Ուրեմն երեկ Վալի հետ գրադարանում էի, իբր պիտի մնայինք մինչև ութը... Բայց հետո միտքս փոխեցի, չէի դիմանում, բայց Անահիտն էլ դասի էր, ստիպված պիտի սպասեի՝ վերջացներ լաբորատորը, որ միասին գնայինք։ Առավոտյան փոքրիկ վթարի էր ենթարկվել, ու չնայած ասում էր՝ չեմ վախեցել, լավ վախեցել էր... Ուզում էր կողքը մարդ լինի, իմ հոժար կամքով ասացի, որ կսպասեմ։ Մի պահ անջատվեցի գրադարանում, Վալն էլ առիթից օգտվելով նկարել էր... Հետո իջանք Ակրմեն սրճելու...
Ժամը 6:15-ին վերջացրեց Անահիտը, մինչև հասանք փառքինգ, արդեն մութ էր։ Անձրևն էլ ուժեղացել էր։ Մի կերպ մեքենայի տեղը գտանք, վթարված մասն ուսումնասիրեցինք, պայուսակները տեղավորեցինք, նստեցինք, հազիվ շունչ քաշեցինք ու դուրս եկանք։ Անընդհատ ասում էր՝ վախում եմ էլի ավարիա անեմ, ամեն րոպե թվում է, թե էլի են խփելու։ Իմ արևին հույս էի տալիս, որ չեն խփի, ու որ հանգիստ քշի, շատ ապահով տեղ կհասնենք։ Փառքինգից նոր էինք դուրս եկել, ձախ դարձ պիտի անեինք, հենց լույսը կանաչի փոխվեց, Անը առանց դիմացից եկող ավտոներին ուշադրություն դարձնելու ձախ էր թեքվում, մի քիչ համբերելուց հետո գոռացի, վախից միանգամից ղեկը աջ պտտեց։ Համարյա բախվելու էինք ու շանսատակ լինեինք։
-Նան, պիտի սպասես, դրանք անցնեն, նոր ձախ անես։
-Բայց ես ձախ չէի անում։
-Ձախ էիր անում,- հանգիստ ասում եմ,- լավ ոչինչ, հիմա արդեն կարող ես գնալ։
Զգացի որ խեղճը պանիկայի մեջ ընկավ։ Էսօր որ էլի նույն տեղում էինք, նայեց-նայեց ու ասեց.
-Վայ, իսկականից որ ձախ է, մինչև հիմա չէի հասկանում՝ էստեղ ինչ եմ անում. ոնց ցույց էիք տալիս, էդպես գնում էի...
Լավ է ուշ, քան երբեք...
Մի խոսքով, երեկ սիրուն թեքվեցինք Սանսեթ, շատ դանդաղ էր քշում Անը։ Զգում էի, որ աչքերիս առաջ սևանում ա։ Ու գնալով ճանապարհը չեմ տեսնում։ Անձրևն էլ գնալով ուժեղանում էր։ Անկախ ինձնից վիզս ձգում էի, որ մեքենայի դիմացը տեսնեմ, բայց իզուր։ Մեկ էլ Անն ասեց.
-Նարինե, բան չեմ տեսնում։ Դու տեսնո՞ւմ ես։ Դիմացս չեմ տեսնում, հիմա կխփեմ։
Միայն դիմացից եկող մեքենաների լույսերն էին աչքերս ծակում ու հուշում, որ էդ կողմ չգնանք։ Ուրիշ ոչինչ...
-Նան, պատուհանները բացի, գոլորշին պատել ա ապակին, չի երևում...,-ասի ու միանգամից լուսամուտս իջեցրի, բայց ոչ մի օգուտ։ Անձրևն սկսվեց մեքենայի մեջ լցվել, փակեցի պատուհանը...Էդ ընթացքում կամաց էր առաջ գնում մեքենան...
-Նարինե, կանգնում եմ… ոչինչ չեմ տեսնում։
-Աջ քաշի...
-Վախում եմ… ավտո չկա՞…
Նորից լուսամուտն իջեցրի, գլուխս դուրս հանեցի, մեքենա չէր գալիս.
-Չկա, փոխի գիծդ...
-Հաստա՞տ։
-Հա-հա՛։
-Մտնում եմ,- ասում ա ու քյասար մտնում աջ ու տոռմուզ տալիս։ Հազիվ շունչ ենք քաշում։ Ընդամենը մի րոպե տևեց էդ ամեն ինչը, բայց էդ ապրումները բավական էին...
-Էստեղ մի բան պիտի սեղմվի, որ շուշեն մաքրվի,- փորձում ա հիշել։
Ես էլ գաղափար չունեմ ոչ մեքենաներից, ոչ էլ դրանց վերաբերվող որևէ բանից... Ու հենց նախորդ օրն էլ էդ թեմայով գժտվել էի պապայի հետ. ջղայնացավ, որ չգիտեի մի քանի բան, ես էլ լեզվիս տվի՝ ինչը ինձ չի հետաքրքրում, չեմ ուզում իմանալ... Ինչևէ, Անն իր պապային զանգեց, հարցրեց ինչ պիտի արվի, մի քանի վայրկյան անց ապակին արդեն պարզ ու մաքուր էր, տեսադաշտը բացվել էր, շարժվեցինք...
Անը շատ զգույշ էր քշում, զգացվում էր մեջի վախը...
Հասանք մեր թաղերը, Էջմոնտից աջ պիտի արվեր, բայց գիծը փոխել էր պետք նախքան էդ։ Էլի ես պիտի նայեի ու ասեի՝ երբ մտներ մյուս գիծ, բայց մեքենաները շատ էին, ռիսկ չարեցի։ Արդյունքում Նանը լուսամուտս իջեցնել տվեց ու կողքի մեքենայի վարորդին հասկացրեց, որ ուզում ա էդ գիծ մտնի։ Ես չկայի։ Մալադե՜ց Նան։ Էդ մարդն էլ հաց էր ուտում, հանկարծակիի եկավ։ ։Ճ
Մի խոսքով՝ ինձ իջեցրեց, նայեցի մեքենա չէր գալիս, ձեռքով արեցի, որ շարժվի ու փշերի վրա սպասում էի, որ տեղ հասնի... Հետո գրեցի, ասաց՝ ի զարմանս ինձ բարով-խերով հասել եմ... Հեռախոսս փակեցի ու սկսեցի ժպտալ-ծիծաղել մեր արկածների վրա։
Էսօր անընդհատ հիշում էինք ու մեռնում ծիծաղից...
No comments:
Post a Comment