Քունս չի տանում: Արդեն համարյա երկու ժամ է, ինչ ինձ ստիպում եմ քնել, բայց բան դուրս չի գալիս: Ինչ արած, թարս մարդ եմ երևի: Քննություններին պարապելու ժամանակ անընդհատ քնել էի ուզում, նույնիսկ ութ ժամ քունը չէր բավարարում: Դասից գալիս էի տուն ու անջատվում, հետո արթնանում, մի քանի ժամ պարապում ու էլի քնում, իսկ հիմա, երբ վերջապես պրծել եմ մղձավանջներից ու սիրտս հանգիստ է, տեղս՝ տաք, չի տանում ու չի տանում: Այս ամենին գումարած, ինձ առողջ եմ զգում: Թե ջերմությունս ինչո՞ւ բարձրացավ ու սկսեց իրեն ցույց տալ քննությունների նախօրեին, չհասկացա:
Երկուշաբթի օրը, որ որոշել էի առավոտյան ութին արթնանալ ու կարգին պարապել, չստացվեց: Գլուխս տրաքում էր, մարմինս թուլացել էր, կոկորդս ցավում էր, ականջներս էլ դղրդում, վեր կացա դեղ խմեցի ու պառկեցի, հույս ունենալով, որ այդ ամենը կանցնի ու ի վիճակի կլինեմ դաս անել: Ի՞նչ անցնել, դրանք քիչ էին, սկսեցի մրսել, բայց ամբողջ օրն այդպես մնալ հո չէի կարող, վեր կացա գազը միացրեցի ու կուչ եկա կողքը, գիրք-տետր շուրջս փռելով, բայց որ ասեմ՝ կարդացածիցս մի բան մտնում էր գլուխս, սուտ կլինի: Մաման գործից եկավ տուն ու զարմացավ.«Տնաշեն, էս շոգին տունը քարաբաղնիս ես սարքել»: Բարեբախտաբար խմածս տերաֆլուն օգնեց մի քիչ լավ զգալուն ու մի քանի բան կարողացա գլուխս մտցնել:
Գիշերը գլուխս բարձին դնելն ու դողի սկսվելը մեկ եղավ: Կյանքում այդպես չէի մրսել, նույնիսկ Հայաստանի ուժեղ սառնամանիքների ժամանակ: Մտածում էի՝ կանցնի շուտով, կանցնի, բայց ոնց որ Սիբիրում լինեի, անտանելի էր: Մաման մի պահ արթնացավ ու նկատեց վիճակս, ջղայնացավ, թե՝ տունդ շինվի, բարձրացել ա տաքությունդ, ձեն չես հանում: Նորից տերաֆլու սարքեց, բերեց մոտս, հնար լիներ, միանգամից գլուխս կքաշեի, բայց շատ էր տաք: Երբ մի քիչ խմեցի ու բաժակս ուզում էի դնել գրասեղանին, մեր շենքն այնպես դղրդաց ու մահճակալս իրեն կորցրեց, որ քիչ էր մնում բաժակի պարունակությունը լցնեի այդքան երկար պահած ու փայփայած գրքի վրա: Երկրաշարժ էր: Վալը քնած տեղից միանգամից վեր թռավ ու սկսեց Հովոյին արթնացնել, որ դուրս գան: Բայց մեծ բան չէր, 4.4 բալ էր ընդամենը, ժամը 4:04: Իսկ ես քնել էի ուզում, ու, երբ դողն անցավ, հաջողվեց մի երկու ժամ քնել, որից հետո նույն թուլությամբ արթնացա ու գնացի քննության:
Երկու ժամ գրելուց հետո արդեն աչքերիս առաջ տառերը գնում-գալիս էին, զգացի, որ սկսում եմ մրսել: Կողքիս երեխեքը ամառային շորտերով ու պլեչներով, ես հաստ վադալազկով ու ջինսով... Իրենց տեսնում, ավելի էի մրսում: Գրածս ստուգելու հալ չկար վրաս, տարա հանձնեցի (հենց Նելսոնի ձեռքը տվեցի) ու սկսեցի բարձրանալ լսարանի աստիճաններով, մի պահ ասի՝ հետ նայեմ, տեսնեմ գրածս աչքի տակով անցկացնո՞ւմ է, թե՞ միանգամից դրել է արկղի մեջ (չեմ սիրում, որ հանձնելուց բացում, նայում են. ավելի լավ է՝ հետո ստուգեն, առանց իմանալու, թե ում գրածն է, հատկապես այս անգամ... ահավոր էի գրել), շրջվելս ու տեղիցս վեր թռնելը մեկ եղավ. Նելսոնը քթիս տակ էր:
-Oh, I'm sorry,-զգաց,- would you like to keep the exam? - հարցաթերթիկը մեկնեց ինձ: Վերցրեցի ու դուրս եկա...
Իջա Ակրմեն տաք թեյ վերցրեցի ու գնացի Geology, մյուս քննությանը դեռ մի ժամ կար, Սամենք դռան մոտ նստած էին, իրար հարցեր էին տալիս ու պատասխանում: Մի քանի հարց տվեցին, պատասխանեցի, զարմացան, որ հիշում եմ, բայց խնդրեցի հանգիստ թողնեն, ասելով, որ էլ բան չգիտեմ: Ու իսկապես, վերջին լեկցիաները ուղղակի թեթևակի աչքի տակով էի անցկացրել, գիրքն էլ չէի կարդացել: Սրանից էլ պրծա ու տուն հասնելուն պես անջատվեցի: Երեկոյան արդեն մրսելու փոխարեն շոգում էի, էն էլ ինչ շոգել: Նստած տեղս սիրտս ճաքում էր արդեն: Դուռը բաց էի թողել, որ իբր հով գա, բայց օդ չէր խաղում: Վալի հետ նստել էինք, ինքը քիմիա էր պարապում, ես էլ գենետիկայի գրքիս էի նայում ու... Արմի բարևը լսեցի: Նոր էր գալիս համալսարանից: Նայեց-նայեց մեր թափթփված գրքերին ու ասեց՝ կարա՞մ ես էլ գամ ձեր հետ դաս անեմ: Ինչո՞ւ ոչ: Գրքերը բերեց, նստեցինք սուս ու փուս՝ ամենքս մեր եղածին հայացքներս հառելով ու սկսեցինք պարապել: Հետո Վալը գնաց Հովոյին կարատեի պարապունքից բերելու, սուրճ էլ բերեց հետը ու այդպես մի քանի ժամ դաս արեցինք:
Էսօր քննությունից դուրս եկա, հեռախոսս անջատվել էր: Արմն ասել էր, որ կսպասի: Դե արի ու իմացի՝ որտեղ է: Ծանոթ մարդու տեսա, հեռախոսը խնդրեցի, Վալին զանգեցի, որ Արմին ասի՝ փարքինգ եմ գնում: Գնացի, Արմը մեքենայի մեջ քնած էր: Ամբողջ գիշեր մաթեմ էր պարապել: Տուն հասնելն ուղիղ երկու ժամ տևեց, վեցին վերջացրել էի, ութն էր, նոր հասանք: Այս տարի համը հանեցին իրենց ճանապարհաշինարարությամբ: Տեսնես մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու: Ճամփին ննջել էի, մեկ էլ Արմը գոռաց համարյա լացակումած.«Նարի՛ն, ռույլս չի շարժվում, lock ա եղել, ի՞նչ անեմ»: Էհ, Նարինն ի՞նչ իմանա: Մի խոսքով՝ դարձանք ավելորդ խցանման պատճառ, բայց երկար չտևեց: Չգիտեմ ինչեր արեց, կարողացանք էլի շարժվել:
Էս օրն էլ անցավ: Նոր հիշեցի, որ լուծվող սուրճով կաթ խմեցի երեկոյան, հենց դա էլ երևի չթողեց քնել, թե չէ սովորական սուրճն ընդհանրապես չի ազդում վրաս:
No comments:
Post a Comment