Tuesday, October 19, 2010

Երկուշաբթի

Երկուշաբթի ազատ օրս ա։ Որ խելոք եմ լինում, Վալի հետ առավոտ շուտ գնում եմ համալսարան ու ընթերցասրահում դաս անում, մինչև ինքը վերջացնում ա ու գալիս ենք տուն։ Արանքում իրա հայերենի դասին էլ եմ նստում։ Վերջերս սակայն շատ եմ ծուլացել։ Այսինքն՝ որ չեմ քնում գիշերները, նախընտրում եմ չգնալ ընթերցասրահ։ Լուսաբացին, երբ բոլորը տանից գնում են, ու ոչ մի շշուկ չի լինում, մի քանի ժամ քնում եմ, հետո սկսում մի քիչ պարապել, մինչև մերոնք հերթով գալիս են։
Էս երկուշաբթի էլ էի որոշել տանը պարապել, էն էլ լաբի պրակտիկան էդ օրը նշանակեցին, բոլորը գրանցվեցին, միակ ազատ ժամերը մնացին երեկոյան ժամերը։ Հետո Ջոաննան զանգեց, լաբի ստուգված թղթերն էր ուզում, ասացի՝ երկուշաբթի շուտ կգամ, կփոխանցեմ։ Հետո էլ Նաիրան գրեց, որ առավոտյան հանդիպենք, պակաս-մակաս բաները լրացնենք հանձնվելիք աշխատանքի ու հանձնենք... Զգացի, որ իմ պարապելն էդ օրը հաստատ չի ստացվի։ Թարսի պես էլ Նանին ասել էի, որ իր հետ էի ուզում գնալ դասի։ Որ իմացավ, որոշեց շուտ գալ, որ միասին գնանք...
Էսօր առավոտյան զանգեց Նանը, բա թե՝ տաս րոպեից էդտեղ կլինեմ։ Ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս, միանգամից վեր թռա։ Էդպես էլ չհասկացա, թե ոնց չէի լսել զարթուցչիս ձայնը։ Լուսադեմին էի պառկել ու անջատվել։ Նույնիսկ Հովոյի ու Վալի գնալը չէի զգացել։ Ափալ-թափալ պատրաստվեցի ու տանից դուրս թռա։ Անընդհատ ժամին էի նայում, իննին գրադարանում էր լինելու Նաիրան, չէի ուզում, որ շատ սպասեր։ Արդեն համարյա հասել էինք, գրեց, որ չի կարող գալ, ավելի ուշ Յանգի մոտ տեսնվենք։ Փաստորեն իզուր էինք շուտ գնացել։ Փաուել գնացինք, մի քանի բան կարդացի, Նանն էլ տնայինը մաքրագրեց, երկու ժամ անց ես վազեցի Յանգ։ Անհանգիստ էի մի տեսակ։ Էնքան մարդ կար, էդքանի մեջից արի ու Նաիրա գտի, մանավանդ որ դեմքը կարգին չէր տպավորվել... Էլի գրեց՝ արի էս ինչ տեղը, դասի եմ, չեմ կարա գամ։ Մտածում էի՝ ինչ լավ չլվելու պրոցես ա։ Էդ ընթացքում «պուճուրիկին» տեսա, բայց բան չհասկացա. գնում էր համալսարանական առաջին միջանկյալը հանձնելու։
Թղթերը վերցրի Նաիրայից, տարա քսերոքս արեցի, հետո նորից գնացի Յանգ, հանձնեցի ու քայլեցի դեպի հայերենի լսարան... Առանց Հայկերի դասարանում հիմնականում լռություն էր տիրում, ավելի ճիշտ՝ դասախոսն էր խոսում։ Ասաց, որ «Ապրիլ» գրախանութի տերն է մահացել։ Փետրվարին Լիլիթի խանութից վարդերն առնելու ժամանակ էդ գրախանութն էլ էինք գնացել, մեր երրորդ հանրապետության պատմության վերաբերյալ գրքեր էի ուզում։ Էդ մարդը հարցրեց՝ հատուկ հանձնարարվա՞ծ ա, թե՞ ուղղակի կարդալու համար եմ ուզում ու երբ ասացի, որ ուղղակի կարդալու համար եմ ուզում, ժպտաց՝ ասելով, որ դժվար բան եմ ուզում... Համենայնդեպս, գնաց փորփրեց ու մի քանի գիրք բերեց, որ ընտրեմ, բայց Վալն ու Նանը թևերիցս քաշելով տարան դուրս, կինոյից ուշանում էինք։
-Կներեք, դեռ էլի կգամ ու անպայման մի բան կվերցնեմ,- դուրս գալուց առաջ մի կերպ ետ նայելով ասացի, բայց դրանից հետո էդպես էլ չգնացի էդ գրախանութ... Փաստորեն խոստումս չհասցրեցի կատարել էդ մարդու կենդանության օրոք։ ։(
Հայերենից հետո նորից գնացի Յանգ՝ Ջոաննային հանդիպելու։ Տաս րոպե սպասելուց հետո ներվայնացա, որ ուշանում ա ու իջա Ակրմեն` Նանի ու Վալի մոտ։ Հետո Վալը գնաց տուն, Նանը կենսաբի լաբ գնաց, ես էլ Յանգի դիմացի քարե նստարաններից մեկին նստեցի ու սկսեցի քարանալ... Սկյուռներին էի նայում, մինչև իմ լաբի ժամն էլ եկավ ու իջա ներքև։ Խալաթս հագա, ակնոցներս դրեցի, նյութերը խառնեցի իրար, կողքինս լրիվ ուրիշ գույներ էր ստացել, ես՝ ուրիշ։ Սպեկտրո ապարատի մոտ էլ սիրուն թվեր չստացա, բայց հավես չունեի նորից անելու, համ էլ փորձանոթները կեղտոտ էին, շատ հավանական ա, որ դա էր պատճառը։ Գլուխս սկսեց պտտվել, մարմինս թուլացավ, հազիվ էի հենված կանգնում։ Մեկ ուզում էի թողեի ամեն ինչ ու դուրս գայի, բայց մյուս ապարատն օգտագործեու ձևերը չգիտեի, փորձ էր պետք, ուրբաթ օրը քննություն ունեմ... Մի կերպ մնացի, սովորեցի ու սկսեցի հավաքվել։ Ինստրուկտորն անծանոթ տղա էր, մոտեցա ասի՝ Լեոյին եմ ուզում տեսնել, որ տեղն ասի։ Էն էլ չէր ուզում ասել. զարմանալի մարդիկ են սրանք։ Ասեց՝ ասելիքս ասեմ, ինքը հետո կփոխանցի։ Ինձ էլ իմ գիրքն էր պետք։ Ջոաննան գրել էր նախորդ օրը, որ գիրքս Լեոն նկատել էր իմ գնալուց հետո ու վերցրել էր... Էս մարդն առաջնորդեց մեր շատ սիրված Լեոյի մոտ, գնացինք օֆիս, Լեոն գիրքս տվեց։ Կարոտել էի։ Հարցրեց՝ շա՞տ վախեցար, որ տեսար չկա։ Վախենալը որն ա, ոչ մի բան չկարեցա անել ուիկենդի ընթացքում, անունն էլ դրեցի, թե գիրք չունեմ։ Իսկը առաջին դասարանում կողքիս նստող ծույլիկ Սասունի պես։ Երբեք դաս չէր անում ու ասում էր՝ գիրք չունեմ։
Ինչևէ։ Շորերս էի փոխում, երբ Նանը զանգեց։ Ինքն էլ էր նոր վերջացրել։ Ժամը վեցն անց էր, երբ դուրս եկանք, Վալն էլ անընդհատ հարցնում էր, թե երբ ենք հասնելու։ Նանուլի ծննդյան կապակցությամբ պիտի դուրս գայինք։ Գնացինք, լավ անցավ։ Գոհ եմ։ ։) Զատո երգեցի էլ։ ։D
Հիմա էլ հոգնածությունից անջատվում եմ։ Մարիամն իմացավ, որ մենակ եմ դասի գնում-գալիս, պնդեց, որ իրենց հետ գնամ առավոտյան։ Նենց որ տեսնենք վաղն ինչ ա լինելու։ Գնամ քնեմ։

No comments: