Մեր ակվարիումում մի հատ գազարագույն, մեծ ձուկ կար: Որ հանկարծ հազարից մեկ մտքովս անցնում էր ձկներին կերակրել, էդ ձուկն առաջինն էր վեր լողում ու ամբողջ կերը կուլ տալիս համարյա, էն փոքրերն էլ երևի սոված էին մնում: Այսինքն ինչ փոքր, մի երկու հատ էին փոքրերից մնացել, մենակ դրանք էին փրկվել էդ «գիշատիչից». մյուսներին կերել էր:
Երեկ աչքս ընկավ ակվարիումին ու հրա՜շք... գազարագույն ձուկը չկար: Իր մեծության շնորհիվ թաքնվել չէր կարող: Փոխարենը մի քանի հատ ուրիշ մանր-մունր,տարբեր գույների ձկներ էին հայտնվել: Մամայից պարզեցի, որ «շուշա մաքրող» ձուկը իր սուր «քթով» փորը ծակել էր դրա ու վերջը տվել: Ուժեղից ուժեղը միշտ գտնվում ա: Ուղղակի հետաքրքիր էր, ինչի՞ մինչև հիմա տենց չէր համարձակվել անել: Երևի վերջապես սովը խեղճին ստիպեց նման ձևով վարվել իր հսկա ընկերոջ հետ: Վերջիվերջո մոտ չորս տարի իրար հետ էին ապրել...
Գազարագույնին թափելուց ու ակվարիումի ջուրը փոխելուն պես պապան գնացել նոր ձկներ էր բերել: Ահա թե ինչու էր ակվարիումը խայտաբղետացել: Չգիտեմ ինչու, ոչ մեկս էդ գազարագույնին չէինք սիրում: Պապան էլ անունը Դոդոշ էր դրել: Քանի-քանիսի կյանքը կերավ, նոր գնաց: Ինչ լինում-չէր լինում, նույնիսկ եթե բոլոր ձկները սատկում էին, դրան ոչինչ չէր պատահում: Զարմանալի դիմացկուն ձուկ էր: Հլը մի անգամ էլ «շնչահեղձ» լինելուց էր փրկվել:
Մի հինգ տարի առաջ էր կարծեմ, գիշերվա տասերկուսին դռան զանգը տվեցին, մեր դիմացի հարևանն էր: Խառնված մտավ ներս, բա թե.
-Ձեզ համար ձուկ եմ բերել: Եկա մտա տուն, տեսնեմ ակվարիումս ընկել- ջարդվել ա: Մենակ էս մեկն ա սաղ մնացել, խեղճը ինչքան վախտ ա առանց ջրի ա եղել, ասի՝ բերեմ ձեր ակվարիումը գցեմ, կլինի՞:
Ինչի՞ պիտի չլիներ: Ես մտածեցի, որ նոր ակվարիում կառնի ու կտանի իրա ձկանը, բայց չէ՜... Դրանից հետո համարյա ամեն օր պիտի գար իր ձկանը տեսության: Եթե ամեն օր չէր ստացվում, ապա գոնե շաբաթ օրերին պիտի պարտադիր գար ու նենց էր ուրախանում, երբ տեսնում էր, որ մենք բոլորս զարմացած իրան էինք նայում:
-Լա տեսեք ոնց ա մեծացել,- ասում էր ու իրենից գոհ-գոհ ծիծաղում:
Հետո էդ կինը տեղափոխվեց Օհայո, բայց էլի իր ձկանը չմոռացավ: Երեք ամիսը մեկ գալիս ա Հոլիվուդ ու անպայման այցելում: Հիմա հետաքրքիր ա ի՞նչ ռեակցիա կտա, երբ իմանա իր սիրելի ձուկը կյանքին հրաժեշտ ա տվել մի ինչ-որ գորշ, «Շուշա-մաքրողի» պատճառով:
No comments:
Post a Comment