Վաղուց Թասլագեան (հայկական խանութ) չէի գնացել, էսօր էդ բախտը վիճակվեց, եթե կարելի է բախտ համարել։ Money order պիտի անեի անձնագրիս վավերացման մուծումն անելու համար, ամենահարմար ու մոտ տեղը դա էր։ Մեկ էլ 2006-ի նոյեմբերին էի գնացել՝ համալսարանի ընդունելության մուծումների համար էլի money order անելու։ Ուրեմն ժամը իննին հենց բացվեց խանութը, մտա ներս։ Ինձնից անմիջապես հետո էլ մի մեքսիկուհի եկավ։ Աշխատողին բարևեցի, գզգզված մազերով մի կին էր, որ առանց երեսը լվալու գործի էր եկել։ Մի հատ երեսիս էլ չնայեց, միանգամից հարցրեց մեքսիկին՝ ինչ է ուզում։ Ուղիղ հինգ րոպե կարգին չէր կարողանում հասկացնել էդ կնոջը, որ իրենք նրա ուզած ավտոբուսի քարտից չեն վաճառում։Վերջապես արհամարհական տոնով հարցրեց՝ դու ի՞նչ ես ուզում։ Ասեցի... Ձայն չհանեց, թողեց գնաց կասսայի մոտ։ Մեկ էլ մի հայ հաճախորդ եկավ, ավտոբուսի քարտ էր ուզում, էս աշխատողը գնաց սպասարկելու։ Մի քանի րոպե հահա-հիհի արեցին, համբերատար սպասեցի, վերջացրին, ուզում էի նորից հարցնել՝ money order անում են, թե չէ, որ իմ անելիքն իմանամ։ Էլի քիթը ցցած մոտեցավ կասսային,խոսափողը վերցրեց, թե՝ Վերոնիկա արի, money order են ուզում։
Եկավ Վերոնիկան, պարզվեց՝ քրեդիթ քարտ չէին ընդունում։ Ասացի՝ հիմա կգամ, հասկացնելով, որ չանհետանա։ Վալը մեքենայի մեջ սպասում էր, գնացի արագ-արագ գումար վերցրի, վերադարձա խանութ, Վերոնիկան անհետացել էր։ Էն գզգզված կինն էր մենակ, մինչ բերանս բացում էի, որ մի բան հարցնեմ, մուննաթ գալով սկսկեց փնթփնթալ՝ զզվել եմ էս խանութից, սրանց ձեներից։ Դեռ չէր հանգստացել, մի ուրիշ աշխատող (հիսունին մոտ կին, երեսը գաջած) մոտեցավ, ինչ-որ համեմունքների տուփեր մեկնեց ու սկսեց բացատրել, թե ոնց պիտի եփի ու խմի։
-Ախչի, դե սովորական եռացրած ջուր կլցնես։
-Ինչքա՞ն։
-Ախչի, դե թուրմ սարքած չկաս ոնց որ։
Բլա, բլա...
Ոնց որ ցորենի հասկ լինեի էնտեղ կանգնած։ Էլ չհամբերեցի, ասացի՝ ներողություն, մի հատ էլ Վերոնիկային կկանչե՞ք։ Նենց աչքերը ոլորեց, ոնց որ դուշմանը լինեի։ Չդիմացա ու քայլերս ուղղեցի դեպի դուրս, արդեն դռան մոտ էի, մեկ էլ հետևիցս կանչեց՝ հենա Վերոնիկան։ Մտքիս մեջ ասի՝ լույս քեզ տեսնողին։ Մի վայրկյանում արեց, տվեց order-ը, բայց կես ժամս իզուր անցավ։
Արդեն դեսպանատանն ենք։ Սպասում ենք վերելակն իջնի, որ բարձրանանք երկրորդ հարկ։ Մեկ էլ մի խումբ հայեր են գալիս, հասցնում են մեր հետ բարձրանալ։ Երկար ու նեղ միջանցքով քայլում ենք, հանգիստ մտնում ներս, մի քիչ մոտենում պատուհանին, որ հենց աշխատողը գա, մոտենանք թղթերը տալու, բայց մեր հետևից եկողները լեղապատառ իրենց մեջ են գցում ու մեր դիմացը տեղավորվում։ Ես էդ մոմենտին արդեն չգիտեմ էլ ծիծաղեմ, թե լացեմ։ Սուսուփուս հետ եմ գնում ու մտքիս մեջ ասում՝ ա՜յ քեզ հայ ժողովուրդ... բա կուլտուրան ո՞ւր ա։ Վալը ժպտում ա ու աչքով անում, իբր դիմացի էլի։
Դուրս ենք գալիս, սկսում եմ կսկծու ծիծաղել ու ասում՝ տեսնո՞ւմ ես ինչ են անում։
-Դե մեր հայերն են, ամեն տեղ էլ տենց են անում, ոնց որ թե նորություն էր,- հանգիստ պատասխանում ա Վալն ու ավելացնում,- բայց էն կինն ուժեղ էր, որ ամենաառաջը խցկվեց։
-Մեր հայերը,- կրկնում եմ հազիվ լսելի ձայնով ու էլ ոչինչ չեմ ասում
No comments:
Post a Comment