Իսպաներենի վերջին բանավորի համար չէինք պատրաստվել. Լիլին գնացել էր Արիզոնա՝ քրոջ ավարտականին ներկա գտնվելու։ Վա՜յ, մի քանի օրից Վալի ավարտականն էլ է (քոլեջի), բայց ես հավանաբար չեմ գնա։ Մի քանի պատճառներ ունեմ, որոնք կարևոր են ինձ համար միայն, ոչ ոք չի հասկանալու, չեմ էլ բացատրելու։ Հաջորդ օրը քննություն ունեմ ու վերջ։
Որոշեցինք էլի իսպաներենի քննությունից առաջ հանդիպել, որ մի քիչ խոսենք, քննասենյակում իրար երես չնայենք։ Ժամը ութին արդեն Լուվալում էի, Լիլին եկավ, Ռեյնան ինչպես միշտ ուշացավ։ Չնայած արդեն հունիս ամիսն է, բայց եղանակը կարգին ցուրտ էր, բոլորը սրճարանի ներսում էին ու ահավոր ժխոր էր։ Ստիպված դուրս եկանք, որ կարողանանք լսել, թե ինչ ենք խոսում։ Ոչ մի կերպ չէինք կողմնորոշվում, թե ինչի մասին կլինեն հարցերը։ Ահագին էլ ջրիկացել էինք։ Հանկարծ մյուս խմբի երեխեքին նկատեցինք, սկսեցինք հարցուփորձ անել, թե իրենց թեման ինչի մասին էր։ Պարզվեց, որ խոսացել էին, թե որպես իմիգրանտներ ինչ փորձությունների միջով են անցել և այլն։ Լիլին վատացավ՝ ես իմիգրանտ չեմ, ի՞նչ եմ պատմելու։ Ասացինք՝ դու հարցեր կտաս, մենք կպատմենք ու սկսեցինք։ Դեռ նախադասությունս չէի ավարտել, հարցրեց՝ ինչու ես եկել ԱՄՆ։ Ինձնից գոհ-գոհ պատասխանեցի, մեկ էլ տեսնեմ ուշքից գնացին։ Ընդամենը մի բառ սխալ էի ասել, ասածիս իմաստը փոխվել էր։ ։)
Գնացինք լսարան։ Թերթիկը էլի ես քաշեցի. էկոնոմիկայի մասին էր։ Մարդ չգիտեր՝ ինչ խոսեր, բայց հենց սկսելու պահն եկավ, տեսա աղջիկները խոսելու միտք չունեին, սկսեցի։ Շատ հանգիստ, մտածելով էի խոսում, իսկ նախորդ անգամ ոնց որ հետևիցս մարդ ընկած լիներ։ Մի պահ մենակ ես էի խոսում, Չեյզը կանգնեցրեց ու Լիլիին ասաց, որ խոսա, նա դեռ ոչ մի բառ չէր ասել, Ռեյնան մի քիչ բլբլացել էր արդեն։ Խեղճ Լիլին շփոթվեց ու սկսեց կմկմալ, մեկ էլ ասաց՝ soy nervioso, lo siento, բայց մտքերն իմի բերեց ու շարունակեց։ Հենց վերջացրինք, Չեյզը սկսեց սխալներն ասել: Տարրական սխալներ էի արել։ «Mal»-ի փոխարեն «malo» էի ասել, մեկ էլ ֆինանս բառին «ֆինանսիա» էի ասել, էդ էլ ոտքի վրա հորինեցի, ավելի ճիշտ, մտածեցի, որ ճիշտ կլինի, էն էլ՝ չէ... Լիլիին ուղղեց. nerviosa պիտի լիներ...
Էսօր լսելու մասն էինք հանձնում։ Դասարանի աղջիկներից մեկը, որ իսպաներեն համեմատաբար լավ գիտի, իմ ու Լիլիի միջև էր նստել, ձևեր թափելով ասաց՝ oy, yo soy muy nervioso: Լիլին անմիջապես ուղղեց սխալը, էս աղջիկն էլ թարս-թարս նայեց նրան, ոնց որ ասեր՝ դու էիր պակաս, որ ինձ ուղղեիր։ Ես ու Ռեյնան մեռանք ծիծաղից։ Լիլին էլ բացատրեց, որ էդ սխալի պատճառով ինքը ցածր էր ստացել և այլն... Էս էլ հանձնեցինք։ Չեյզը թխվածք, բան-ման էր բերել, ես շուտ թողեցի, դուրս եկա, որ իբր գամ դաս անեմ, բայց հեչ հավես չունեմ։ Քունս տանում է, չնայած երեկ շուտ էի քնել։ Չգիտեմ ինչ անեմ։
Էսօր դասերի վերջին օրն էր։ Մնացին քննությունները...
No comments:
Post a Comment