Մի անգամ պարապունքի էի գնում մաթեմի քննությունից մի օր առաջ: Երեկոյան ժամը 6-ին պիտի սկսեինք, ուստի 4:30 տանից հանգիստ դուրս եկա՝ հաշվի առնելով, որ այդ ժամերին ավտոբուսները շատ դանդաղ են ընթանում ու թրաֆիք է լինում: Համարյա թե հասնում էի կանգառ, այն էլ լույսը կարմիրի փոխվեց ու չհասցրեցի փողոցն անցնեմ: Ավտոբուսն էլ գնաց: Տխուր-տրտում, մի քիչ էլ ջղայնացած, որ դանդաղ էի քայլել, արևի տակ ունքերս կիտած կանգնեցի սպասելու մյուս ավտոբուսին: Չգիտեմ մտքերով ուր էի հասել, հանկարծ լսեցի մի պապիկ հարցնում է. «Աղջիկ ջան, հա՞յ ես»: Շփոթված ասացի` հա: Ապա նա շարունակեց. «Երևի գիրք կարդալ սիրում ես, ա՛յ տես, ինչ փոքր գիրք ա, համոզված եմ, որ մի շնչով կկարդաս: Քեզ շատ կօգնի, խնդրեմ, վերցրո՛ւ»: Միանգամից հասկացա, որ Եհովայի վկաներից է: Այնքան էլ բարեհամբույր ծերուկ էր, որ չգիտեմ ինչու սկսեցի խղճալ նրան: Տեսնես իրեն դո՞ւր էր գալիս արևի տակ այդ գրքույկները բաժանել: Սովորաբար, որ դասի գնալուց հանդիպում եմ Եհովայի վկաներին ու իրենց «փրկող» գրքույկներն են առաջարկում, ավելի ճիշտ՝ խնդրում, որ վերցնեմ, լուռ վերցնում եմ ու գցում ճանապարհին հանդիպող առաջին իսկ աղբարկղի մեջ: Բայց այս անգամ խիստ հայացքով ասացի` ես կարդալ չգիտեմ:
-Անգլերեն տարբերակն էլ ունենք, սպասիր դա տամ.- Երևի մտածեց, թե հայերեն գրել, կարդալ չգիտեմ: Ինչևիցե, տրամադրություն չունեի խոսելու:
Բարեբախտաբար ավտոբուսն եկավ, քարտս ցույց տվեցի վարորդին, գլխով արեց ու անցա առաջ: Ընդամենը մի տեղ կար ազատ, նստեցի: Կողքիս կինը սպիտակամորթ էր, հավանաբար ամերիկացի: Նա ձեռքը դրել էր ճակատին ու հենվել պատուհանին: Հանկարծ սկսեց խոսել( անգլերեն).
-Նոր այնտեղ էի նստել, գլխացավ առաջացավ մոտս: Այդ մարդը, - ցույց տվեց իմ աջ կողմի նստատեղի առջևում նստած սևամորթին,- իր բացասական էներգիան փոխանցեց ինձ: Երևի դրանից էլ գլուխս սկսեց ցավալ: Անհեթեթություն է ավտոբուսով տեղ գնալը:
Զարմացած շրջվեցի նրա կողմը՝ գլխի չընկնելով, որ իմ հետ է խոսում... Հետո հարցրեց, թե կարո՞ղ է հայ եմ: Ասացի՝ այո, չհասկանալով, թե իմ հայ լինելն ինչ կապ ուներ այդ պահին: Հետո սկսեց իր կյանքի պատմությունը, իսկ ես, որ մինչ այդ պատրաստվում էի գիրքս հանել պայուսակիս միջից, սկսեցի նրան լսել:
-Իմ հայրն էլ է հայ, - սկսեց նա:
-Իսկապե՞ս,- չգիտեմ ինչու ուրախացա ես:
-Այո, ես նրա մոտից եմ գալիս: Այսօր երկրորդ անգամ էի տեսնում նրան: Երևի էլի կտեսնվենք: Պատկերացնո՞ւմ ես, 43 տարի չգիտեի, թե ով է հայրս: Մայրս ինձ երբեք չի պատմել նրա մասին: Նույնիսկ չգիտեի, որ կիսով հայ եմ: Տարօրինակ է...
Նա չէր սպասում, որ ես ինչ-որ բան ասեմ. հանգիստ շարունակում էր իր պատմությունը.
-13 տարեկանից սկսել եմ աշխատել: Գիտե՞ս ինչքան եմ տանջվել: Ես մանկություն չեմ ունեցել... միանգամից մեծացել եմ ու կիսել միայնակ մորս հոգսերը: Հիմա էլ հայրս հայտնվում է ու ասում, որ իր դուստրն եմ...
-Նա ինչպե՞ս ձեզ գտավ,- հետաքրքրվեցի ես:
- Մի ամիս առաջ 2 պաշտոնական հագնված մարդիկ եկան ու ինձ հաղորդեցին այդ լուրը: Ասացին, որ նա ուզում է տեսնել ինձ: 92 տարեկան է: Շատ հարուստ, շատ... Բարեկամներս ծիծաղում էին վրաս՝ ասելով, թե բախտավոր եմ ու զուտ փողի համար էլ կարելի է հանդիպել այդ մարդուն... ինչի՞ս են պետք նրա փողերը: Չէ, չեմ ասում, որ փողի կարիք չունեմ... հիմա ինձ համար շատ վատ ժամանակաշրջան է: Ես ու ամուսնինս բաժանվում ենք, ահագին փող պիտի տամ նրան, ինչը ես չունեմ, սակայն այսինչ-այսինչն ինձ օգնում է... գուցե բախտը կժպտա ինձ ու ամեն ինչ լավ կլինի: Երևի հիմա մտածում ես, թե այս կինը գիժ է: Բախտը նրան արդեն ժպտացել է, հարուստ հայր ունի, իսկ նա դեռ բախտի ժպտալուն է սպասում... Է՜հ, ողջ կյանքում երազել եմ հայր ունենալ... իսկ ես գիտե՞ս նրան ինչ ասացի, երբ առաջին անգամ հանդիպեցինք:
Սպասում էր, որ մի բան ասեմ, իսկ ես հարցական հայացքով նայեցի իրեն: Նա շարունակեց.
-Ասացի, որ ամբողջ կյանքիս ընթացքում սպասում էի այդ օրվան, որ ասեմ ես մանկություն չեմ ունեցել: Հայրս խլել է իմ մանկությունը...
Հետո սկսեց խորանալ ու առանց դադարի պատմել տարբեր մանրամասնություններ: Ես կարծես թե չէի լսում... Համ արդեն հետարքիր չէր, համ էլ ավտոբուսի մեջ աղմուկ բարձրացավ ու չէր լսվում նրա ձայնը, շատ ցածր էր խոսում: Ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու հանկարծ որոշեց հենց ինձ պատմել այդ ամենը: Առաջին անգամ էր նման բան պատահում: Սովորաբար ինձ են հարցեր տալիս ու իմ կյանքով հետաքրքրվում ու չնայած ես չեմ հարցնում նրանց իրենց մասին, դա բոլորովին չի խանգարում, որ շարունակեն հարցաքննությունը: Իսկ ահա այս կինը բաց է անում իր սիրտը, առանց իմանալու, թե կողքի նստողն ով է: Հանկարծ բարձր տոնով հարցրեց.
-Իսկ գիտե՞ս ով է նա:
Ուսերս թափ տվեցի: Ի՞նչ իմանայի:
- Քըրք Քըրքորյանը:
-Ի՞նչ: Չի կարող պատահի,- զարմացա ես:
Ահավոր անսպասելի էր լսել Քրքորյանի անունը: Միանգամից մտածեցի, որ այդ կինն իսկապես հորինում էր ամեն ինչ:
-Այո, այո, հենց ինքը... ես այդ միլիոնատիրոջ աղջիկն եմ... այսօր նրան երկրորդ անգամ էի տեսնում: Ռեստորանում միայնակ նստած էինք: Նա շատ բարի էր, միայն ժպտում էր: Ես կարոտ էի հայրական այդ ժպիտին... Ուզում է ինձ օգնել: Բանն այն է, որ նրա 2 երեխաներն իրենը չեն: Կնոջ երեխաներն են: Ես դա այսօր իմացա... այդ պատճառով էլ նա ուզում է ինձ օգնել: Փաստորեն, դուրս է գալիս, որ նրա միակ երեխան ես եմ: Մի երկու շաբաթ առաջ ինձ նրա մարդկանցից մեկը զանգեց ու ասաց, որ նա իր ընկերություններից մեկն ինձ է նվիրում: Ուզում է, որ ես տնօրինեմ այն: Ես, իհարկե, հրաժարվեցի, բայց դրանից մի 2 օր հետո ինձ նորից զանգեցին ու այն ընկերության վեբէջը տվեցին... Երբ բացեցի այն, ի՞նչ ես կարծում, ի՞նչ տեսա: Այնտեղ իմ անունն էր գրված. այդ ընկերության տնօրենը հիմա ես եմ: Չես պատկերացնի, թե ինչ զգացի այդ պահին: Նույնիսկ հիմա նկարագրել չեմ կարող: Դա մի յուրահատուկ զգացմունք էր: Ես երջանիկ էի... ոչ թե ֆիրման ստանալու համար էի ուրախացել, այլ զգում էի, որ մենակ չեմ աշխարհում: Վերջապես զգում էի, որ այդ ամենն անում է մի հարազատ մարդ` իմ հայրը...
Հետո նա մի հոգոց հանեց, իսկ ես դեռ չէի հավատում, որ դա իրականություն է: Մտածում էի` հայ տեսավ, սկսեց հեքիաթ հորինել: Հետո իր պայուսակը բացեց, ահագին թղթեր ու դոկումենտներ կային մեջը...
-Այդ ընկերությանն է: Տվել են, որ ծանոթանամ: Ինչքան ասացի ես չեմ կարող, ասացին, որ կսովորեցնեն.: Ես շատ բան չեմ ուզում... կսովորեմ ու միայն իմ աշխատանքին հասանելիք գումարը կվերցնեմ... ինձ պետք չի ոչինչ: Իմ հորը գտնելն էլ հարստություն է ինձ համար: Պատկերացնո՞ւմ ես, նա ինձ չէր մոռացել: Նա ինձ հիշեց ու նույնիսկ գտավ... չնայած, չգիտեմ արդյո՞ք նրան ներել եմ իմ մանկությունը խլելու համար, թե՞ ոչ:
Անկախ ինձանից ժպտացի, իսկ նա գլուխը կախեց.
- Լիմուզինով ինձ տարան օդանավակայան, ինքնաթիռ նստեցրին և ասացին իրենց մարդիկ այստեղ կդիմավորեն ինձ նույն ձևով ու տուն կտանեն, բայց ես խնդրեցի, որ դա չանեն, ոչ թե նեղություն չտալու համար, դա նեղություն չի իրենց համար, այլ ուղղակի չեմ ուզում հրաժարվել իմ կյանքի ձևից: Ես պատրաստ չեմ լքելու այն, ինչպես նա լքեց իր...
Նա կանգ առավ, հետո շարունակեց.
- Գլխացավս անցավ... մարդիկ տարբեր են...ասում եմ, չէ՞, այն տղան իր բացասական էներգիան ամբողջովին հաղորդեց ինձ: Դրա համար էի տեղս փոխել: Հետո դու եկար, մտածեցի քո էներգիան էլ վրաս կգա, բայց չէ... շատ հաճելի էր զրուցել... ցավոք ես պիտի իջնեմ...հաջողություն:
-Մնաք բարով, - ասացի ես՝ նստելով նրա տեղը:
40 րոպե էր անցել, դեռ կես ժամ էլ կար համալսարան հասնելուն: Գիրքս հանեցի, որ կարդամ, բայց չկարողացա: Այդ կնոջ էներգիան փոխանցվել էր ինձ...
1 comment:
ejy baceci, mi 2 tox achqovs anckacreci u arden uzum ei pakei, mtacelov vor hertakan institutain temaov text em kardum - bayc heto parzvec lriv urish ban, mi shnchov kardaci. aveli chisht patkeracreci. u havatum em.
Post a Comment