Սբ. Վալենտինի օրը, ոնց էլ լինի, Վալին անպայման պիտի շնորհավորեն իր անվան համար: Տատիկիցս է գալիս էդ բարի «ավանդույթը»: Ինչքան ասում էր՝ տատ, էս օրը կապ չունի ինձ հետ, տատիկն ասում էր. «Ի՞նչ անենք, Վալենտինի օր ա, դու էլ իմ պուճուր Վալենտինան ես, ես էլ ուզում եմ քեզ շնորհավորեմ»:
Էս տարի էլ զուգադիպություն էր, թե ինչ, մերոնք նոր մեքենա գնեցին Վալի համար, որն էլ համարվեց նվեր` էդ օրվա կապակցությամբ: :)
Շաբաթ օրն ամբողջ օրը Վալը մեքենա ընտրելով էր տարված, ես էլ տանը նստած անհամբեր սպասում էի, որ գար, գնայինք ծաղիկներ պատվիրելու: Ես ու ընկերուհիս որոշել էինք մեր լավ ընկերոջ գլխին մի օյին խաղալ ու քանի որ երկար ժամանակ չգիտեինք ինչ անել (միշտ գլխի է ընկնում, երբ մի բան այն չի), վերջը որոշեցինք ծաղիկ ուղարկել իրենց տուն՝ երկար-բարակ պատկերացնելով, թե ինչը ոնց կլինի: Մի խոսքով՝ անընդհատ Վալին էի զանգում ու շտապեցնում, որ գա, բայց արդեն համարյա մթնել էր, երբ եկան: Նոր մեքենայով դուրս եկանք, տարվեցի հարցեր տալով ու ծաղիկ գնելու մասին ընդհանրապես մոռացա: Անին վերցրինք ու գնացինք Ամերիկանա: Ճամփին Անը հարցրեց, թե ինչ ծաղիկ ենք գնելու, ու ես հանկարծ հիշեցի, որ ստացողի հասցեն չեմ վերցրել: Վա՜յ-վո՜ւյ: Ասի՝ սպասեք, լավ, հիմա գուգլում սըրչ կանենք: Հասցեի հարցը լուծվեց:
Մտանք Ամերիկանա ու ինչ պարզվի, որ լավ լինի, Վալը ծաղկի խանութի տեղը չգիտի: Էդ հարցով իրեն էի վստահել, քանի որ հենց ինքն էր ասել՝ Գլենդելից կուղարկես, կգնանք Լիլիթի խանութ, ինձ էլ թվացել էր՝ ինքը շատ լավ գիտեր Լիլիթենց տեղը: Ինչևէ: Մի քիչ ջղայնացա: Նորից գուգլին դիմեցինք, բայց չգիտեմ ինչու հասցեն չէր գրվում, միայն հեռախոսի համարն էր: Վալը զանգեց, պարզվեց՝ Ամերիկանայից ահագին հեռու էր, դուրս եկանք նորից: Նախորոք կինոյի տոմսեր վերցրինք, որ իբր հետո կինո նայենք:
Մտնում ենք Լիլիթի խանութ: Մի աղջիկ ծաղիկներն է դասավորում, մյուսը կանգնած է կասսայի մոտ ու ժպտալով հարցնում է.
-Ի՞նչ եք ուզում:
-Ծաղիկներ...
-Ի՞նչ ծաղիկ ես ուզում, Նարինե,- հարցը պարզեցնում է Անահիտը: :)
-Վա՛րդ: Վարդեր ենք ուզում,- ինքնավստահ պատասխանում եմ՝ ուսոմնասիրելով կողքիս ծաղիկները, հետո շրջվում ու Անին հարցնում,- վարդ, չէ՞:
-Հա,- երկմտելով հաստատում է նա:
-Ի՞նչ գույն եք ուզում,- հարցնում է դասավորող աղջիկը:
-Կարմի՛ր,- էլի ինձնից գոհ-գոհ ասում եմ, հետո շրջվում ու Անին հարցնում,- կարմիր, չէ՞:
Անը ուսերն է շարժում:
-Իսկ ընդհանրապես ի՞նչ գույնի վարդեր ունեք,- հարցնում եմ էդ աղջկան, քանի որ մեծ տեսականի չեմ տեսնում, հիմնականում խառը-մառը, չդասավորված ծաղիկներ են:
-Գնա մյուս սենյակ, ընդե դրած են, կտեսնես: Հեսա, գազարագույն ունենք, [եսիմ ինչ ունենք] ... purple էլ կա, շատ սիրուն են:
-Չէ, purple չեմ ուզում,- անմիջապես վրա եմ բերում ու մերթընդմերթ նայում գազարագույն ու կարմիր վարդերին:
-Կարմիրը լավ ա, հը՞ Նան,- հարցնում եմ էլի:
-Հա, լավ է,- էս անգամ ավելի հաստատակամ է հնչում Անի պատասխանը:
-Կարմիր կվերցնենք,- հայտարարում եմ,- իսկ եթե հետը ասենք...
-Խորհուրդ կտամ միագույն ընտրեք,- խոսքս կտրում է վաճառողուհին:
-Լավ, ուրեմն կարմիր:
-Քանի՞ հատ եք ուզում:
-Քսան-քսանհինգ,-տատանվելով պատասխանում եմ:
-Զույգ ու կենտը հարցրու,-մեջ է ընկնում Վալը,-հանկարծ թաղման քանակ չլինի:
-Չէ, ստեղ տենց բաներ հաշվի չեն առնում, մեկ ա զույգ ու կենտը,- ժպտալով ասում ա աշխատողը:
-Հաստա՞տ,- կասկածանքով հարցնում եմ:
-Հա, հա:
-Լավ, ուրեմն քսանհինգ:
-Իսկ ի՞նչ ձև եք ուզում ծաղկեփունջը:
-Ի՞նչ նկատի ունեք: Ընդհանրապես ո՞նց եք սարքում:
-Դե կամ կլոր, կամ տափակ:
Կլորը հասկանում եմ, տափակը՝ չէ:
-Ո՞րն ա ավելի սիրուն:
-Տափակը: Ավելի ճոխ ա երևում:
-Իսկ տափակը ոնց ա լինում, մոտավորապես չէիք նկարագրի՞:
-Կարծեմ նկարել եմ երեկ, ընդհանրապես չենք նկարում, բայց երեկ մի հատ նկարեցի: Ցույց կտամ, բայց տափակը ավելի լավ ա էլի...
-Լավ, դե թող տենց լինի: Հա՞, Նան:
-Հա՛:
Նորից եմ նայում կարմիր վարդերին, աչքիս թոշնած են երևում:
-Իսկ ծաղիկները թա՞րմ են: :D
-Նարինե՛, հո ուտելիք չի՞, թարմ ա, թարմ չի,- ծիծաղում է Անը:
-Դե եսիմ, ուզում եմ լավը լինեն:
-Բոլոր ծաղիկներն էլ նոր ստացած են լինելու,- կարճ-կոնկրետ պատասխան եմ ստանում:
-Լավ...
Անցնում ենք մյուս սենյակ: Նույն հարցերը Լիլիթն է տալիս, որ մոտը գրի պատվերի համար: Հասնում ենք քանակին.
-Քանի՞ հատ:
-25:
-Ըմմ, երեխեք ջան, պիտի ասեմ, որ վարդերը թանկ են էսօր:
-Ոչի՛նչ,- վրա եմ բերում անմիջապես:
-Նարինեի ջոմարդությունն էլի բռնել ա,- մեկնաբանում է Անը: :D
-Չէ, ուղղակի ասում եմ, որ իմանաք էլի: Տոնի առթիվ ենք բարձրացրել գինը: Այ, որ երկու օր առաջ եկած լինեիք...
-Պարզ ա, ոչինչ,- ուզում եմ գնի խոսակցությունը փակվի, Լիլիթը կարծես հասկանում է:
-Իսկ ո՞ւմ եք ուղարկում:
Սպասում եմ, որ էս հարցին Անը պատասխանի, բայց նա համառորեն լռում է: Էլի ես եմ պատասխանում: Լիլիթը տղայի անուն է լսում ու պայծառ դեմքով հարցնում.
-Ի՞նչ առիթով:
-Ոչ մի,- կարծեց վերջակետ եմ դնում: :D
-Հենց ընե՞նց:
-Հա՛:
-Խեղճ տղու գլխին երկու ընկերուհի օյին են խաղում,- բացատրում է Վալը,- ընկերական խաղեր են տալիս:
Նայում եմ Վալին ու հայացքով ուտում՝ իբր ինչի ես բացատրում, էդ հեչ կապ չունի պատվերի հետ, պարտադիր չի որ իմանա:
-Ձեր մոտ հեչ տղաների համար ծաղիկ պատվիրողներ լինո՞ւմ են,- ամաչելով հարցնում է Անը:
-Էսօր ընդամենը երկու հոգի են եղել...
Անի սիրտը կարծես տեղն է ընկնում, մինչ էս ասում էր՝ երևի մենակ մենք ենք աղջիկ հալներովս ծաղիկ պատվիրում:
-Իրենց ամուսինների համար էին անում,- շարունակում է Լիլիթը: -Անցյալ տարի շատ էին. էս կապակցությամբ ծաղիկ առնողների մեծամասնությունը աղջիկներ էին: Զարմացել էինք: Ամուսինս ասում ա՝ դարը փոխվել ա, հիմա կանայք են ծաղիկ նվիրում տղամարդկանց, ես էլ ասի՝ հույս չունենաս, թե քեզ համար ծաղիկ եմ բերելու...
Մի խոսքով՝ ինչ որ պետք էր, նշեց, քարտի վրա էլ երկտող գրեցի, ինչ որոշել էի գրել, չգրեցի: Լիլիթն էլ մի հատ կարդաց, թե ինչ էի գրել, դրեց ծրարի մեջ ու պատվերն ընդունված համարեց: Մինչ այդ ասաց, որ մինչև մեկը տանել չեն կարող: Ասացի՝ պետք չի մեկին, քնած կլինի մեր ընկերը, երեքի կողմերը լավ ա: Պարզվեց՝ դա էլ էր շուտ, վեցի-յոթի կողմերը հազիվ կկարողանան տանել: Ինչ արած, դժգոհ-դժգոհ դուրս եկանք:
Գնացինք հայկական գրախանութ, հետո էլ ինձ հազիվ այդտեղից դուրս հանեցին, ինչ է թե կինոյից ուշանում էինք... Ճամփին մի մոմենտ մտածեցի՝ ինչ ենք արել ու կանգ առա:
-Նան, արի գնանք պատվերը հետ վերցնենք:
-Ինչի՞:
-Դու պատկերացնում ես ի՞նչ կլինի... Ամոթ ա, վախում եմ...
-Գժվե՞լ ես,- Անը ծիծաղից մեռավ:
Մնում էր մենակ սպասել, թե ինչ կլիներ հետո:
No comments:
Post a Comment