Հինգ տարի առաջ, մայիսի քսանին, ժամը 00.00-ին, Երրորդ Մասի մեր տանը, որտեղ արդեն մեր բարեկամն էր բնակվում, մերոնք դեռ կենացներ էին խմում ու ինձ բարի ճանապարհ մաղթում, իսկ ես մռթնած նստել էի ու էդ ամբողջ ժամանակվա ընթացքում պատկերացնում էի, թե ոնց է ինքնաթիռն ընկնելու ու ես խեղդվելու եմ օվկիանոսի հենց մեջտեղում՝ առանց մերոնց կարոտն առնելու:
Մինչ այդ մաման էր զանգել ԱՄՆ-ից, Հովոյի ու Վալի հետ էլ էի խոսացել: Սիրտս լցվել էր: Եղբորս հետ չորս ամիս չէի խոսացել... որ հեռախոսը վերցրեց, էնքան ուրախացա, որ խոսել չկարողացա: Կցկտուր հարցեր էի տալիս ու պատկերացնում, որ վերջին անգամ եմ խոսում, իսկ նա միայն «հա» ու «չէ» էր պատասխանում:
Վալի հետ շատ երկար խոսեցի: Շատ ուրախ էր ու անհոգ. պատմում էր իր հայ ընկերուհուց, որին նոր էր հանդիպել դպրոցում, նոր վարձած տնից, թե ինչը որտեղ են դրել, ոնց են դասավորել, որ իրեն մամայենք փոքր սենյակն են տվել, իսկ ինքը մեծն էր ուզում, որ ես կգնամ ու երկուսով կհամոզենք փոխել սենյակները, որ ինքն արդեն մենակ հանգիստ գնում է հորաքույրների տուն, ճամփաները գիտի: Արանքում անգլերեն բառեր էր օգտագործում, իսկ ես հա հարցնում էի ՝ էդ որն ա, էս որն ա, ծիծաղելով բացատրում էր ու ասում ՝ կգաս, դու էլ կսովորես: Ես էլ մտածում էի՝ ես ավելի շուտ ձկներին կեր կդառնամ, քան կհասնեմ Լոս ու անգլերեն կսովորեմ: Վերջում ասաց՝ վաղը կտեսնվենք, վերջապե՜ս, անհամբեր քեզ ենք սպասում, քեզ բարի թռիչք, բայ:
Քեռին նկատեց, որ տխրեցի ու կատակով ասաց՝ Նարի՞ն, էսքան դիմացել ես, վերջին րոպեին արդեն կարոտին չե՞ս դիմանում:
Ժպտացի:
Ահագին խոսելուց ու ինձ հույս տալուց հետո բոլորը գնացին քնելու, իսկ ես մտորումների գիրկն ընկած նստած մնացի բազկաթոռին: Արծրունն ու Տաթևն էլ մտքափոխվեցին ու որոշեցին չքնել: Արծրունը սկսեց ֆոկուսներ անել կարտերով, մի քիչ ցրվեցի: Հետո իրանք կարտ էին խաղում, իսկ ես սովորությանս համաձայն տան մեջ պտտվում էի:
Ժամը չորսն էր, երբ մաման զանգեց ու զարմացավ, որ դեռ տանն ենք ու ժողովուրդն էլ քնած են:
-Թռիչքը ութին ա, մամ, չենք ուշանա, մի՛ մտածի:
-Հա, բայց մինչև շարժվեք, էս կողմ, էն կողմ, ահագին կտևի:
-Մամ, երկու ժամ իզուր Զվարթնոցում ենք սպասելու , թող քնեն էլի:
-Դե դուք գիտեք, բայց չուշանաք:
-Հա, վեցի կողմերը դուրս կգանք:
...
Վեցն անց էր, երբ տաքսիներն եկան, բոլորը տեղավորվեցին ու շարժվեցինք դեպի Զվարթնոց: Վեշ-մեշը հանձնեցինք, մնաց ձեռքիս պայուսակը, էդ էլ, ճիշտ է, ծանր չէր, բայց անհարմար էր: Մեջն էլ բառարաններ ու եսիմ ինչեր էին ԱՄՆի հարևանի համար: Իմ եղած-չեղածը թողած, իրենց համար էի տանում:
Զվարթնոցում ոչինչ չէր փոխվել: Ընդամենը չորս ամիս առաջ էի այնտեղ եղել՝ մերոնց հրաժեշտ տալու համար: Հիշում եմ՝ չէի ուզում գնալ, ասում էի՝ ես տանը հաջող կասեմ, ինչ տարբերություն հիմա օդանավակայանում, թե տանը: Վախենում էի հրաժեշտի պահին չդիմանամ ու սկսեմ լացել: Բայց երբ էդ պահը հասավ , հանգիստ մերոնց գրկեցի, համբուրեցի ու ասացի՝ շատ չկարոտեք, գալու եմ: Քույրս ու մամաս հուզվեցին, տատիկն ու մորքուրն էլ մյուս կողմից սկսեցին , ես էլ անկախ ինձնից ծիծաղում էի ու ասում՝ ինչի՞ եք լացում, ուրախ ճանապարհեք, որ լավ տեղ հասնեն, ասում էին՝ ուրախությունից ա: Իսկ երբ արդեն բոլորս հրաժեշտ տվինք, դուրս եկանք ու ապակիների միջով՝ իրենք ներսից, մենք դրսից, կանգնած իրար էինք նայում: Մամայի ու Վալի արցունքներն ավելի առատ էին հոսում, պապան ժպտում էր ու ասաց՝ լավ կլինի (բերանի շարժումից հասկացա), ես էլ էի ժպտում ու աչքով-ունքով հասկացնում, որ չլացեն: Հետո պապան ձեռքով արեց, որ գնանք, թե չէ Հովոն էլ էր արդեն սկսում: Երբ արդեն հեռանում էինք, ինչ- որ մեկը հանկարծ անհանգստացած ասաց՝ Հայկը չկա: Քեռուս փոքր տղան անհետացել էր: Դե արի էդքան ժողովրդի մեջ Հայկ գտի: Ամեքս մի կողմ վազեցինք, բայց անօգուտ: Քեռուս գույնը կորավ, տատիկս վատացավ, մենք էլ չգիտեինք ինչ անենք... Հայտնեցինք, որ կորել է, ահագին անց տեսնենք՝ մի ոստիկան ձեռքից բռնած բերում է: Էդ քսան րոպեում մեր զգացածը մեզ մոռանալ տվեց ամեն ինչ, իսկ երբ Հայկն եկավ, հազիվ բոլորիս սիրտը տեղն ընկավ: Ինչևէ, շատ շեղվեցի:
Հիմա ինձ էին եկել ճանապարհելու: Գնում էի: Մենակ: Անլեզու:
Ֆրանսիայով պիտի գնայի: Տատիկը փորձում էր Լոս գնացող մեկին գտնել, որ ընկերակցի ինձ, բայց բոլորը վախեցած ասում էին, որ Լոս չեն գնում: Հազիվ մեկը գտնվեց. միջին տարիքի մի կին էր: Ծանոթացանք, դես-դեն, վերջում պարզվեց, որ ինքը Հոլանդիայով էր գնում: Ես էլ ջղայնացա, ասացի՝ մենակ կգնամ, ինչ լինում է լինի, մարդկանց հանգիստ թողեք... ու արդեն թողել գնում էի, մեկ էլ մերոնք բոլորը հետևիցս վազեցին թե՝ Նարին, բա մեզ հրաժեշտ չես տալի՞ս: Նարինն իրեն կորցրել էր, էնքան, որ հրաժեշտի մասին մոռացել էր: Քեռին մինչ այդ ասել էր էն ապակիների մոտ կանգնեմ, որ վերջին հաջողն անեն, ասել էի հա, բայց գլխիցս թռել էր: Հետո հիշեցի, արդեն ուշ էր...Իրենք էլ սպասել, սպասել, գնացել էին...
Ինքնաթիռում մեջտեղն էի նստած: Լուսամուտի մոտ նստողը ֆրանսիացի էր, իսկ մյուս կողքս մի հայ մարդ էր՝ լիքը խաչբառերով: Մոռացել էի մի խաչբառ կամ գիրք վերցնել հետս: Պարապությունից նայում էի, թե ոնց է լուծում ինքը, մեկ էլ մի հատիկ խաչբառ հանեց էդ տրցակի արանքից թե՝ ա՛ն, զբաղվի, ասացի՝ մերսի, բայց աչքերս կուլ էին գնում, գիշերը չէի քնել: Չնայած ոչ մի րոպե էլ չկարողացա քնել: Նստած քնելուն սովոր չէի. ինչ իմանայի, թե Ամերիկայում գլխիս ինչեր էր գալու հետո:
Մոտ մի 5 ժամից հասանք Փարիզ: Կողքիս հայը, որ Փարիզ հանգստանալու էր գնում ընտանիքի հետ, մինչև էդ հետաքրքրվեց ուր եմ գնում և այլն ու հենց իմացավ, որ ոչ անգլերեն գիտեմ, ոչ ֆրանսերեն, մի ֆրանսիահայ պապիկի հետ ծանոթացրեց, ասաց՝ ինքը քեզ մինչև մյուս ինքնաթիռ կտանի, թե չէ մենակ կկորես: Ուրախացա, բայց կարճ տևեց ուրախությունս, որովհետև էդ պապիկի խոսացածն էլ չէի հասկանում: Ինչևէ, ապրի էդ մարդը, ահագին տեղ առաջնորդեց ինձ, տարավ Լոս գնացող հայերի հետ ծանոթացրեց ու գնաց: Չնայած հետո էդ հայերը չգիտեմ ոնց անհետացան, մնացի մի հայ տղայի հույսին: Ինքն անգլերեն գիտեր, այստեղից-այնտեղից հարցնում էր կամ կարդում էր ինչ ուղղությամբ պիտի գնանք ու գնում էինք: Հասանք մի ստուգման կետի, որ արդեն ավտոբուս պիտի նստենք, որ ինքնաթիռի մոտ տանի, էդ տղեն ասաց՝ իմ պայուսակը դու պիտի անցկացնես, քեզ բան չեն ասի, մի վախի: Սկսեցի կասկածել՝ ի՞նչ կա մեջը, ինչի՞ դու չես տանում: Խուսափողական պատասխաններ էր տալիս, ինձ էլ էնքան էին ասել, որ ով ուզում է լինի, չվերցնեմ պայուսակ, եսիմ մեջն ինչեր կլինեն, կրակը կընկնեմ, մի խոսքով՝ հրաժարվեցի, ինքն էլ նեղացավ: Ինձ թողեցին անցնեմ, իրան ահագին պահեցին, քրքրեցին, հետո վերջին վայրկյանին բաց թողեցին:
Էս մի ինքնաթիռում էլ էին հայեր կողքս նստած, բայց հայերեն հազիվ էին խոսում. ռուսախոս էին: Մի մոմենտ հազիվ աչքս կպել էր, էն էլ էդ անֆայմ կինն արթնացրեց. ուտելու ժամն էր: Աչքերս բացեցի նայեցի, էլի փակեցի: Էլի խփեց, որ մի բան վերցնեմ:
-Ուտել չեմ ուզում, քնել եմ ուզում,- ասացի: Աչքերը ոլորեց վրաս: Նայեցի, ձայն չհանեցի, շարունակեցի քնելու փորձերս, բայց էդպես էլ քնել չկարողացա: Մղձավանջի մեջ էի. ականջներս դղրդում էին: Երբ աչքերս բացեցի, ահավոր թուլացած էի: Տեսա ինչ-որ բան էր վերցրել իմ համար: Ասա՝ եթե էդքանը ֆայմում էիր, մինչև արթնացնելն անեիր էլի: Ինչևէ: Փորձեցի ուտել: Լոբով ձուկ էր, անտանելի համ ուներ: Չկարողացա....
Ու էդպես մոտ 11 ժամ հետո հազիվ վայրէջք կատարեցինք: Դե հիմա էլ արի էս օդանավակայանից դուրս արի: Ժողովուրդը մի քանի շարքով հերթ կանգնեցին, արի ու իմացի որ շարքին ես պատկանում: Ոչ մի հայ էլ աչքովս չընկավ, որ գոնե հարցնեի: Մի կերպ մի հերթից մյուսն անցնելով, իմ տեղը գտա, անձնագրիս մեջ պեչատ խփեցին, առանց նայելու վերցրի ու գնացի: Ահագին ոլոր-մոլոր տեղերով հասա մի տեղ, որտեղից չգիտեի էլ ուր գնամ: Մի սևամորթ եկավ, խոսեց-խոսեց, ասացի՝ չեմ հասկանում (էդ մի նախադասությունն անգիր գիտեի): Ձեռքով-ոտքով հասկացրեց, որ ճամպրուկներս պիտի վերցնեմ: Դրանց մասին ընդհանրապես էի մոռացել : Գնացինք ճամպրուկների մոտ, ցույց տվեցի որոնք են, դրեց սայլակի վրա ու ձեռքով նշան արեց ոնց գնամ, ինքն էլ ետևիցս բերում էր սայլակը: Մի տեղ դուրս եկանք, սկզբում չհասկացա ինչն ինչոց էր: Մեկ էլ հեռվից անունս լսեցի, մորս ձայնն էր ու միանգամից վազեցի: Էլ ի՞նչ ճամպրուկ, ի՞նչ պայուսակ:
-Աղջիկ ջան, վեշերիդ տեր կանգնի, էս ա կթռցնեն,- մի հայ մարդու ձայն լսեցի, բայց դա էլ ինձ չէր հետաքրքրում, ես ժողովրդին հրմշտելով մորս ձայնի կողմն էի վազում: Վերջապես հասա, ընկա գիրկն ու արցունքներս իրենց ազատություն տվեցին: Փաստորեն հասել էի...
Տանն արդեն բոլորը մեզ էին սպասում: Սկսեցին ծանոթություններն ու հարցուփորձը: Բայց իմ վրա հալ չկար, քունս տանում էր:
-Այ բալա, հիմա դու պիտի արթնանաս օրենքով, Հայաստանում արդեն լուսանում ա:
-Ես ստեղի ռեժիմով էի շարժվում Հայաստանում:
Հետո հյուրերը գնացին, իսկ ես չնայած էդ անտանելի հոգնածությանը, Վալի հետ խոսում-խոսում էի ու չէի կշտանում: Հետո քնեցի ու մայիսի այդ քսանն այդպես ավարտվեց: Իմ ամենաերկար օրն էր, որի սկզբում հարազատներիս հետ էի հարազատ երկրում, իսկ վերջում՝ էլի հարազատների հետ, բայց օտարության մեջ, ուր ինձ անհամբեր սպասում էին դեպրեսիան ու կարոտը:
Այսօր դեպրեսիան էլ իմ հետ չի, ճամփու եմ դրել, բայց կարոտը դեռ կա ու կլինի, չնայած այն սկզբում ուժեղ էր տանջում, հետո հաշտվեց հետս, ընկերացավ...
Առավոտյան պատրաստ սպասում էի, որ Արմն իջնի գնանք: Տաս րոպե անցել էր տանից դուրս գալու ժամից, բայց ինքը չկար ու չկար: Մեկ էլ գրեց, որ քնած է մնացել, շուտով կգա: Էդ շուտը կես ժամ տևեց, դրա համար տասնհինգ րոպե ուշացանք դասից: Պայմանավորվեցինք գրադարանում հանդիպել, էն էլ դասի ժամին Վալը գրեց, որ ինքն է գալու տուն տանելու: Երկուսին համալսարանում էր լինելու: Ուրախացա, մանավանդ գիշերը շատ ուշ էի քնել, պարապելու տրամադրություն չունեի:
Հայերենի դասից հետո միանգամից վազեցի, նստեցի մեքենան՝ հույս ունենալով, որ մի քիչ տանը կքնեմ, հետո էլ դաս կանեմ, էն էլ Վալը եսիմ ինչ պիտի գներ հեռախոսի համար, ճամփին կանգնեց, տեսա Բորդերս գրախանութի մոտ ենք, իջա ու գնացի այնտեղ: Իմ ամենասիրելի գրախանութն է, որ մտնում եմ, ժամերով մնում եմ մեջն ու տուն-տեղ մոռանում: Հեռախոսս էլ թողել էի մեքենայի մեջ:
-Ես քեզ որտե՞ղ գտնեմ Բորդերսում, կորելու ես: Ինչի՞ չվերցրիր հեռախոսդ,- նկատեց Վալը:
-Որ շատ մնամ,- ներվերի հետ էի փորձում խաղալ,- կնստես մեքենայի մեջ կսպասես մինչև գամ:
-Հայ-հա՜յ:
Great Reads բաժնում էի, Վալն եկավ գտավ ինձ: Հեմինգուեյի A Moveable Feast գիրքն էր ձեռքիս:
-Բեր էդ գիրքը ես առնեմ քո համար:
-Ինչի՞:
-Էսօր Ամերիկա գալուդ հինգերորդ տարին ա լրանում, կհիշես էլի,-ասաց ու գրքի մի օրինակ վերցրեց:-Կկարդա՞ս չէ բայց:
-Հա՛,-ժպտացի:
Հետո գնացինք կողքի սրճարանը, սուրճ պատվիրեցինք: Մարդ չկար համարյա, հավեսով կնստեի էդ գիրքը կկարդայի, բայց Վալը գործեր ուներ անելու, թողինք դուրս եկանք: Էս բանկից էն բանկ էր գնում, էն բանկից մյուսը: Ժամանակը թռավ: Հետո գնացինք Հովոյին էլ դասից վերցրեցինք, տարանք խանութ, եսիմ ինչ էր առնելու ընկերոջ համար: Ժամը հինգի կողմերն էր նոր մտանք տուն:
-Էս ժամին վայրէջք կատարեցինք: Էն ոնց էի վախում,-հիշեցի ու մտածեցի՝ տեսնես ե՞րբ կգնամ Հայաստան...
1 comment:
Նարինե ջան, արդեն 2 օր է` կարդում եմ գրառումներդ, շատ հետաքրքիր ես գրում, կեցցես: Դեռ ամբողջը չեմ կարդացել, բայց այս գրառումդ շատ դուր եկավ: Ավելի շատ կուզենայի կարդալ Լոսում քո առաջին օրերի մասին, քո տպավորությունները, զգացողությունները...
Post a Comment