Wednesday, April 13, 2011

Խառը փաստեր իմ մասին

1. Երազում եմ մենակ ապրել սեփական բնակարանում, որտեղ ամեն ինչ իր տեղում կմնա ու ոչ ոք ոչնչին ձեռք չի տա։
2. Տանս բազմոցն ու բազկաթոռներն անպայման սպիտակ են լինելու։
3. Պատի նկարներ չեմ սիրում, մանավանդ որ մի պատին հինգ հատ նկար ա լինում։
4. Բայց սիրածս մարդու նվիրած կտավը/նկարը կկախեի, մանավանդ որ իր ձեռքով նկարված լիներ ։)
5. Մինչ առաջին կուրսը ՍՄՍ գրել-ուղարկելու ձև չգիտեի, մինչդեռ քույրս հազարավոր ՍՄՍներ էր գրում-ստանում. հաճախ վիճում էի, թե դրա իմաստը որն ա, եթե կարող էր զանգել-խոսել։
6. ՍՄՍ գրել չիմանալուց եմ խոսում, բայց նույնիսկ հեռախոս չունեի ու չէի ուզում ունենալ։
7. Հիմա առանց ՍՄՍ գրելու կյանք չունեմ ու հաճախ ռեկորդ եմ խփում։ ։)
8. Սովորություն ունեմ աչքս հեռախոսիցս չկտրել ու միշտ այն ձեռքումս եմ պահում։
9. Փափուկ խաղալիքներ չեմ սիրել ու չեմ ունեցել։
10. Երրորդ դասարանում լեզվիս տալու համար պատժվել եմ պապայի կողմից ու մինչև հոգուս խորքը վիրավորվել։
11. Տարրական դասարաններում ինձ լավ էի զգում, երբ պապիկս մեքենայով էր դասի տանում, հատկապես անձրևոտ օրերին։
12. Ամեն անգամ, երբ մաման մազերս բարձր ու ձիգ հավաքում էր, ընթացքում փնթփնթում ու լացում էի. դրա համար մանկությանս նկարներում թշերս կարմիր են։
13. Երրորդ դասարանից ի վեր, մազերս կարճ կտրել էի տալիս, որ էլ մազերիս արմատների ցավից չտառապեի։
14. Փոքր ժամանակ «ր» տառին «յ» էի ասում, Արմենին՝ Այմեն, ու իրա մամայի ուշքը գնում էր դրանից։ Անընդհատ կրկնել էր տալիս, ես էլ չէի զգում, որ սխալ էի ասում։ ։)
15. Նույն Արմենին չորս տարի արհամարհում էի, որովհետև երբ ախպերը թևս ոլորեց, ինքն էշի պես ծիծաղում էր, փոխանակ ավանակ եղբորը հասկացներ, որ չի կարելի։ Հետո ի՞նչ, որ լեզվիս էի տվել, իրենց հասնում էր։ :P
16. Սատանաներից վախում էի ու մութ տեղեր չէի գնում։
17. Մի օր հազիվ ռիսկ արեցի, որ բակի մութ կողմը գնամ խաղալիքս վերցնելու (մութ տարիներն էին, շոգ ամառ էր, լամպի լույսի տակ նստած էինք երեկոյան), ոտքիս տակ մի տարօրինակ բան ընկավ ու ծակեց. գոռացի։ Ոզնի էի տրորել, նենց լավն էր։ Տեսնես ո՞նց էր հայտնվել բակում։
18. Նախադպրոցական տարիքում թաքուն դեղեր էի «ուտում»։ Հենց մաման տանը չէր լինում, դեղերի փնտրտուքով էի զբաղվում։ Աթոռը դնում, բարձրանում էի սերվանդների վերևներից հետ ստուգում ու գտածս դեղերը ծամելով ուտում։ Տեսնես ինչ դեղեր էին, Տեր Աստված։ Ամենսիրածս դեղին տափակ ու մեծ հաբերն էին, նենց համո՜վ էին։
19. Ատում էի, երբ մաման ցերեկները զոռով պառկացնում էր, որ քնեինք։ Ու երբ արթնանում էի, մուռ էի պահած լինում. երբեք չէի ժպտում նրան, ինչքան էլ որ ինքը սիրալիր էր։ Ուտեմ մամայիս։ ։)))))
20. Իսկ երբ իրեն մի օր հիվանդանոց տարան, զռռում էի ու ուզում նրա հետ գնալ, իսկ պապիկն ինձ պինդ բռնել էր, որ չգնամ մեքենայի մեջ խցկվեմ։ Գիտեի, թե մաման մեռնելու էր, էլ չէր գալու։ Ինչ հիստերիկ էի։
21. Սադիստ էլ էի։ Մի անգամ քույրս խելոք չմնաց, հարդուկով թևը վառեցի։ Վախեցել էր։։(
22. Մի ուրիշ անգամ էլ ես ու քույրս որոշեցինք շաքարաքլոր սարքել, ու տաք զանգվածը անզգուշորեն թափեցի նրա ձեռքին. մաշկը լրիվ պոկվել էր, ու ոսկորն երևում էր։ Սպին մնում ա։ ։(
23. Հայաստանում ոչ մի էքսկուրսիայի չեմ գնացել դասարանիս հետ։
24. Կառնավալին էլ որոշեցի չմասնակցել խիստ անձնական պատճառներով, որոնք դասղեկիս համար անհասկանալի մնացին ու սկսեց ինձ չսիրել. մինչ էդ աչքի լույսն էի։
25. Ութ տարեկանում լճում խեղդվում էի, հազիվ փրկեցին։
26. Հեչ ծառ բարձրացած չկամ։
27. Սուրճ եփելիս սուրճոտ գդալը դնում եմ գազի վրա ու միշտ նկատողություն ստանում։
28. Հում աղացած միս ուտելու սովորություն ունեմ, մաման միշտ նախատում ա ու ձեռքս դաղում, եթե, իհարկե, հասցնում ա։ ։ )
29. Բայց աղի-անալիությունն ստուգելու դեպքում կանչում ա, որ ես համտեսեմ։ ։)
30. Մեռնեմ, ոչխարի միս չեմ ուտի։ Ո՛չ հում, ո՛չ եփած։
31. Ամպամած եղանակ շատ եմ սիրում. արև չեմ սիրում։ Արևոտ եղանակներին տանից դուրս գալու տրամադրություն ընդհանրապես չեմ ունենում...
32. Ծովն էլ եմ երեկոյան ժամանակ սիրում կամ ամպամած օրերին, առավել ևս գիշերը…
33. Երբ մենակ եմ լինում, աչքերս փակ եմ քայլում։ Դեռ չեմ բախվել ոչ մեկին։
34. Ամառային անձրևների համար խելքս իմը չի։
35. Երբ սիրահարվում եմ մեկին, սկսում եմ արհամարհել տվյալ մարդուն, խուսափել նրանից, կարծես թե ինքն ա մեղավոր, որ սիրահարվել եմ…
36. Ներվայնանում եմ, որ մաման բարձրությունից վախենում ա։
37. Ես էլ իրեն եմ ներվայնացնում, երբ հանկարծ սարդ եմ տեսնում։
38. Սիրտս կանգնում ա, որ որոշ մարդիկ ասում են՝ բժիշկ եմ ուզում դառնալ, որ մարդկանց օգնեմ։ Այնինչ պարզ զռռում ա, որ փողի համար ա...
39. Մոտս փող պահել չեմ կարողանում. ունեցածս անմիջապես ծախսում եմ մինչև վերջին կոպեկը։
40. Սիրում եմ գիշերն արթուն մնալ, իսկ ցերեկն աշխարհից կտրվել։
41. Փոքր տարիքում չէի սիրում, որ վերմակս տեղից շարժվում էր քնած ժամանակ։ Ոնց կար, էդպես պիտի մնար մինչև առավոտ, մի կողմը ծալված։ ։)
42. Կատաղում էի, որ իրերիս ձեռք էին տալիս։ Մի օր հարևանուհուս գլխին մեծ քարով նենց խփեցի տիկնիկս վերցնելու համար, որ քիչ էր մնում կյանքին հրաժեշտ տար։
43. Չեմ սիրում որ շորերս մաման կամ քույրս են ծալում։ Անպայման նորից եմ ծալում. մինչև համաչափ, գիծը գծի վրա չլինի, չեմ հանգստանա։
44. Տուն մաքրելու ժամանակ ներվայնանում եմ, ու ջղայնությունս նպաստում ա ավելի արագ աշխատելուն։ Վերջում էլ անպայման ասում եմ՝ էլ չթափե՛ք։
45. Էն մութ տարիներին որ մի ժամով լույս էին տալիս, տխրում էի. ուզում էի ընդհանրապես չտային։ Որովհետև հենց լույսը տալիս էին, բոլորն անցնում էին գործի, ու խաղաղ երեկոն հարամվում էր։
46. Ալկոհոլ տարին մի անգամ մի կում եմ խմում, էդ էլ Նոր Տարվա գիշերը։
47. Տանել չեմ կարողանում ծխախոտի հոտը, բայց դիմանում եմ, երբ կողքս ծխում են…
48. Մի ժամանակ մոտս կուրանալու տխմար ցանկություն էր առաջացել։
49. Դիանա Գուրցկայային ուղղակի պաշտում էի մի քանի տարի առաջ։ Մերոնք որ գալիս էին, մի հատ կասետ ունեի, որի վրա միայն Գուրցկայայի ելույթներն էի իրար հետևից ձայնագրել, միշտ դա էի միացնում։ Մի օր տատս չհամբերեց ու ասեց՝ հերիք ա էլի, հասկացանք։ Վիրավորվեցի։ ։Ճ Հիմա հազարից մեկ եմ կարողանում լսել նրան, չի լսվում։ Լավ հիշեցի, Գուրցկայայի ֆորումի ադմին Կսյուշան էր գրել էն օրը, դեռ չեմ պատասխանել։ Զարմացա, որ հիշել ա։ Առաջ կարգին ակտիվ էի էդ ֆորումում, հետո միանգամից պասիվացա։
50. Ատում եմ օվկիանոսագիտություն առարկան, բայց կլիմայի դաս եմ վերցնում, որ դրա տեղը ինչ-որ չափով լրացնեմ։

2 comments:

Hasmik Charkhchyan said...

Սրտիկ ջան, շնորհավոր ծննդյան օրդ,քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում:Թող միշտ ուրախությունն ու երջանիկ պահերը լցնեն օրդ ,,

Chaotic Insomniac said...

Վա՜յ, նոր եմ նկատում։ Շնորհակալ եմ։ ։)))