Հորաքրոջս տանը հյուր էինք Թբիլիսիում։ Մաման ու պապան տեղ էին գնացել, մենակ երեխեքն ու հորաքույրս էին տանը։ Գյուղից մեր նինթենդոն տարել էինք, որ չձանձրանայինք։ (Քաղաքում դուրս չէին թողում, կուզիններս էլ մեքենաներից բացի ուրիշ խաղալիքներ չունեին։) Հորաքույրս «Սանտա Բարբարա» սերիալն էր նայում ու շորեր էր արդուկում։ Մենք էլ անհամբեր սպասում էինք՝ պրծնի, որ սկսենք խաղալ։ Կարծեմ առաջին դասարանցի էի էդ ժամանակ։ Էնքան ձանձրացա, որ սկսեցի հորաքրոջս համոզել, որ թողնի ես արդուկն անեմ։ Թարսի պես չէր համաձայնվում։ Արդեն հույսս կտրել էի ու սուսուփուս նստած ես էլ էի սերիալ նայում։ Էդ սերիալի նայածս առաջին ու վերջին սերիան էր. ինչ-որ մեկի հարսանիքն էր, պայթյուն տեղի ունեցավ, սաղ խառվեցին իրար... Սկսեցի հարցեր տալ, թե ով ով է։ Մեկ էլ ի զարմանս ինձ, հորաքույրս ասաց՝ արի էս թաշկինակները արդուկի, ուզո՞ւմ ես։ Ուրախ-ուրախ տեղիցս վեր թռա ու գործի անցա։
Ուրեմն ադեալ էր փռած սեղանի վրա ու դրա վրա պիտի թաշկինակները արդուկեի։ Տարա-բերեցի ու տաք արդուկը կպցրի սփռոցին, մի ահագին մաս հալվեց։ Այլայլվեցի։ Սիրտս սկսեց արագ աշխատել։ Ախր նոր սփռոց էր, հենց էդ օրն էր հորաքույրս առաջին անգամ փռել սեղանին։ Չգիտեի՝ ինչ անել։ Ռիսկ չէի անում ասել նրան արածիս մասին։ Սկսեցի ինքս ինձ նախատել՝ քեզ արդուկ անե՞լ էր պետք, հանգիստ տեղդ նստեիր, էլի։ Էդպես առանց ձայն հանելու ձեռքս դրեցի հալված մասի վրա ու կանգնեցի, իբր ոչինչ չէր պատահել։
Երեխեքը սկսեցին խաղալ, ես տեղիցս չէի շարժվում։ Զարմացան, որ հրաժարվեցի խաղից, քանզի միշտ ամենաառաջինը ես էի վազում ու ինձնով պիտի սկսվեր խաղը։ Հորաքույրս հավաքեց, տարավ արդուկն ու ադեալը, չնկատեց քաջագործությունս։ Եկավ մոտեցավ, նստեց կողքս, հարցրեց, թե ինչու չեմ խաղում, ասացի՝ չեմ ուզում, սկսեց ավելի շատ հարցեր տալ, թշերս քաշել, սիրել, պոնչել ու տեսնելով, որ չի կարողանում համոզել, որ խաղամ երեխեքի հետ, գնաց իր գործերին, իսկ ես էդ ընթացքում մեծ դժվարությամբ ջանում էի ձեռքս տեղից չշարժել, որ չերևա հալված տեղը։
Նայում էի երեխեքին, նենց ուրախ, զվարթ էին, քիչ էր մնում լացեի։ Էդ պահին ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն էի զգում, որը մեծ հանցանք էր գործել ու չգիտեր ինչ անել։ Մի երկու ժամ կանգնելուց հետո չդիմացա ու կանչեցի հորաքրոջս.
-Հորքո՜ւր, մի բան ասեմ, չես ջղայնանա, չէ՞։ Սփռոցը արդուկով վառել եմ, հալվել ա։ Միամիտ եղավ...
Հորաքույրս սկսեց ծիծաղել, իսկ իմ արցունքները վերջապես դուրս հորդեցին։
-Այ Նարին ջան, ես քո վրա ջղայնանո՞ւմ եմ։ Չէ՛։ Բա ինչի՞ ես լաց լինում։ Ոչինչ, նորը կառնեմ։ Լավ ես արել, որ վառել ես։ Դրա՞ համար տեղիցդ չէիր շարժվում...
Կուզիններս եկան, մի փաթաթվել էին փաթաթվում, որ ինձ հանգստացնեին, ես էլ ավելի էի բորբոքվում... Հետո միշտ պատմում էին ու ծիծաղում։ Էհ, երանի էդ օրերին...
No comments:
Post a Comment