Վերջերս նկատեցի, որ եթե ինչ-որ մեկով հրապուրվել եմ, ապա սկզբում տարվել եմ նրա ձայնով, նույնիսկ սիրահարվել... ձայնին։
Հիշում եմ՝ ոնց էի կլանված լսում ու անընդհատ ուզում, որ ինքը խոսեր։ Միևնույնն էր, թե ինչ կասեր, կարևորը նրա ձայնն ու առոգանությունն էին։ Իսկ նրա պատմածներն անչափ հետաքրքիր էին... Ես աչքերս լայն բացած հառում էի ձայնի կողմն ու ուշադիր լսում, թե ինչպես են իրեն մեռած համարել, ինչպես է ինքն ապացուցել իր կենդանությունը, ինչպես է բանակում անցել կյանքն ու երկար-բարակ այլ պատմություններ։ Հիմա մտածում եմ՝ բա որ նկատած լիներ, որ անկուշտի պես իրեն էի նայում։ Մութ-մութ էր, ինձ թվում էր՝ որ ես իրեն չէի տեսնում էդ խավարի ճանկերում, ուրեմն ինքն էլ ինձ չէր տեսնում...Երանի էդպես լիներ...
Կարոտել եմ էդ օրերը։ Կարոտել եմ Զեյթունը։ Կարոտել եմ խելառ երեկոները։ Կարոտել եմ էդ թաղի երեխեքին։ Նույնիսկ ճիճուին եմ կարոտել։ Կարոտել եմ Արմանի անիմաստ կատակները։ Կարոտել եմ մեր կազմակերպած քեֆը։ Ամենից շատ կարոտել եմ նրա ձայնը...
Երանի էդ օրերին։ Օգոստոսյան երեկոներին պարապությունից ջահելությունը հավաքվում էր Ճիճուենց դարպասի մոտ։ Աթոռների, նստարանների, քարերի վրա հարմարվում ու սկսում հետաքրքիր զրույցներ անել դեսից-դենից...մինչև ուշ գիշեր, երբ բոլորի մայրերը հերթով դուրս էին գալիս ու կանչում տուն։
Ես հյուր էի մորքուրենց տանը, բայց մերվել էի թաղի երեխեքին, հարազատացել։ Առաջին անգամ էի էդքան երկար մնում էնտեղ, բայց տուն գնալ էլ չէի ուզում։ Հիշում եմ՝ մաման ամեն օր զանգում ու համոզում էր, որ վերադառնամ, կարոտել էին։ Ես էլ մորքուրին ասում էի, որ մամային համոզեր՝ էլի մնայի։ Ու ուրախանում էի, երբ ամեն անգամ մորքն ասում էր՝ Նար ջան, էս անգամ էլ մամայիդ համոզեցինք։
Ցերեկները հետաքրքիր չէին։ Մորքուրենց տանը վերանորոգում էր գնում, առավոտյան շատ շուտ պիտի արթնանայինք, որ վարպետները գային ու միանգամից գործի անցնեին։ Անհամբեր սպասում էի երեկոյին, որ միանայինք երեխեքի խմբին, որ էլի լսեի ձայնը...
Իսկ բաժակը պահելիս ձեռքս դողում էր... Էհ, էսքանն ինչի՞ հիշեցի... Ուղղակի նոր եմ հասկանում, ու երբ ձայնին սիրահարվում եմ, էդ մարդուց կտրվել չեմ ուզում... Ուզում եմ անընդհատ լսել, լսել, լսել... բայց դե...
No comments:
Post a Comment