Պապան վերջապես գնում է, որ սիրտը հետազոտեն, իսկ ես գնում եմ իմ
գործերով՝ համալսարան։ Ավտոբուսի մեջ զգում եմ, որ սխալ արեցի, մտածում եմ՝
գրողի ծոցը գռադ սքուլն էլ, ամեն ինչն էլ, հետո էլ կարող էի գնալ, հիմա
պապայի առողջությունն է կարևոր, իսկ ես նրան թողած՝ ընկել եմ գործերիս
ետևից։ Այնուամենայնիվ, չեմ վերադառնում ու շարունակում եմ «սխալ
ընտրությունս»։
Զանգում եմ պապային, ձայնից զգում եմ, որ անհանգիստ է,
իմ արևին հույս եմ տալիս, որ մտածելու բան չկա, շուտով բժիշկն էլ կասի, որ
ամեն ինչ նորմալ է… Պապան չի խոսում, հետո ասում է՝ դասից ուշանում եմ…
Հավանաբար մտքով ուրիշ բան է անցնում, բայց չի արտահայտվում…
Անջատում
եմ հեռախոսն ու ակամա հիշում պապիկին… Երբ նա ինֆարկտ էր ստացել, բայց
բժշկի մտքով անգամ չէր էլ անցել, որ մարդու սիրտն էր պրոբլեմը, լրիվ եսիմ
ինչ նշանակումներ էր արել, հետո զարմանքով ասում էին՝ ոնց էլ էդ մարդը
ինֆարկտ տարած հալով էդքան դիմացել է … Ու պապիկին հիվանդանոց էին
տեղափոխել…
Հիշում եմ՝ շատ էի կարոտել։ Պապան խոստացել էր տանել
հիվանդանոց՝ տեսության, ու հենց հարմար օրը վրա հասավ, հորաքրոջս էրեխեքն
եկան քաղաքից, ու մեծերը որոշում կայացրին, որ էդ օրը նրանց էին պապիկի մոտ
տանելու։ Ես էլ հիասթափված՝ տան մուտքի մոտ կանգնած մնացի՝ համարելով, որ
առարկելն իզուր է, այնինչ Վալն էդ պահին սկսեց լաց լինել, թե՝ ես էսօր եմ
ուզում պապիկին տեսնել։ Իմ արցունքներն էլ գլորվեցին, վարագույրը քաշեցի
դեմքիս, որ չտեսնեն։ Արդյունքում չորսիս էլ տարան պապիկի մոտ ու հիվանդանոց
հասնելուն պես՝ հեռվից հորքուրին տեսնելով ու հասկանալով, թե պապիկի
սենյակը որ մեկն էր, էնպես սկսեցինք վազել, որ նկարագրել չեմ կարող… Իսկ
պապիկն արդեն լավ էր, տուն գալ էր ուզում…
Զզվում եմ նոյեմբեր ամսից… Շուտով տաս տարի կլինի, ինչ նա մեզ հետ չի… Կարոտել եմ…
No comments:
Post a Comment