Monday, October 14, 2013

15. Ինտերնետի հետ կապված պատմություն

Պատմությունս մի քիչ անհարմար է, բայց դե ինչ անեմ։ Ինտերնետի հետ կապված կարգին պատմություն չունեմ։ ։(
Ուրեմն մի ժամանակ որպես կամավոր հիվանդանոց էի գնում ամեն շաբաթ։ Մի օր էլ հեռախոսի մոտ նստած էի, էն հեռախոսի, որին միայն հիվանդանոցի տվյալ հարկի հիվանդներն են զանգում։ Այսինքն՝ երբ ինչ-որ խնդիր են ունենում, իրենց մոտ կոճակը սեղմում են, մեզ զանգ է գալիս, ու ասում են՝ ինչի կարիք ունեն։ Պատահում էր, որ քայլել էին ուզում ու բուժքրոջ օգնության կարիքն ունեին, կամ դուրս գալ էին ուզում, կամ ինչ որ ցավ էին զգում, դրա համար։ Զանգում էին նաև ձանձրույթից, որովհետև ուզում էին անընդհատ ինչ-որ մեկը լիներ իրենց մոտ։ Էդ հիվանդներին չէի սիրում։ Հազար անգամ աներեսի պես զանգում էին, քույրերն էլ արդեն սովոր էին…հեշտությամբ արհամարհում էին։ Չնայած՝ առավել ևս չէի սիրում, երբ արհամարհում էին։ Էդպես մի օր անընդհատ մի մարդ էր զանգում ու արհամարհանքի արժանանում։ Քույրերից մեկն ասեց՝ գնա մոտն, էլի, ինքը ոչ մի բանի կարիք չունի, ուղղակի զրուցել է ուզում։ Հիվանդասենյակ մտնելս ու էդ մարդու՝ մահճակալից ընկնելը մեկ եղավ։ Ոտքերն էլ կտրած էին։ Էն ոնց էր լացում ու գոռում։ Ահավոր տեսարան էր։ Վազեցի քույրերին կանչեցի, եկան բարձրացրին։ Ես թողեցի, գնացի հեռախոսի մոտ։ (Էդպես էլ չիմացա՝ ինչու էր զանգում անընդհատ, բայց հաստատ ինչ-որ բանի կարիք ուներ)…
Մեկ էլ էլի զանգ։ Էս անգամ հիվանդը փորձում էր խոսել, բայց չէր կարողանում։ Անհասկանալի հնչյուններ էր արտաբերում։ Գնացի մոտը։ Շատ ծեր, նիհար մարդ էր։ Մահճակալն էնպես էր ծալվել, որ խեղճ մարդը խրվել էր մահճակալի մեջ։ Քանի որ խոսել չէր կարողանում, դողացող ձեռքով մեկ փորն էր ցույց տալիս, մեկ մահճակալը. ուզում էր հասկացնել, որ ուղղեմ։ Ինձ էլ նախօրոք ասել էին, որ հանկարծ ոչ մի բանի ձեռք չտամ՝ առանց հարցնելու։ Քայլերս ուղղեցի դեպի դուռը, որ գնամ բուժքրոջը կանչեմ, գա իր հիվանդին տեր կանգնի։ Էս խեղճ մարդն իմացավ, թե իրեն լքում եմ. հիմա հո ձեռքը չի թափահարում, որ չգնամ, աննհագիստ շարժումներ է անում ու շարունակում իր անհարմար դիրքը ցույց տալ։ Ինչքան ասում էի՝ գնում եմ, էլի գամ, ոնց որ չհավատար։ Չգիտեմ՝ չէ՞ր հասկանում, թե՞ չէր հավատում, որ կվերադառնայի, որովհետև քույրերից շատերը գնում էին ու մոռանում հիվանդի մասին (ուրիշ հիվանդով էին տարվում)։ Մի խոսքով՝ վազելով գնացի կանչեցի, քույրն եկավ, հարմարեցրեց դիրքը, էդ մարդու սիրտը տեղն ընկավ։ Էնպիսի աչքերով էր նայում, որ արցունքներս հազիվ էի զսպում։
Մի խոսքով՝ էդ օրս էդպիսի դեպքերով լի ու մի տեսակ ծանր օր էր։ Իրիկունը ինտերնետի շնորհիվ ՄՍՆ-ով ընկերներիցս մեկի հետ էի խոսում ու էս դեպքը պատմում։ Գրեցի.
-Lsi, esor hivandanocum mi papik mek porn er cuyc talis, mek bed@, yes el chgitei inch anei…
Էս զրուցակիցս լրիվ ուրիշ բան հասկանալով՝ գրեց.
-Inch er cuyc talis?????
Գետինն էի մտել։ Հիմա ամեն անգամ մսջ գրելուց տաս անգամ մտածում եմ, նոր գրում։

No comments: