Friday, December 10, 2010

Պարզվում է՝ Լեոն հայ է

Անցյալ ուրբաթ օրը լաբի վերջին օրն էր։ Թե էդ օրը լաբ ունենալու նպատակը որն էր, չհասկացա. մեկ ա արդեն քննությունը հանձնել էինք...
Էնդին ու Պատրիկը որոշեցին, թե ով ինչ պիտի աներ։ Էնդին ամենաանհետաքրքիր մասը մեզ համար վերցրեց։ Ես էլ կարգին չէի կարդացել, թե ինչ պիտի արվեր։ Հենց սկզբից էլ զգուշացրեցի, որ չգիտեի ինչը ինչոց էր։ Ստիպված գիրքը բացեցի, դրեցի դիմացը, ասացի՝ բարձր կարդա ու սկսի աշխատել, որ ձեռքի հետ ես էլ իմանամ ինչը ոնց ա անում։ Մարդը սուսուփուս սկսեց անել։ Վրաս հալ չկար, գլուխս ցավում էր։ Էլի Պատրիկից շուտ վերջացրեցինք, անկապ նստել էինք։ Ջոաննան քուիզի համար էր պարապում, մենք էլ զրուցում էինք։ Ավելի ճիշտ, Էնդին խոսում էր, ես՝ լսում, կամ էլ իր հարցերին էի պատասխանում։ Պիցցա էր սարքել Thanksgiving-ի օրը, նկարներն էր ցույց տալիս։ Հետո սկսեց հայկական ուտելիքներից խոսել։ Մեկ էլ թե.
-Գիտե՞ս տոլման ինչ է։
-Հա,- ասացի։
-Տերևով փաթաթած միս...
-Հա, գիտեմ,- ժպտացի,- չեմ սիրում...
-Տոլմա չես սիրո՞ւմ,- աչքերը ճակատը թռան,- ո՞նց կարող ես...
Հետո մի ուրիշ ուտելիքի անուն տվեց, անծանոթ էր, չէի լսել...
-Սա երևի պարսկական է, Լեոյից կհարցնեմ, հավանաբար կիմանա...
-Լեոյից ինչո՞ւ ես հարցնում,- զարմացա,- ինքը պարսի՞կ է։
-Հա։
-Ի՞նչ գիտես։ Հարցրե՞լ ես։
-Չէ, բայց երևում է, որ պարսիկ է։ Եթե ուզում ես համոզվել, հիմա կհարցնեմ։
-Դե հարցրո՛ւ։
Քիչ անց Լեոն մեր կողքով անցնում էր, անմիջապես խփեցի Էնդիի ձեռքին, որ հարցնի։ Նա էլ տեղից վեր թռնելով գոռաց.
-Լեո՛, դու պարսիկ ես, չէ՞։
Լեոն էլ իր դեմքի յուրահատուկ արտահայտությամբ հանգիստ ասաց.
-Չէ, հայ եմ։
Էնդին ոնց որ կաթված ստանար։ Երևի մտածեց, թե դիտմամբ ասացի, որ հարցներ։ Մինչ բոլորս զարմացած Լեոյին էինք նայում, Էնդին շրջվեց ու ասաց.
-Դու գիտեի՞ր։
-Չէ,- պատասխանեցի։
-Հա, երևի հայի նման չեմ, ոչ ոք չի նմանեցնում,- սկսեց Լեոն։
-Բայց ձեր ազգանունն էլ հայի ազգանվան նման չի,- միանգամից դուրս տվի ես։
-Սխալ է գրված,- հազիվ հասցրեց ասել ու երեխեքն ուրիշ հարցեր սկսեցին տալ։
-Հաստատ հայերեն չգիտի,- քչփչացի Էնդիի ականջին։
-Հա, հայի ակցենտ չունի, չէ՞- ասաց Էնդին ու շրջվեց Լեոյի կողմը,- Լեո, հայերեն խոսել կարո՞ղ ես։
-Հա,- ծիծաղելով պատասխանեց Լեոն։ Ես ու Նաիրան իրար երես նայեցինք։ Փաստորեն ինչ խոսացել էինք լաբում, նա հասկացել էր...
Էդ նորությունն իսկական շոկ էր։ Անընդհատ նայում էի Լեոյին ու հազիվ պատկերացնում, որ հայ ա։ Մի տեսակ ուրախացել էի էդ պահին... անկախ ինձնից... ։) Հիշում էի նախորդ լաբերն ու ժպտում։ Նոր էի հասկանում, թե ինչի էր միշտ մոտենում ու ասում, որ Կիմի օֆիս գնամ նշանակած ժամերին, ոնց էր հա մոտենում ու հարցնում՝ ամեն ինչ կարգին ա, հարցեր ունենք, թե չէ, ես էլ ինքս իմ մեջ նյարդյնանում էի ու մտածում, թե ինչի ա ինձ ու Նաիրային տոչկել։ Դու մի ասա՝ մարդը գիտեր, որ հայ ենք, ուզում էր լավություն արած լիներ, մենք էլ բանից բեխաբար էինք։
Մի քիչ հարցաքննելուց հետո Գրեյսն էլ եկավ մեզ մոտ։ Սկսեցինք էլի ասել, խոսել, ծիծաղել։ Շատ հավես անցավ։ Կարծես մի մեծ ընտանիք լինեինք։ Ես, որ ատում եմ լաբորատորիայում աշխատելը, էս լաբը հաստատ կարոտելու եմ... ։(

No comments: