Monday, September 6, 2010

Մխիթար

Երեկ «Մխիթար» ֆիլմն էի նայում։ Ջիգարխանյանին հեչ չէր սազում Մխիթարի դերը, ֆիլմն էլ առանձնապես դուր չեկավ։ Հիշում եմ՝ գիրքը ոնց էի կլանված կարդում։ Համ կարգին ինֆորմացիա էր տալիս (չնայած ով գիտի՝ ինչքանով էին ճիշտ մանրամասնությունները), համ էլ հետաքրքիր էր կարդացվում։ Գիտեմ որ դասից գալիս էի ու նստում էդ գիրքն էի կարդում՝ դեռ դասերս չարած, ու կտրվել չէի ուզում։ Հետո թողեցի մինչև անցա արձակուրդի ու մի շնչով մի քանի օրում պրծա։ Կարգին հաստափոր գիրք էր։ Էնքան շատ էի տպավորվել, որ նույնիսկ Տիգրանին խորհուրդ տվեցի, որ կարդա, ու հենց հաջորդ օրն էլ գիրքս տվեցի նրան։ Այսինքն՝ էդ խորհուրդ չէր. ես ուղղակի ստիպեցի նրան, որ կարդար, որովհետև իմ կարդացած պատմական գրքերից ամենահետաքրքիրը դա էր, իսկ Տիգրանն էլ պատմություն շատ էր սիրում։ Միշտ ինքն ու Մարը հայոց պատմության մասին գրքեր էին կարդում ու քննարկում միասին։ Ես էլ պատմություն չէի սիրում ու ունքերս կիտած նրանց մոտ կանգնում էի, մեկ մեկին նայում, մեկ՝ մյուսին։ Մի քանի անգամ «Սամվել»-ն էի ձեռքս վերցրել մի տաս էջ կարդացել ու մի կողմ գցել։
Հիշում եմ՝ Տիգրանը շատ էր ուզում Սողոմոն Թեհլերյանի մասին կարդալ, պատմության դասատուն էլ էդ գիրքը խոստացել էր բերել։ Մի օր մտավ դասարան, հայտարարեց որ գիրքը բերել ա։ Եկավ կանգնեց նստարանիս մոտ ու Տիգրանին նայելով ասաց՝ առաջինը Նարինեն պիտի կարդա, հետո նոր դու կտանես։ Տիգրանն էլ համաձայնվեց։ Դասատուն ա ասում, կարար չհամաձայնվե՞ր։ Ես էլ կատաղեցի ու ասի՝ ես չեմ ուզում կարդամ էդ գիրքը։ Ընդհանրապես շատ եմ ջղայնանում, երբ իմ տեղը որոշում են ինչ կամ ոնց անեմ... Դասատուս ապշած նայեց երեսիս.
-Չես ուզո՞ւմ իմանալ Թելերյանի մասին մանրամասն։
-Չէ՛,- կտրուկ պատասխանեցի,- համ էլ Տիգրանն էր ձեզանից խնդրել էդ գիրքը, ես չէի։
-Շատ բարի,- ասաց ու գիրքը վերցրեց, տարավ տվեց Տիգրանին։
Հետո մտածում էի՝ խեղճ տղեն ուզում էր ինձ լավություն աներ իբր, էն էլ չստացվեց։ Հեռու բարեկամ էր համենայնդեպս, գիտեի, որ չէր նեղանա, բայց դե իրա գլխից դուրս որոշում թող չկայացներ։
Հետո «խոդի ընկա» ու սկսեցի կարդալ, որ դասամիջոցներին պարապ չկանգնեմ երեխեքի մոտ։ Տենց էլ սկսեցի միայն պատմության մասին գրքեր կարդալ հիմնականում ու մի օր պատահականորեն մեր պահարանում գիրք փնտրելիս «Մխիթար Սպարապետն» ընկավ ձեռքս։ Կակռազ արդեն պատմության դասին անցել էինք էդ ժամանակաշրջանը ու չգիտեմ ինչի շատ էր վրաս ազդել, որ Մխիթարը բերդից փախել էր։ Դասատուս էլ անընդհատ դավաճան բառն էր շեշտում, ու նենց էր տպավորվել էր, որ Մխիթարն էր դավաճանը։ Պատմության դասագրքում ընդամենը մի պարագրաֆ էր Մխիթարի ու Հալիձորի բերդի գրավման մասին գրված, էն էլ նենց խառն էր, որ մարդ գլուխ չէր հանում՝ ինչ էր ասվում։
Ինչևէ։ Ֆիլմը շատ կարճ-կոնկրետ էր նկարահանված, շաաատ-շատ բաներ էին բաց թողնված, որոշներն էլ փոխված։ Օրինակ՝ ֆիլմում Գոհարին սպանեցին թուրքերը, այնինչ գրքում երևի միայն Գոհարը ողջ մնաց վերջում ու Մխիթարի վրեժը լուծեց եղբորից։ Կարծեմ Արաքս գետը նետել տվեց Միհրանին։ Չգիտեմ ինչու էին որոշել մեռցնել Գոհարին։ Հետո ինչքան հիշում եմ, Մխիթարը կարգին էլ սիրում էր նրան, իսկ ֆիլմում որպես հավատարիմ ամուսին էին ներկայացրել։ Գրքում Մխիթարի կնոջն ու փոքր տղային կարծեմ կիսաթաղեցին ու սկսեցին քարկոծել նրանց, իսկ Մխիթարին ու մեծ տղային դավադրաբար Գոհարի եղբայրն սպանեց ու կտրած գլուխը տարավ սուլթանին։ Ֆիլմում Սաթենիկը խեղդեց իր մանկանը, որպեսզի թուրքի ոգով չդաստիարակեն ու ենիչեր դարձնեն, իսկ իրեն այրեցին։ Էլի տպավորիչ էր։ Իսկ Մխիթարին չմեռցրին։ Նա նույնիսկ հաղթեց թշնամու բանակին ու վերադարձավ բերդ, որ օգնության հասնի, այնինչ բերդից պիտի փախուստի դիմեր ու հետո սպանվեր։ Կարծեմ պատմության գրքում էլ էր տենց գրված։ Մի խոսքով, շատ տարբեր էին ու անհամապատասխան։ Իմ կարծիքով գիրքն ավելի ճշգիտ է նկարագրում դեպքերը, ֆիլմն աղավաղված էր։
Բայց դե չեմ փոշմանում, որ նայեցի։ Ֆիլմում Սաթենիկի կերպարը շատ դուր եկավ, կարծիքս փոխվեց նրա մասին։ Գիրքը կարդալիս մի տեսակ չէի սիրում էդ կերպարին, չնայած որ հավատարիմ կին էր ու միշտ լավն էր մտածում ամուսնու մասին... Խանզադյանը Գոհարին ավելի տպավորիչ էր դարձրել։
Մեկ էլ Ավետիսին էի սկսել ահավոր ատել իր ստոր արարքի համար, որ Մխիթարին դավաճանեց ու բացել տվեց բերդի դարպասները։ Ֆիլմում նենց էին արել, իբր ինքը ստիպված էր՝ չգիտեր, որ Մխիթարը ողջ է ու հասնում է օգնության, ու հուսահատված, որ միևնույնն է թուրքերը հաղթելու են, խաչի վրա մի բաժակ չգիտեմ ինչ շպրտելով՝ հանձնվում է... Կարծես թե ֆիլմում ուզեցել են արդարացնել նրա արարքը, բայց դե հո էդպես չի լինի։
Գիրքը շատ հետաքրքիր էր նկարագրում Պղինձ Արթինի հանքերում տիրող վիճակը, երբ ինչ որ արարածի են տեսնում տանջահարված, առանց ոտքերի, որ Արթինն աշխատեցնել էր տալիս հանքում... հետո Մխիթարը մի աղջնակի է տանում իր հետ, ում Սաթենիկը գրել-կարդալ է սովորեցնում, իսկ հետո նա դառնում է իրենց հարսը... Հալիձորում տիրող սովը արտակարգ էր նկարագրված... էս ամենը ֆիլմում չկային... Ու ընդհանրապես ես Մխիթարի կերպարից բան չհասկացա ֆիլմում։ Եթե գիրքը կարդացած չլինեի, էդպես էլ չէի հասկանա, թե ինչու նրան ընտրեցին որպես իրենց գլխավոր, ինչու էին ոգևորված Մխիթար գոռում-գոչում...
Մի խոսքով՝ իմ դուրը բացաձակ չեկավ, բայց դե էլի եմ ասում՝ չեմ փոշմանում որ նայեցի։ Ահագին հիշողություններ արթնացան... Ճիշտն ասած, կարգին չեմ էլ հիշում, միգուցե որոշ տեղեր սխալվում եմ, 9 տարի առաջ եմ կարդացել, երեխա էի... Վերընթերցելուց մի տեսակ խուսափում եմ։ Հաստատ գիտեմ, որ ուրիշ ձև կընկալեմ կարդացածս, չեմ ուզում՝ էն վառ տպավորություններս չքանան ու հիասթափվեմ։ ։(

No comments: