Տարեդարձիս օրը էրեխեքով գնացինք մի տեղ հաց ուտելու, իբր ծնունդ նշելու: Ընդհանրապես էդ օրը նշել չեմ սիրում՝ առանց որևէ պատճառի, բայց դե առիթ էր Անահիտի հետ հանդիպելու, ուստի որոշեցինք City Walk գնալ. միշտ ուզում էինք, բայց չէր ստացվում, քանի որ ոչ ես եմ քշում, ոչ էլ ինքը:
Էս անգամ Արմենուհին ասաց, որ ինքը կտանի. նախօրոք իրեն էլ էի ասել, որ գա.... Մի խոսքով՝ գնացինք Hard Rock Cafe: Նստեցինք, պատվերը բերեցին, էս կողմ- էն կողմ, ընթացքում Արմենուհին դիտմամբ մատուցողին ասաց, որ ծննդյանս օրն է: Ինքս ինձ ջղայնացա, բայց դե ի՞նչ օգուտ. հաշիվը չէին բերում, որ փակեմ ու փախչեմ: Մատուցողն ասաց՝ նստեք, չգնաք, հիմա կգամ...
Ես գլխիս գալիքը գիտեի: Մի պահ ուզում էի քրեդիտ քարտերս քրոջս տալ ու դուրս գալ, որ ինքը հաշիվը փակի, բայց զգացի, որ սիրուն չի լինի: Էրեխեքը թե՝ ի՞նչ պատահեց, ասացի՝ էս ա մատուցողներով կգան կշարվեն կողքս Happy Birthday երգելու: Սկսեցին ծիծաղել վրաս, բա թե՝ բան ու գործ չունե՞ն, գան երգեն քո համար, մարդը գնաց հաշիվը բերելու:
Ախր մի անգամ մեքսիկական ռեստորան էինք գնացել հորաքրոջս ծննդյան կապակցությամբ, տատս չգիտեմ իսպաներեն ինչ բլբլաց մատուցողի հետ, հինգ րոպե անց բոլոր աշխատողներն եկան մեր սեղանի շուրջը կանգնեցին ու սկսեցին երգել... Մենք էլ իրենց հետ:)
Եվ այսպես շատ չանցած մատուցողն եկավ: Ձեռքին մի փոքրիկ պաղպաղակի տորթ կար: Ինձ տեղիցս հանեց, տարավ մեր սեղանից մի քիչ հեռու կանգնեցրեց, տորթը տվեց ձեռքս, վրան մի հատ մոմ դրեց, վառեց, մի քիչ սպասեց, որ համոզվի մոմը չի հանգչում, ձեռքը դրեց բերանին ու գոռաց.
Attention please! This is Norin. She is celebrating her 21st birthday here!!!! I'm gonna count up to three and you all gonna wish her happy birthday!!! OK?
-Okaaaaaaay!
-Go!
-Happyyyyyyyyyy BDaaaaaaaaayyy!
Ականջներս խլացան մատուցողի զիլ ձայնից... Բազուկ էի դարձել, բայց ինձ չկորցրեցի ու մոմը փչեցի՝ ներվայնանալով, որ շուտ պրծնեն ու ես փախչեմ... Մինչ մատուցողին շնորհակալություն էի ասում, նա հետաքրքրվեց՝ մոմը ինքն իրեն հանգավ, թե ես հանգցրեցի...
Մի անգամ ևս համոզվեցի, որ ինչից փախչում եմ, գլխիս է գալիս:
Հետաքրքիրն էն էր, որ վերջապես քսանմեկս էր լրանում ու իրավունք էի ստանում ալկոհոլ խմելու: Որոշել էի ալկոհոլով ինչ-որ խմիչք պատվիրել ու ինքս ինձ շնորհավորել: Մենյուն ձեռքս էի վերցրել ու մի ժամ փորձում էի որոշում կայացնել, էն էլ հանկարծ հիշեցի, որ IDս չեմ վերցրել հետս: Մինչև չստուգեին տարիքս, չէին բերի պատվերը, բայց հետաքրքիր է ինչու հավատացին, որ ծննդյանս օրն է, միգուցե խաբում էինք:
Ինչևիցե, հազիվ դուրս եկանք ու գնացինք բոուլինգ խաղալու....
No comments:
Post a Comment