Առաջին շաբաթվա լաբի ինստրուկցիան կիսատ-պռատ էի կարդացել, մտածեցի՝ առաջին օրն ա, բան էլ չենք անի, էն էլ հենց մտա լաբ, գլխավոր ասիստենտը՝ Լեոն ասաց՝ թեստ ենք գրելու։ Սիրտս կանգնեց։ Էդ մոմենտին Ադրինեն էր անցնում միջանցքով, դուրս եկա, ողջունեցի, ասաց՝ շատ հեշտ ա լինելու... Մի քիչ հանգստացա։ Լեոն մի ժամ տվեց պատրաստվելու համար, իսկ ես մի կես ժամ գիրքս էս կողմ, էն կողմ թերթեցի ու ասացի՝ պատրաստ եմ։ Հետո սկսեցինք լաբն անել։ Դանդաղ էի աշխատում։ Դե նախ կարդում էի, հետո նոր անում։ Իմ հետի աշխատողի ներվերը խաղտվեց, կատաղած ասեց՝ մյուս անգամ կկարդաս, նոր կգաս։ Ամաչելով ասի՝ հա, կկարդամ, համ էլ պիտի պրոտոկոլ գրեի։
Հաջորդ շաբաթ հենց մտավ լաբ, թունոտ հայացք գցելով վրաս՝ հարցրեց.
-Կարդացե՞լ ես։
-Հա։
-Գիտե՞ս ինչ ենք անելու։
-Հա,- ժպտացի։
-Համոզվա՞ծ ես։
-Դու ո՞ր մասն ես անելու,- ուշադրություն չդարձրի հարցին։
Կիսեցինք անելիքն երկուսիս միջև ու անցանք գործի։ Ես շուտ վերջացրի իմ մասը, բայց արդյունքը դուրս չեկավ։ Պարապ սպասելու փոխարեն նորից կրկնեցի փորձը, համեմատաբար ավելի լավ արդյունք ստացա։ Ջոաննան դեռ չէր վերջացրել, սկսեցի օգնել, գնացինք սպեկտրոֆոտոմետրի մոտ, էկրանի վրա մի անիմաստ գիծ գծվեց, սառեցինք։ Լեոն ասեց, որ նորից պիտի անենք ու իր փորձանոթները տվեց օգտագործենք։ Տխուր-տրտում սկսեցինք։ Ձայն չէի հանում։ Էդ աղջիկն էլ մնում-մնում ներողություն էր խնդրում, որ սխալ էր արել ու ամեն ինչ նորից պիտի սկսեինք։ Ափալ-թափալ արեցինք, ամեն ինչ ճիշտ ստացվեց, մինչև ռեփորթը գրեցինք, ժամանակը լրացավ։ Անմիջապես հանձնեցինք ու անցանք փորձանոթները լվանալուն։ Արդեն հալից ընկել էի, լաբն էլ փակվում էր, Լեոն եկավ ձեռքիցս վերցրեց փորձանոթներիս կեսն ու հետս հավասար սկսեց լվանալ։ Զարմացած նայեցի ու սկսեցի ժպտալ, փոխանակ շնորհակալություն հայտնեի։ Ուրիշը լիներ, հաստատ երկուսիս գնահատականն էլ կիջեցներ սխալ անելու ու ուշ վերջացնելու համար, դեռ մի բան էլ կասեր՝ լաբը փակվում ա, դուրս եկեք։ Փորձանոթներն էլ կեղտոտ կմնային, հաջորդ շաբաթ էլ ավելի վատ արդյունքներ կստանայինք, իսկ ինքն եկել օգնում էր, որ ինչքան հնարավոր ա շուտ դուրս գայինք, պրոֆեսորն էլ չբռնացներ օրենքները խաղտելիս... Վերջում էլ ասաց՝ պրոտոկոլը շուտ գրենք, որ թեստին պատրաստ լինենք ու դուրս եկանք։ Էդ լաբից հետո որ Յանգից դուրս եմ գալիս, մի հատ խորը շունչ եմ քաշում. թվում ա թե էդ պահին նախորդող հինգ ժամերի ընթացքում չեմ շնչել։ Էդ օրը տենց մի կերպ պրծանք։
Երրորդ լաբն ավելի բարդոտ էր լինելու։ Այսինքն՝ ավելի շատ մանր-մունր բաներ պիտի չափեինք և այլն, որ շատ ժամանակ էին պահանջում։ Մի կերպ պիտի հասցնեինք։ Սխալ անելու դեպքում էլ էլ չասեմ...
Ուրեմն հենց մտա լաբ, Գրեյսն (Լեոյի օգնականը) ասաց, որ լաբի գործընկերներին փոխենք, ուրիշի հետ ծանոթանանք։ Ունքերս կիտեցի։ Էն մեկի հետ հազիվ լեզու էինք գտել, իրար հասկացել, հիմա էլ արի մի ուրիշի հետ աշխատի։ Մինչ խալաթս էի հագնում, մի աղջիկ ձենը աշխարհ գցած իր համար գործընկեր էր ման գալիս, որոշեցինք միասին աշխատել, պարզվեց՝ հայ էր։ Օրվա միակ «չձախորդությունն» էր։
Ուրեմն սկսեցինք։ Ասի՝ արի ամեն մեկս մի մասն անենք, որ հասցնենք։ Ինքն էլ թե.
-Չէ, տենց չեմ իմանա, թե դու ինչ ես արել։ Միասին անենք, որ ամեն ինչ տեսնենք, հասկանանք։
-Լավ, ոնց ուզես։ Դե դու սրանք կանես, ես էլ կողքիս dye-ը կավելացնեմ,- հեշտ համաձայնվեցի, բայց չէի պատկերացնում, թե երկուսով ոնց ենք մի անոթի մեջ ամեն կողմից մի բան լցնելու։ Ախր չեմ սիրում, որ աշխատելիս քթիս տակ մարդ ա լինում։ Բացեց էդ օրվա լաբի ինստրուկցիայի առաջին էջն ու նշում էր անոթների վրա, թե որի մեջ որ նյութն ա լցնելու։ Չհասկացա, թե ինչու ա տենց անում, որոշեցի հասկացնել, որ դեռ էդ պետք չի անել։
-Նաիրա, բայց սկզբում երկրորդ մասը պիտի անենք, հետո առաջինը։
-Չէ, հերթով ենք անելու։
-Բայց կարծեմ առաջինը վերջում ենք անելու։ Տենց էր գրված։
Չհավատաց։ Էդ մոմենտին Գրեյսը մեր կողքով եսիմ ուր էր շտապում, հարցրեց նրան՝ առաջի՞նն ենք անելու, նա էլ ասեց՝ հա։ Զարմացա։ Ինքս իմ մեջ ջղայնացա, որ մի բան գրում են, մի ուրիշ բան ասում։ Հետո համոզեցի Նաիրային, որ ես ստանդարտները սարքեմ, մեկ ա անցյալ դասին էլ էինք սարքել ու ինքը գիտեր, թե դա ոնց են սարքում, ինքն էլ մյուս մասն սկսի, որ ժամանակ չկորցնենք։ Համաձայնվեց ու սկսեցինք։ Շատ ուշադիր կարդալով, դանդաղ անում էր ամեն ինչ ու անընդհատ կրկնում. «Դանդաղ եմ անում, որ հանկարծ սխալ չանեմ»։ Ինձ էլ էդպես ձեռք էր տալիս, անցյալ շաբաթվա սխալից շատ կուշտ էի։ Երբ վերջացրինք, բոլոր կոմպերն զբաղված էին, ասի՝ բեր քյուվեթների մեջ լցնենք, բա թե՝ չէ, սպեկտրոֆոտոմետրի մոտ կանենք, ու էդ պահին Լեոն եկավ ասաց, որ մյուս սենյակ գնանք, էնտեղի կոմպն ազատ ա։ Էդ պահին նկատեց, որ մենք առաջին մասն ենք անում։ Զարմացավ, նշեց որ սխալ ենք սկսել, սկզբում երկրորդը պիտի անեինք։ Նաիրան էլ սկսեց լեզու թափել, բա թե՝ հա, ուշ հասկացանք և այլն, բայց ոչինչ սա անենք, նոր մյուսը կսկենք։ Լեոն բան չասաց, գնաց։
Ստանդարդները «նկարեցինք», անցանք Նաիրայի սարքած օրինակներին, հերթը հասավ օրինակների երկրորդ սեթին, հարցրեցի՝ բա դրանք ու՞ր են, չեմ տեսնում, ուզում էի կռանալ, որ տեսնեմ՝ որ անոթները չեմ դատարկել, էն էլ մի ջահել, սիրուն, կեպկայով տղա մտավ ներս։ Ուղադրություն չդարձրի, Նարիրան էլ զգաստացավ ու բարևեց։ Հետո նոր զգացի, որ մեր պրոֆեսորն էր։ Չճանաչեցի։ Մոտեցավ, հարցրեց՝ ոնց ենք, ինչ ենք, մեկ էլ նկատեց, որ լաբի առաջին մասն ենք անում ու բացականչեց.
-Ուաու՜, առաջին մասն եք արդեն անում։
Իմ ոտքերը թուլացան, մտածեցի՝ վերջ...Հերիք չի սխալ մասից ենք սկսել, դեռ մի բան էլ սխալ ենք անում, հացներս հաստատ կերանք...
Նաիրան էլ առանց իրեն կորցնելու, վստահ ասաց՝ հա՛։
Էս մեր Դոկտոր Կիմը մոտեցավ էկրանին, նայեց թվերին, դուրը չեկան, ասաց.«Նորմալից բարձր եք ստացել, մի բան խառնել եք. ինչ-որ բան սխալ ա։ Համ էլ էս պրոգրամը չպետք է օգտագոծեիք, ես նշել էի, որ մյուսով անեք»։ Նաիրան էլ թե՝ ես զգում էի, որ մի բան սխալ եմ արել։ Պրոֆեսորն էլ հանգիստ լսեց ու ասաց՝ էկրանի թվերը սովորական նյութն օգտագործելու դեպքում կստանայիք միայն, նշանակում ա՝ լուծույթ չեք սարքել... Նաիրան ձեռքը տարավ բերանին ու կիսալացակումած գոռաց՝ մոռացել էի լուծույթ սարքելու մասին, ի՜նչ հիմարն եմ, ես հիմա նորից սա կսկեմ անել, կներեք և այլն... Կիմն էլ թե՝ չէ, հիմա հաջորդ սեթն արեք, տպեք, նորից անել պետք չի, բայց մի միավոր ցածր կստանաք կանոններին չհետևելու համար։ Նորից կրկնեց, որ երկրորդ սեթն անենք։ Ի՞նչ երկրորդ սեթ, դա էլ չունենք... Աչքով-ունքով էի անում, որ հանկարծ Նաիրան բերանից չթռցնի, որ չունենք, թե չէ կորած ենք։ Հիմա փոխանակ թողնի, որ էդ մարդը գնա, ինչքան շուտ, էնքան լավ, աղաչում-պաղատում ա, որ նորից իրավունք տա էդ մասն անելու, քանզի ինքը չի ուզում էդ մի միավորը կորցնի։ Մեկ էլ Կիմը շուռ եկավ ու հարցրեց՝ երկրորդ մասն արել եք, չէ՞… Ես գլուխս կախեցի, Նաիրան էլ հազար գույն ստանալով՝ ասաց, որ չենք արել... Պրոֆեսորի բերանը բաց մնաց։ Նայեց ժամին, ասեց, որ ժամանակ չունենք ու էդ մասը նորից անելու մասին խոսք չի կարող լինել, դեռ կարող ա մյուս մասն էլ չհասցնենք... ու շատ կոպիտ սխալ ենք արել, որ սխալ տեղից ենք սկսել։ Նաիրան էլ սիրուն արդարացավ՝ Գրեյսն ասաց, որ էդտեղից սկսենք։ Կիմը շրջվեց ու աչքերը լայն բացած հարցրեց՝ Գրեյսը՞… ուրեմն ինքն ա մեղավոր ու ինքը կանոններին չհետևելու համար կպատժվի։ Նաիրան հազիվ հասկացավ, թե ինչ արեց ու «no» գոռալով վազեց Կիմի հետևից։ Նա էլ թե՝ դու մի անհանգստացի, երկրորդ սեթը արեք ու գնացեք մյուս մասն անելու։ Դուրս եկավ սենյակից։
-Էս ի՞նչ արեցի,- սկսեց Նաիրան,- իմ հետ սենց բան չէր եղել։ Ախր ոնց կարայի մոռանայի...Բա երկրորդ սեթի համար ի՞նչ անենք։
-Նույն սեթը դիր, նորից անենք, ոչինչ։ Թվերը նույնն են լինելու չնայած։
-Չէ, ես գնում եմ էս մասը նորից անեմ։ Ես չեմ կարա մի ստից բանի համար մի փոյնթ կորցնեմ։
-Բա էնզայմի մասը՞։ Դե ես էլ դա կանեմ, թե չէ չենք հասցնի։ Համ էլ էն ավելի կարևոր ա։
-Հա, ճիշտ ես։ Լավ, էդ անենք, ռեփորթը գրենք, հետո նոր մյուսը նորից կանենք։
-Եղավ, դե հիմա նորից «ռան արա» ու գնանք։
Իմ ասելն ու իրա սխալ կոճակ սեղմելը մեկ եղավ։ Հուսահատված նայեց երեսիս, չգիտեր ինչ ասեր։ Անկախ ինձնից սկսեցի ծիծաղել։
-Եվ դասին վերջ։ Գնացինք լավ, մեկ ա սաղ սխալ էր...
Դուռը բացեցի, Լեոն դիմացս հայտնվեց։
-Ի՞նչ ա պատահել,- հարցրեց։ Պարզ զգացվում էր, որ Կիմը խոսացել էր արդեն։
-Ամեն ինչ սխալ ենք արել,- հանգիստ պատասխանեցի։
-Էսօր իմ օրը չի,- սկսեց Նաիրան,- ես եմ մեղավոր, լուծույթ չէի սարքել, երկրորդ սեթն էլ չէի արել, բոլոր թվերը սխալ էին։ Ես բախտ չունեմ, անբախտ մարդ եմ, իմ հետ միշտ էսպես է լինում, բայց ախր հեչ էսպես լաբում չէր եղել, միշտ լավ էի, ուշադիր էի, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում հետս...
-Լավ, հագստացի,- ընդհատեց Լեոն,- սխալ տեղից սկսելու պատճառը Գրեյսն էր, դրա համար միավոր չենք հանի, բայց սխալ անելու համար...
-Պրոֆեսորն ասեց՝ մի միավոր կկորցնենք ամենաշատը,- ընդհատեց Նաիրան։
Լեոն մոտ կանչեց ու շշուկով ասաց.
-Հիմա մյուս մասն արեք, եթե ժամանակ մնա, սա նորից կանեք։ Կիմն ասաց, որ թույլ չտամ, բայց ոչ մեկին մի ասեք, նորից արեք, լա՞վ,- ասաց ու գնաց։
Նաիրայի աչքերն ուրախությունից փայլեցին։
-Բայց ինչ լա՜վն ա, չէ՞։
-Շատ։
Անցանք գործի։ Կողքից հա ասում էր, թե ոնց անեմ։ Ձայն չէի հանում, հանգիստ անում էի։ Մի պահ էլ իր սխալն էր պնդում, ինչքան ասում էի՝ էդպես չի, ասում էր՝ էդպես ա։ Գնաց Լեոյից իմանա, թե որն ա ճիշտը, ես էլ էդ ընթացքում իմ իմացածով արեցի, մեկ էլ եկավ թե՝ նորից պիտի անենք, ես սխալ ասեցի քեզ։ Ասի՝ ես քո ասածով չարեցի։ Բա թե՝ վայ, ինչ լավ ա, կներես, էսօր չգիտեմ ինչ ա կատարվում իմ հետ։ Մինչև կոմպի մոտ գնալը մի հազար հատ հարց տվեց խեղճ տղային, մի հինգ հազար հարց էլ կոմպի մոտ հարցրեց... Տենց համբերատար մարդ դեռ չեմ տեսել մեր համալսարանում։ Հանգիստ բոլոր հարցերին պատասխանում էր, չէր ալարում տեղից վեր կենալ, գալ, բացատրել։ Իր տեղն արդեն ես էի վատանում։ Վերջին ռեակցիայի ժամանակ Նաիրան էլ երես չուներ կանչելու, կպավ թե՝ էս անգամ էլ դու կանչի։ Հարցրեցի՝ ինչի՞։ Ասաց՝ թող գա էլի, եսիմ, թող գա տեսնի ճիշտ ենք արել, թե չէ...
Մտածեցի՝ էս աղջիկը հաստատ սիրահարվել ա։ Հեռվից կանչեցի Լեոյին, եկավ նայեց, մի քանի բան կար փոխելու, բացատրեց...
Հազիվ պրծանք ու սկսեցինք անոթները լվալ։ Նաիրան էլի դժգոհում էր իր ձախորդ օրից, մեկ էլ Գրեյսը մի թուղթ բերեց, որ ստորագրեի, մի քանի վայրկյան չանցած տեսնեմ՝ Լեոն էլի մեր մոտ ա ու Նաիրան էլի իր անբախտությունից ա խոսում։
-Հիմա ինչ պատահեց,- չհամբերեցի։
-Թեսթ-թյուբը ընկավ ձեռքիցս, ջարդվեց,- ասաց ու սկսեց խորամանկ ժպտալ։
-Չէ, աղջիկ ջան, հաստատ սիրահարվել ես դու, չես ուզում Լեոն կողքիցդ հեռանա,- մտքիս մեջ ասի ու շարունակեցի պարզաջրել...
Էսօր պայուսակս բացեցի, լաբ-գիրքս մեջը չէր։ Չգիտեմ ինչու՝ ինձ թվացել էր, որ երկու գրքերս էլ վերցրել էի։ Ախր պարզ հիշում եմ, որ առանձնացրի Նաիրայի գրքերից, մի կողմ դրեցի։ Թե հետո ո՞վ ա վերցրել, ո՞վ չի վերցրել, անհայտ ա։ Երևում ա մի սիրահարված էլ ես եմ... ։(
No comments:
Post a Comment