Էսօր առավոտյան Արմենուհին գրեց, որ չի գալիս, ուստի մենակ գնացի: Շուտ դուրս եկա տանից. քունս չէր տանում, կոկորդս սպանում էր ինձ գիշերը ու անհամբեր լույսը բացվելուն էի սպասում:
Ամպամած էր եղանակը, հանգիստ քայլելով բարձրացա կանգառ, նստեցի ավտոբուս....Ճամփան էնքան երկար թվաց, չնայած ընդամենը քառասուն րոպե էր անցել: Համալսարանում մարդ չկար, դանդաղ ման գալով հասա էն շենքին, որտեղ դասս էր լինելու, բարձրացա իններորդ հարկ ու վերևից սկսեցի ուսումնասիրել համալսարանը: Միշտ էս դասից ուշանում էի, հետո վազում էի գրադարան, իսկ էսօր կես ժամ շուտ էի հասել ու մի լավ վայելեցի էդ սիրուն տեսարանը:
Լաբից հետո գնացի մի բաժակ տաք սուրճ գնեցի, Ֆրանցի դիմացի նստարաններից մեկին տեղավորվեցի ու սկսեցի ստատիստիկա կրկնել: Երկու ժամ ազատ ժամանակ ունեի, էդքանը կրկնողության համար շատ էր, դրա համար կողքից հավեսով սկյուռիկների խաղերին էի հետևում: Ահագին անց Արմենուհին գրեց թե՝ հաց չուտես, միասին կգնանք: Ուզում էի պատասխանել, էն էլ գլուխս բարձրացրեցի, տեսնեմ դիմացովս անցնում է: Նկատեց, եկավ ուրախ-ուրախ ու միանգամից ասաց.
-Heey, I got a kitten!!!
Զարմացած նայեցի երեսին: Երեկ տուն գնալիս ասում էր, թե ինչքան է ուզում կատու ունենալ, բայց ծնողները չեն թողնում տան մեջ պահի:
-Ո՞նց,- հարցրեցի:
-Տյոմը երեկ գիշերը բերեց: Քնած էի, մեկ էլ լսեցի ասում ա՝ Արմենուհին կուրախանա: Միանգամից իմացա, որ կատու ա բերել: Տեղիցս հելա ու վազեցի: Էնքան լավն ա: Սպասի ցույց տամ:
Իսկականից մռութ ձագուկ էր: Ես կյանքում կատու չեմ սիրել, այսինքն խուսափել եմ էդ կենդանիներից, բայց էս մեկը լավիկն էր: Ինքը սպիտակ էր, ականջները սևուկ: Մի նկարում էլ Արմի պապայի մոտ էր նստել կատուն, պապան էլ ջղային դեմք ուներ: Պատկերացնում եմ, որ Արմը էնտեղ չլիներ, խեղճ կատվին քացով կտար ու կգցեր բազմոցից: Հարցրեցի՝ բա ձերոնք ի՞նչ ասեցին:
-Պապաս ջղայնացավ: Թարսի պես էլ գնում իրա մոտ էր նստում, ինքն էլ ասում էր՝ ես քո դուշմանն եմ, ընչի՞ ես մոտս գալիս: Բա՛: Տեսնում ես, Աստված ինչ ուզում եմ, տալիս ա, բայց ընչի՞ եմ ես սենց...Ասում եմ ժամանակս չի հերիքում, բայց ...
Ահագին խոսելուց ու բողոքելուց հետո, Արմը գնաց դասի, ես էլ իմ ստատիստիկայի հետ մնացի:
Դասից մի քսան րոպե ուշ դուրս եկա: Դասի ավարտին հինգ րոպե էր մնացել, դասախոսը նոր հիշեց, որ թեսթ պիտի գրեինք ու ասեց նստեք գրեք: Արմն արդեն ռոզիսկ էր տվել: :) Գնացինք մի կտոր հաց ուտելու. մեկը պետք էր, որ մեզ հրեր, տեղից հաներ ու ուղարկեր գրադարան: Հազիվ վեր կացանք, գնացինք սրճարան: Սիրտս սառը սուրճ էր ուզում, էն էլ Արմը չթողեց խմեմ.
-Ոչ մի սառը կոֆե, կոկորդիդ մասին մտածի մի քիչ, աղջիկ ջան: Ես էլ եմ տաք խմելու, իմ հետ տաք կխմես, օքե՞յ:
Կարո՞ղ էի չհամաձայնվել: :)
Սուրճը վերցրինք, գնացինք դրսում մի քիչ նստեցինք, իսկ հետո շարժվեցինք դեպի գրադարան: Ժամը երկուսի կողմերն էր արդեն: Ընթերցասրահում տեղ ու դադար չկար: Որ մի ազատ տեղին մոտենում էինք, ասում էին ուրիշի համար են պահել: Ասեցի իջնենք ներքևի հարկ, բայց դե էնտեղ էլ էր նույն պատմությունը լինելու: Հազիվ երկու տեղ ազատվեց, պարսիկներ էին դիմացներս, նստեցինք ու անցանք դասերին: Հետո պարսիկները գնացին, ես իրենց տեղը նստեցի, Արմին ասեցի՝ դե հիմա տես, ով գա, ասելու եմ զբաղված են էդ երկու տեղերը: Տեսնեմ իրենց դուր կգա՞: Բարեբախտաբար ոչ մեկն էլ չեկավ: :)
Ահագին պարապեցինք: Ես քիմիա էի անում, Արմը ռեֆերատ էր գրում երաժշտության դասի համար:
Լեկցիան կարդալու ժամանակ մեկ-մեկ շեղվում էի ու ընկնում մտածմունքների գիրկը:
-Քիմիայի մասի՞ն ես մտածում,- հանկարծ ընդհատեց Արմը:
-Չէ,- անկախ ինձնից ժպտացի:
-Բա ինչի՞ մասին ես մտածում:
-Եսիմ,- իսկապես հոդս ցնդեցին մտածմունքներս, սպանեին էլ, չէի հիշի ինչի մասին էի մտածում: Երևի չէի էլ մտածում, ուղղակի «սառել» էի:
-Ոնց-որ ամպերի վրա լինեիր:
-Հա՞:
-Սիրահարվա՞ծ ես:
Էս որ ասեց, մի հիստերիկ ծիծաղ բռնեց, էլ չասած: Հազիվ կարողացա ինձ զսպել: Մենակ էդ «հարվածն» է պակաս հիմա...
Ուզում էի մինչև ութը մնայինք, էն էլ վեցի կողմերն էր, Արմն ասաց՝ Արսենն եկել ա տանի: Հավաքեցինք մեր եղած-չեղածն ու եկանք տուն: Երբ շենքի մոտ էինք, հիշեցի Արմի ասածն ու սկսեցի ծիծաղել:
-Ի՞նչ եղավ:
-Հեչ:
-Դե էլ չեմ հարցնելու: Մենակ-մենակ ծիծաղում ես, մարդ բան չի հասկանում:
Դե արի ու բացատրի, թե ինչու ես ծիծաղում: Էդ շատ լուրջ թեմա է, բայց ինչու եմ միայն ես անլրջությամբ մոտենում, Աստված գիտի:
-Բարձրանանք վերև, կատվիս էլ կտենաս:
-Չէ, մի ուրիշ անգամ: Վաղը կտեսնվենք:
Ընդհանուր առմամբ լավ օր էր, որովհետև արև չկար: Արև չեմ սիրում: Ճիշտ է, նստարանին նստած մրսում էի, ուժեղ քամի էր, բայց հավես էր...
No comments:
Post a Comment