Thursday, April 30, 2009

Միջանկյալների շրջան

Երկուշաբթի քիմիայի միջանկյալն էր. կիրակի օրս պարապելով անցավ, բայց վերջում ահագին բան մնաց աչքի տակով անցկացնելու: Երբ Արմենուհին գրեց՝ ժամը ութին ենք Արտյոմի հետ գնալու, մտածեցի կգնամ, բայց դասի չեմ նստի, գրադարանում կպարապեմ, բայց գիշերը 3:30 քնեցի (Հովոյին Հայաստանում ապրած տարիներից էի պատմում, քունը չէր տանում, հարցեր էր տալիս, էն էլ հետո ինքը քնեց, իսկ ես ընկա հիշողությունների գիրկը):

Առավոտյան Արմին գրեցի՝ ես չեմ գալիս, պարապելու եմ, գրեց՝ allright, բայց հաստատ գիտեմ, որ մի կուշտ ծիծաղել է, որովհետև չի հավատում, այսինքն՝ գիտի, որ տանը դաս անել չեմ կարողանում, մանավանդ երբ գիշեր չի: Ինչևիցե, ժամը իննին արթնացա ու սկսեցի պարապել: Տանը մարդ չկար, այսինքն Հովոն տանն էր, բայց քնած էր: Չզգացի ժամանակը ոնց անցավ, ինչպես նախորդ օրը, երբ ընդմիջմանը Հովոյին խնդրեցի ձեռնոցները բերի, որ բոքս խաղանք: Թարմանալ էր պետք: Արդյունքում մռութս ուժեղ հարված կերավ. քթիս արնահոսությունը չէր դադարում: Վերջը, 3:30 տանից դուրս եկա, մի ժամից համալսարանում էի: Երեխեքը խումբ-խումբ հավաքվել իրար հարցեր էին տալիս: Մտանք լսարան, պրոֆեսորն ասաց, որ հատուկ տեղեր է նշանակել բոլորիս համար: Ես առջևում էի, միշտ էլ քննությունների ժամանակ դիմացն եմ նստում, ուստի սովորական էր ինձ համար, իսկ կողքիս չինացին փնթփնթում էր ու դժգոհում, որ իր ազգանունն Ա-ով է սկսվում ու ստիպված դիմացը պիտի նստեր: Խնդիրները դժվարոտ էին, ավելի ճիշտ շփոթեցնող էին, բայց դե հանձնեցի, պրծա:

Ավտոբուսի մեջ էի, երբ Մելինեն զանգեց: Գիրք պիտի տար հայերենի դասի համար, զարմացել էր, որ չէի գնացել դասի: Առաջին անգամ էի բացակայում էդ դասից: Պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել:

Հայլենդի վրա էինք, երբ մի կին նստեց ավտոբուս ու մի մարդ՝ վարդագույն վերնաշապիկով ու կապույտ, հնաոճ կոստյումով: Վերջինս հանգիստ փռվեց երեք տեղանոց նստարանին, էն կինն էլ անհամբեր գոռաց՝ «սկյույզ մի», որից հետո տղամարդն ուշքի եկավ ու սիրով տեղ տվեց նրան: Էդ «սկյույզ մին» շատ էր էդ մարդու դուրն եկել ու խնդրեց կնոջը, որ էդ ակցենտով իրեն էլ սովորեցնի «սկյույզ մի» ասել, կինն էլ իրանից գոհ-գոհ սկսեց մի բան էլ ավել սովորեցնել... հետո անցավ հայերեն, ռուսերեն, վրացերեն և այլ տարբերակներին... Իբր վեց լեզու գիտեր. մայրը ուկրաինացու ու լեհի խառնուրդ էր, հայրը՝ հայ: Պատմում էր իրենից գոհ-գոհ` կոտրած անգլերենի արանքում հայերեն բառեր չխնայելով, իսկ ավտոբուսի ժաղովուրդը ուշադիր լսում էր ու հիանում, հետն էլ կրկնում՝ գամարջոբա՜, բարև՜ և այլն:

Ծիծաղս հազիվ էի զսպում, ոնց-որ կինո լիներ: Ես այնպես էի նստել, որ իմ դեմքը չէր տեսնում ինքը, էն էլ Արմենուհին զանգեց, ստիպված սկսեցի հայերեն խոսել, էդ կինը խառնվեց իրար, անմիջապես շրջվեց, մի հատ նայեց.

-She from Armenia, Armenian she speak,-հայտարարեց իր նոր աշակերտներին ու վազելով իջավ ավտոբուսից:

Ժամը 7:45 էր, երբ տուն հասա, սկսեցի ստատիստիկայի լաբն անել, հաջորդ օրն էլ դրա միջանկյալն էր: Տասին վերջացրեցի լաբը, թղթերս հանեցի, որ պարապեմ, զգացի մի բան էն չի. մի անտանելի գլխացավ սկսվեց ու հիշեցի, որ էդ օրը ոչինչ չէի կերել: Պարզապես սովածություն չէի զգացել, իսկ ուտելու մասին մտածելու ժամանակ էլ չունեի: Ինչևէ, արդեն ուշ էր. դեղ խմեցի ու տեսնելով, որ ոչ մի օգուտ չի տալիս, պառկեցի քնելու: Առավոտյան 4:30 արթնացա ու սկսեցի պարապել, որոշ բաներ չհասցրեցի նայել ու հենց դրանց մասին էին հարցերը:

Միջանկյալից հետո ինձ կորցրել էի, մի տեսակ ցրված էի: Արմի հետ գնացինք Ackerman հաց ուտելու, սալաթ վերցրի, բայց ուտել չկարողացա: Արմը խոսում էր, բայց ես չէի լսում...
-What's going on with you?
-Չգիտեմ: Գնա՞նք արդեն:
-OK, let me finish my coke. We'll leave in ten minutes.

Տաս րոպեն երկու ժամ դարձավ, սկսեցինք խոսել տարբեր թեմաներից, ժամանակն էլ թռավ: Գրադարանում ո՛չ քիմիայի գրքերիս երեսն էի ուզում տեսնել, ո՛չ էլ ստատիստիկայի: Հանեցի «Ծաղկած փշալարերն» ու սկսեցի կարդալ: Երեք ժամում ընդամենը քսանհինգ էջ կարդացի: Տեղս հանգիստ չէի կարողանում նստել, անընդհատ գլխումս մտքեր էին հայտնվում , սկսում էի մտածել- մտածել, մինչև Արմը հանկարծ նկատում էր ու ասում՝ դաս արա՛: :)

Ռեժիմս կարգավորել է հարկավոր:

No comments: