Saturday, November 12, 2011

Սիրտս վկայում էր կամ երբ ինձ ստիպում են անել այն, ինչ չեմ ուզում…

Առավոտվա ժամը ութն էր։ Տատս եկավ արթնացրեց, որ գնանք հիվանդանոց։ Չէի ուզում վեր կենալ, ձևացնում էի, թե քնած եմ ու չեմ լսում…
Աչքերիս բուժման վերջին օրն էր. այսինքն՝ էդ օրը բժիշկը պիտի վերջնական ստուգեր ու ասեր՝ առաջխաղացում կար, թե չէ (մինչ այդ քույրերն էին բուժումներն անում)։ Ես էլ վախենում էի էդ մարդուց. ահավոր կոպիտ ու անտաշ մարդ էր։ Այդ պատճառով, ջանում էի ամեն կերպ տատիս համոզել, որ չգնայինք էդ վերջին ստուգմանը, մեկ է՝ արդեն բուժման կուրսն անցել էի, ես ինձ շատ լավ էի զգում (չնայած՝ ոչ մի առաջխաղացում չէի զգում), կարևորն էն էր, որ ես էդ բժշկի աչքին չերևայի։ Տատս երկար փորձեց համոզել, տեսավ՝ չի ստացվում, ջղայնացավ, ես էլ փնթփնթալով վեր կացա, ու գնացինք հիվանդանոց։ Ճանապարհին ոչ մի բառ չխոսեցի։ Հասանք, պարզվեց, որ էդ օրը պարոն բժիշկը միայն վիրահատված հիվանդներին էր  ընդունում. մտքումս ուրախացա… Համ ստիպված չէի լինի կոպիտ, հրամայական տոնով ասածները լսել, համ էլ էդ նշանակում էր, որ մի օր ավել կմնայինք Երևանում։ Տատս չդիմացավ ու ասաց, որ էլ սպասել չենք կարող, երեկոյան գնալու ենք գյուղ, մարզից ենք եկել, բլա-բլա… ու մի կերպ խցկվեցինք բժշկի մոտ։ Մի հինգ րոպե տևեց ստուգվելը. ընդամենը մի երկու տառ հարցրեց ու վերջ։ Էս անգամ էդքան էլ վախենալու չէր։ Ուստի ուրախ-ուրախ դուրս եկա, ոնց որ մի ծանր բեռ ընկներ ուսերիցս։ Տատիս դեմքին էլ իրեն յուրահատուկ ժպիտ էր հայտնվել։ Ժամը հարցրեց ու ասաց. «Գնանք տուն, մամայիդ զանգենք, ասենք, որ տեսողությունդ լավացել ա»։ Դեռ գլխներիս գալիքը չգիտեինք։
-Էդ մենակ թղթի վրա ա տենց գրած,- մտածեցի ու բան չասեցի։ Հավես չունեի։ Համաձայնվել էի էդ անտեր բուժմանը գնալ՝ միայն թե Երևան գնայինք։ Մերոնք արդեն ԱՄՆ-ում էին, ես էլ տատիկենց հետ գյուղում  ձանձրանում էի, չէին թողում մենակ Երևան գնալ։ Ուստի լավ պատրվակ էր… Ինչևէ։
Երթուղայինն եկավ, նստեցինք։ Մի հինգ րոպե էր մնում  կանգառ հասնելուն,  խցանման մեջ ընկանք։ Երթուղայինում միայն մենք էինք մնացել, վարորդը հարցրեց՝ որտեղ ենք իջնելու, ասացի՝ վերջին կանգառում։ Աջ թեքվեց ու ուրիշ ճանապարհով գնաց, բա թե՝ դե որ վերջինն ա, սենց էլ կարանք գնանք։ Տարբերություն չկար։ Պայուսակիցս գումարը հանեցի, ձեռքումս պահեցի։ Հանկարծ նկատեցի, որ ուղիղ մեր երթուղայինի դիմացից սև քսանչորս է գալիս, մտածում էի՝ ինչու՞ է իր գծից դուրս եկել, տեսնես՝ մեր վարորդը նկատե՞լ է, ինչու՞ է շարունակում քշել, մի խոսքով՝ լարված վիճակ էր։ Վարորդն, ինչքան հնարավոր էր, աջ քաշեց մեքենան ու արգելակեց։ Սիրտս հանգստացավ, հանգիստ գլուխս թեքեցի դեպի աջ։ Էդ թեքելն ու օդ թռնելս մեկ եղավ։ Փաստորեն միայն մեր վարորդի կանգնելը քիչ էր. դիմացի մեքենան մեծ ուժգնությամբ բախվել էր երթուղայինին։
Աչքերս բացեցի։ Գլուխս ինչ որ ապակու փշուրների վրա էր, արևն՝ աչքերիս։ Կարծես մթությունից նոր լույս աշխարհ եկած լինեի։ Մի թեթև բարձրացրի գլուխս, շրջեցի ձախ, վարորդը վախեցած երեսիս էր նայում։
-Էս ի՞նչ եղավ,- հարցրի։
-Ես մեղավոր չեմ, աղջիկ ջան, ինքը եկավ խփեց։ Դու տեսա՞ր չէ, տեսա՞ր։
Ես ուշքի չէի գալիս, մի կերպ ոտքի կանգնեցի։ Հետ նայեցի, տատս չկար։ Շրջվեցի տեսնեմ՝ ոտքերիս տակ փռված է, կողքն էլ՝  արյան մի փոքր լճակ։ Կյանքում առաջին անգամ էի նման դրության մեջ հայտնվում, սիրտս կանգնեց, քարացա։ Հետո կռացա ու ձեռքս անմիջպես գլխին տարա, որ իբր տեսնեի՝ հո գլուխը չէր վնասվել։ Նա էլ ուշքի եկավ, մի կերպ ուղղեցի, որ գոնե նստեր, բարձրացնել չէի կարողանում։ Վարորդին էի ասում՝ գոնե օգնեք, մի բան արե՜ք, էն էլ ղեկը մխրճվել էր ստամոքսի մեջ, շարժվել չէր կարողանում խեղճ մարդը։ Դուռն էլ բացել չէի կարողանում, որ իջնեի, գոնե օգնություն կանչեի… (Որ աջ էր քաշվել, մայթի եզրին կանգնած մեքենաներին էր մոտեցել, հնարավոր չէր բացել)… Բա թե՝ աղջիկ ջան, գոռա, թող գան… Ոչ ոք կարծես չէր նկատում եղելությունը։ Տատս էլ իր հերթին ինձ էր հանգստացնում, որ ամեն ինչ լավ է, կարգին է, լավ ենք պրծել, բան չի եղել, այնինչ արյունը լճանում էր, իսկ ես լրիվ կորցրել էի ինձ, միայն անընդհատ հարցնում էի քթիս տակ՝ էս ի՞նչ եղավ…
Վարորդը ձենը աշխարհ գցեց, մի քանի հոգի եկան մեքենան հրեցին հետ, դուռը բացեցին, իջա ու խնդրեցի, որ տատիկին օգնեն, նրան էդ վիճակում տեսնել էլ չէի կարողանում… Շտապ գնություն զանգեցին, տեսան՝ ուշանում է, գենշտաբի բուժքույրներին կանչեցին։ Ուշադրությունը հիմնականում քսանչորսի վարորդի վրա էր, որովհետև գիտակցության չէր եկել։ Շուտով լիքը մարդ հավաքվեց, պարզվեց՝ դա օլիգարխի տղա էր։ Էս մեր վարորդն եկավ ինձ մի կողմ կանչեց, բա թե. «Աղջիկ ջան, խնդրում եմ, չասես որ դուք մարշրուտկա էիք նստել, կասես՝ ծանոթ ենք, մեր ընտանիքի բարեկամն ա, դասից տուն էի գնում, ճամփին տեսավ՝ մեզ վերցրեց։ Ինքը վարորդ չի։ Կհիշես, չէ՞»։ Ասացի՝ հա, բայց ինչի՞։ Պարզվեց՝ օրինական չէր քշում։ Հետո նկատեցի, որ մարշրուտնու համարը թաքցրել էր։
Տատիս որ նստացրին շտապ օգնության մեքենան՝ հիվանդանոց տանելու, էդ «օլիգարխները» չթողեցին. համոզեցին, որ  բժիշկ կբերեն տուն, ու ամեն ինչ ավելի արագ կանցնի, թե չէ հիվանդանոցում մի քանի օր պահելու էին։ Դե տատիս ուշք ու միտքն էլ շուտ իր տուն հասնելն էր, որ իմացավ հիվանդանոցում երկար պիտի մնար, միանգամից տուն գնալ ուզեց։ Ոտքն էր ճղվել, վիրակապ էին դրել։ Տարան տուն, ասին՝ շուտով բժշկին կբերեն, որ ստուգի։ Անցավ մի կես ժամ, զանգը տվին։ Քննիչներն էին։ Նախօրոք զգուշացրել էին, որ գալու էին։ Տատիս ասել էի մեր վարորդի ասածները ու խնդրել, որ ամեն կերպ պաշտպանի նրան։ Ինձ չթողեց սենյակից դուրս գալ, որ չհարցաքննեն, ինքը հարցերին պատասխանեց ու ճամփու դրեց նրանց։ Նույնիսկ չասաց, որ ոտքն էր վնասվել։ Նրանց գնալուց հետո, ընկավ անկողնուն, էլ ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ Սեղանի տակ էլ լրիվ ոտքից արյուն էր կաթել, լավ է՝ չէին նկատել։ Ինչևէ։
Չգիտեի՝ ինչ անել։ Գնացի հարևանի զանգը տվեցի, խնդրեցի հեռախոսից օգտվել։ Չմերժեց։ Զանգեցի Ռիմային, խնդրեցի, որ գա։ Չասացի՝ ինչ էր պատահել, տատս արգելել էր։ Էդ կինն էլ թե՝ դե որ բան չի եղել, էլ ուր հասնեմ էդտեղ, միանգամից վաղը կգամ, էդպես էի պլանավորել։ Ասի՝ լավ ու հուսահատված իջա ներքև։ Մի  ժամ անց զանգը տվեցին։ Ուրախացա. մտածեցի՝ վերջապես բժշկին բերեցին։ Դուռը բացեցի։ Ռիման էր։ Զարմացա։ Բա թե.
-Նարին ջան, ձայնդ դուր չեկավ ինձ, ասի՝ երևի մի բան եղել ա, վեր կենամ գնամ, մեկ ա բան չունեի անելու։ Ո՞նց եք։ Տատիկն  ու՞ր ա։
-Լավ ենք, լավ, փառք Աստծո, տատն էլ մյուս սենյակում պառկած ա։
Ռիման զարմացավ։ Տատը պառկա՞ծ։ Նա իսկի նստելու սովորություն չունի։
Մինչ օգնում էի վերարկուն հաներ (տատիցս մեծ կին է), Ռիման սկսեց պատմել իր տեսածը.
-Վա՜յ, Նարին ջան, էս ձեր ներքևի փողոցում մի էնպիսի վթար էր եղել, մի մեքենա ու մարշրուտկա էին բախվել, երկուսից էլ բան չէր մնացել։ Տեսա ու մտածեցի՝ ինչ լավ ա դուք արդեն տանն եք…
-Փաստորեն տեսել եք…
-Դուք էլ եք տեսե՞լ։
Ձայն չհանեցի, մտանք սենյակ։ Ռիման տատիկին տեսավ, գույնը գցեց։ Սկսեց հարցնել, թե ինչ է պատահել։ Մինչ տատս մտածում էր՝ ոնց ասեր, որ Ռիման վայ-վույը չդներ, ես ասացի՝ մենք էդ մարշրուտնու մեջ էինք… ու սկսվեց։
Մի քանի ժամ անց, երբ արդեն հաշտվել էի էն մտքի հետ, որ մեզ խաբել են, խոստացված բժշկին բերեցին։ Որոշեց, որ ոտքը պիտի կարվեր ու անցավ գործի։ Նախ և առաջ, ինձ դուրս հրավիրեց սենյակից, բայց իզուր։ Ասացի՝ ուզում եմ տեսնել, ու մինչև վերջ նայեցի, թե ոնց կարեց տատիկի ոտքը։ Խեղճ իմ տատ, ատամները սեղմել էր ու ոչ մի ձայն-ծպտուն չէր հանում։ Վեց կար դրեց ու գնաց։ Հետո միայն հասկացա, որ էդ մարդը բժիշկ չէր, ուղղակի սառնասիրտ մարդ էին գտել, բերել կամ էլ ով գիտի… Մի խոսքով՝ եղածն եղած էր…
Հաջորդ առավոտյան մարմինս ահավոր ցավում էր, լրիվ կապտուկների մեջ կորած էի։ Աչքիս տակն էլ ոնց որ խփած լինեին…
Պատվիրված մեքենան եկավ, մի կերպ տատիկին իջեցրինք, նստեցրինք մեքենան ու շարժվեցինք դեպի գյուղ։ Ամբողջ ճանապարհին մի վայրկյան աչք չկպցրի, թվում էր՝ հենց աչքս փակեի, էլի վթարի էինք ենթարկվելու։
Մինչև հիմա էլ հենց Վալն արգելակում է, սիրտս տեղից դուրս է թռչում ու էդ պահն է աչքերիս առաջ գալիս։
Մութ է… Լույսը աչքերս ծակում է… Արևն է աչքերիս ընկել…

No comments: