Friday, June 12, 2009

Երկրորդ կուրսի վերջին տասներորդ շաբաթը

Վերջապես երկար սպասված արձակուրդս սկսվեց: Ճիշտ է, մի շաբաթ է տանն էի, քննությունները շուտ էի վերջացրել, բայց թե օրերս ո՞նց անցան, չհասկացա: Համ էլ որ գրավոր ունեի գրելու, մի տեսակ ազատ չէի զգում. անընդհատ հիշում էի, որ անելիք ունեմ. հիվանդությունն էլ մի կողմից էր խեղդում: Մի խոսքով՝ մի շաբաթս անտեղի անցավ, չնայած ահագին հիշվելիք իրադարձություններ տեղի ունեցան, որոնց մասին ստեղ չեմ պատրաստվում գրել:

Չգիտեմ ինչու, էս քառորդին բոլոր դասախոսներս կարծես ձեն-ձենի տված քննության օրերը վերջին շաբաթվա մեջ նշանակեցին, էդ պատճառով էլ քննությունների համար նախատեսված շաբաթվա ընթացքում ազատ էի, իսկ տասներորդ շաբաթն իսկական դժոխք էր: Երկուշաբթի օրս անցավ հավանականությունների տեսության լաբի քննության համար կոդեր սովորելով: Մինչև գիշերվա երեքը ամբողջ քառորդի անցածը նորից ձեռքի հետ արեցի, վերհիշեցի, հետո էլ Սանչեզի տված անցյալ տարվա տարբերակը փորձեցի անել: Ժամը 4:20 պառկեցի, բայց անհանգստությունից քունս չէր տանում: Գիտեի, որ էդ վերհիշելը ոչ մի կոպեկ չարժեր, եսիմ ինչեր էր տալու, որ չէինք կարողանալու կողմնորոշվել ոնց անել:

Վերջին անգամ ժամին որ նայեցի՝ 5:50 էր, իսկ 6:30 աչքերս բացեցի: Քունս չէր տանում: Վեր կացա, սկսեցի տան մեջ ման գալ: Մաման սուրճ էր խմում, պապան ու Հովոն արդեն գնացել էին, Վալն էլ հեռախոսը ձեռքին եսիմ ինչ էր գրում: Հանկարծ մի բան հիշեցի նախորդ օրվա զրույցից ու ծիծաղս պահել չկարողացա: Դե արի ու բացատրի, թե ինչ պատահեց ու ինչու ես ծիծաղում:

-Դագաղիս մեջ կամեռա են դնելու,- միայն սա կարողացա ասել:

Մաման, իհարկե, ոչինչ չհասկացավ: Երևի մտածեց երազ եմ տեսել: Վալն էլ թե՝ ուզում են տեսնեն ո՞նց ես փտում...

Սկսում էի նյարդայնանալ սպասելուց, լավ է, հենց էդ ժամանակ էլ Արմը գրեց, որ չի կարողանում արթնանալ, ուշ ա գալու: Ուրախացա: Պայուսակս վերցրեցի ու գնացի կանգառ: Նույնիսկ ջուր չվերցրեցի հետս, մի հատ սպրայթ էի գցել պայուսակիս մեջ: Ավտոբուսի մեջ ծարավ զգացի, բացեցի էդ սպրայթն ու ... բացելս ու ֆշշալով թափվելը մեկ եղավ: Որ տուգանք տային, տեղին կլիներ: Սփրայթի մեջ կորա: Դիմացս բարի մեքսիկուհի էր նստած, անմիջապես սրբիչ հանեց ու տվեց, որ պայուսակս չորացնեմ: Բայց դե ահագին թղթեր արդեն հասցրել էին թրջվել:

Տենց թաց-թաց բարձրացա իններորդ հարկ ու մեր լսարանի դիմացը կանգնեցի: Արդեն ժամը ութն անց էր, դասարանի մի մասը քննության էր: Հանկարծ դուռը բացվեց ու մի չինացի աղջիկ դուրս եկավ լացելով, Սանչեզն էլ նրա ետևից: Մի քանի բան փսփսաց, էդ աղջիկը տենց հեկեկալով թողեց գնաց: Քարացա. մտածեցի ուրեմն իսկականից շատ դժվար ա լինելու: Առաջին անգամ էի տեսնում չինացին էդ օրն ընկնի: Սիրտս կանգնեց:
Մի հարց չէի հասկացել ոնց են անում: Երբ Ալեքսն եկավ, հարցրեցի, ասաց ինքն էլ չգիտի, հետո էլ հույս տվեց, որ չմտածեմ, իբր անցյալ տարվա օրինակի նման է լինելու: Քիչ հետո էլ մի աղջկա հետ մոտեցավ թե՝ Նիկոլն ա, ծանոթացի ու էդ հարցդ հարցրու, խելացի ա ինքը, կիմանա: Իսկապես լավ էլ բացատրեց Նիկոլը: Մի քանի հատ էլ ուրիշ կոդեր կրկնեցինք, որը որ դեպքում են օգտագործում և այլն, մինչև ժամը ինը դարձավ, լսարանը դատարկվեց ու մենք մտանք ներս:

Տեղավորվեցինք կոմպերի դիմաց, անհագստությունս անցավ, մտածեցի՝ ինչ լինելու է, թող լինի: Սանչեզը քիթը բարձր կանգնել էր, Տեսսը թղթերը բաժանեց ու անցանք գործի: Երկու հարցը ծանոթ էր, գիտեի ոնց պիտի արվի, մյուս երկուսը՝ չէ: Բայց հենց հերթը հասավ էդ ծանոթ հարցերին, ոնց կոդը գրում էի, նորմալ պատասխան չէր ստացվում, ներվայնացա, ինչ խելքիս փչեց գրեցի, տպեցի, հանձնեցի ու դուրս եկա: Կյանքում տենց բան չէր եղել հետս, բայց ինչևէ:

Երկու ժամ ազատ էի, գնացի գրադարան քիմիայի խնդիրները տպելու, որ իբր սկսեմ քիմիա պարապել: Խելքս գլխիս չէր: Արմը հա թեքստ էր գրում, մեխանիկորեն էի պատասխանում: Ու էնքան էի անջատված, որ պրինտ էի անում, գնում առաջին պրինտերի մոտ կանգնում, բայց իմ թղթերը դուրս չէին գալիս: Վերջում չդիմացա ու գնացի աշխատողին խնդրեցի, որ ստուգի ինչ ա կատարվում: Արդյունքում իմացա, որ երրորդ հարկի լսարաններից մեկի պրինտերն եմ ընտրել, թղթերս էնտեղ են: Մնացի ապշած: Բայց ո՞նց:
Ինչ արած: Մոտ մի 150 էջ արդեն տպել էի: Մնում էր գնայի լսարանից լսարան, համար առաջին պրինտերը գտնեի ու թղթերիս տեր կանգնեի: Սևերեսի պես մտա մի սենյակ, նայեցի, թղթերս չկային: Խեղճերի դասն էլ խանգարեցի: Հա՛ իրանք ուշադրություն չէին դարձնում, բայց ես հո գիտեմ, որ խանգարում էի: Տեսա տենց չի լինում: Գնացի էլի մի աշխատող գտա, խնդրեցի որ առաջին պրինտերի տեղը ցույց տա: Ասաց՝ ինքը կբերի, էն էլ գնաց եկավ թե՝ էնքան թուղթ կա, էդքանից ինչ իմանամ որն ա քոնը, հետս արի: Վերջապես, բոլորին իրար խառնելուց հետո, թղթերս ու ես իրար գտանք: Արդեն ստատսի լեկցիայի ժամն էր մոտենում, իջա ու ուղղվեցի դեպի լսարան:

Սանչեզն իր աչք ծակող վարդագույն պլաշով մի քանի րոպե ուշացումով մտավ լսարան , ու երբ հարցրեց լաբը ոնց էինք գրել, ես ալարեցի բերանս բացել, բայց ամբողջ դասարանը միաբերան պատասխանեց՝ horrible! Փաստորեն մենակ ես չէի: Բայց էդ ոչինչ չէր փոխում... Սկսեց ամփոփել անցածը, հաջորդ դասին էլ գրավոր քննությունն էր: Անընդհատ ուզում էի դուրս գայի դասարանից, խեղճ Սանչեզն աչքիս փուշն էր դարձել, բայց դե մնացի մինչև էն պահը, երբ evaluation թերթիկներն էր բաժանում, որ գնահատենք իր աշխատանքն ու կարծիքներ գրենք: Մեկ ուզում էի նստեի ու էդ մոմենտին ինչ մտածում էի՝ գրեի, բայց Սանչեզն ասաց. «Լաբի քննությունից առաջ պիտի տված լինեի գնահատեիք, գիտեմ, հիմա բոլորդ վատ բաներ եք գրելու, բայց դե ինչ ասեմ, ամեն դեպքում անկեղծ եղեք, չնայած իմ աշխատանք ունենալը ձեզանից է կախված...»: Դա լսելուց հետո թողեցի ու դուրս եկա լսարանից:

Չորեքշաբթի քիմիայի ու հայերենի վերջին լեկցիան էր: Քիմիան հեչ, բայց հայերենի դասը չէի ուզում վերջանար: Դասը սկսեցինք ընկ Քեշիշյանի կազմակերպած ներկայացումներից մի քանիսը դիտելով, հետո Փարաջանովի «Նռան գույնը» մի քիչ նայեցինք, ժամանակը սուղ էր, ուստի Բյուզանդը սկսեց ներկայացնել Գրիգոր Պլտյանի գրքերից մեկը: Պլտյանը ժամանակակից հայ գրող է, Ֆրանսիայում է ապրում, ձմռանն եկել էր ստեղ, մեր դասարան հյուր եկավ, շատ հետաքրքիր անցավ: Ինչևէ:

Բյուզանդը կիթառը բերել էր, Մեսչյանի «Տարօրինակ մարդ արարած» ու Հախվերդյանի «Լավագույն տղերքը» երգերը երգեց: Հիանալի էր... Ժամանակն, ափսոս, շատ քիչ էր... Վերջում Քեշիշյանը Վիոլետ Գրիգորյանի «Քաղաքը» գործը կարդաց բարձրաձայն: Չէինք հասցրել նրա գործերը քննարկել դասին: Այդպես էլ հրաժեշտ տվեցինք: Ինչ ուզում ա լինի, աշնանն էլի եմ հայերենի դաս վերցնելու ...իսպաներենին զուգընթաց:

Արմի հետ պայմանավորվել էինք դասերից հետո Northern Lights- ում հանդիպել, մի կտոր հաց ուտել ու գնալ պարապելու: Էն էլ հենց դուրս եկա դասից, գրեց՝ Ackerman արի: Ջղայնացա, չեմ սիրում, որ վերջին պահին որոշումը փոխում են, բայց դե եղանակը կարգին ամպամած էր, անձրև էլ էր եկել, չնայած ես հենց շենքից դուրս էի գալիս, անձրևը կտրված էր լինում: Հավեսով քայլելով հասա համալսարանի մյուս ծայրը: Նկատեցի, որ Արմը նոր հաստ բլուզ է հագել ու հասկացա, որ ցրտին չէր դիմացել, իջել էր Ackerman շոր առնելու: Թարս ա հարևանուհիս. շոգ օրերին շարֆով ա դասի գալիս, ցուրտ օրերին էլ մի բարակ մայկայով: Տենց էլ եղանակից գլուխ չհանեց: :)

Ուտելուց հետո գնացինք գրադարան: Տեղ ու դադար չկար: Ֆինալների ժամանակ միշտ էլ ասեղ գցելու տեղ չի լինում գրադարաններում: Բարձրացանք երկրորդ հարկ, հազիվ երկու տեղ նկատեցինք տարբեր սեղանների մոտ, նստեցինք ու անցանք պարապելուն: Հետո Արմը գնաց տուն, իսկ ես ժամը հինգին Սանչեզի դասի ընդհանուր ամփոփմանը պիտի գնայի:

Սանչեզը շատ ուրախ ու բարի էր երևում, այսինքն իր նման չէր էլի: Մեկ ու կես ժամում հազիվ յոթ խնդիր բացատրեց, մենակ խոսում էր ու խոսում: Զարմանալին էն էր, որ երբ երկու աղջիկ ուշացումով լսարան մտան, նա անմիջապես նկատեց, որ մեկը մեր դասարանից չի ու հարցրեց՝ ընկերուհի՞դ է: Էդ աղջիկն էլ առանց իրեն կորցնելու ասաց, որ իր կինն է, եկել է իր հետ դասը լսելու, չի՞ կարելի: Սանչեզը մի պահ մտածեց, հետո էլ թե՝ everyone is welcome in this class: Բոլորը քթի տակ ծիծաղեցին: Ընդամենը մի երկու շաբաթ առաջ մի անծանոթ տղայի լսարանից նենց դուրս արեց, որ մնացինք շշմած: Թե խեղճ տղան իրեն ինչ էր խանգարում, հանգիստ իր համար նստած էր էլի...

Աչքս գցեցի հեռախոսին, Վալը մի տաս անգամ գրել էր, որ սպասում ա արդեն, տենց էլ թողեցի ու դուրս եկա: Էդ իրիկունը պարապել չկարողացա: Առավոտյան շուտ արթնացա, մի քանի բան անցկացրի աչքիս տակով, քննությունից առաջ էլ մի քանի խնդիր գրեցի ու գնացի հանձնելու: Շատ բարդ չէր: Էդ էլ անցավ:
Մնացած օրերին քիմիա արեցի, էն տպածս թղթերի կեսին էլ ձեռք չտվեցի: Հենց ժպտում էի, Վալն ասում էր՝ երևում ա լավ պատրաստ ես, ուր ա թե պատրաստ էի: Իրականում արդեն միևնույնն էր՝ ինչ կլիներ...
Շաբաթ օրն էլ մի կերպ էդ հանձնեցի ու պրծա, եթե կարելի է պրծնել անվանել, իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում ուղղակի գամված էի անկողնուն ու ցրտից դողում էի էս ամառվա կեսին....

No comments: