Սրտիս մի բան հանգիստ չի տալիս, չգիտեմ ինչ անեմ, որ էդ անհանգստությունից ազատվեմ։ Լավ, չեմ ուզում դրանից խոսել։ Մի քիչ անցած շաբաթվա մասին...
Ուրեմն շաբաթս ոնց կիսատ-պռատ, շտապողական վիճակով սկսվեց, այդպես էլ ավարտվեց։
Երկուշաբթի միջանկյալ ունեի, գիշերվա 4:30 արթնացա, որ պարապեմ. նախորդ օրը գլուխս մազոլ էր եղել, զգում էի, որ կարդում- կարդում էի, բայց անիմաստ էր... Լրիվ թողեցի առավոտվա հույսին ու համարյա թե հասցրեցի։ 7:40 Նանն եկավ վերցրեց ու ճիշտ ժամանակին հասանք համալսարան։ Մտա լսարան, լրիվ նստած էին, վեց րոպե էր մնում թեստի սկսվելուն։ Հանկարծ նկատեցի, որ բոլորը «բլու բուք» ունեին, իմ վրա էլ խաբար չկար։ Խուճապի մեջ ընկա ու միանգամից լսարանից դուրս թռա։ Մասնագիտական դասերիս միջանկյալներին էդ տետրերի կարիքն ընդհանրապես չենք ունեցել, սովորության համաձայն՝ ձեռքիս մի գրիչ բռնած ինձնից գոհ-գոհ միջանկյալի էի գնացել։ Ինչևէ։ Վազեցի Լուվալ, մի հատ տետր առա։ Հինգ րոպե անց էլի լսարանում էի։ Պրոֆեսորն արդեն թերթիկները բաժանել էր։ Շնչակտուր նստեցի ու սկսեցի գրել։ Ինչ գիտեի-չգիտեի հանձնեցի թղթին, տետրս հանձնեցի ու դուրս եկա։ Դասախոսս հետ կանչեց, թե՝ չես պատասխանել մի հարցին։ Անակնկալի եկա։ Սխալ էր հաշվել։ Սովորական երևույթ է. շատ են շփոթվում… Լուվալից սուրճ վերցրի ու գնացի կենսաբի լսարան՝ հույս ունենալով ինչ-որ մեկից կորզել նախորդ դասի նյութը... Բացակայել էի։
Կիրակի ուշ աթանացա։ Ի զարմանս ինձ, Վալն էլ էր մինչև մեկը քնած մնացել։ Օրս անցավ լեկցիա լսելով։ Երեկոյան գնացինք Յաննիի համերգին. հիասքանչ էր։ Վերջում ժողովուրդը մի մարդու նման չէր ուզում դահլիճը լքել… Իսկ ջութակի ձայնից ուղղակի մարմինս փշաքաղվում էր, շա՜տ հավես էր։ Եկանք տուն, դաս անելու հավես չկար, համ էլ ահագին ուշ էր։ Ռուսերենի դիսկը ձայնագրեցի, մի բան պակաս էր երևում, թղթապանակս բացեցի, որ ճշտեմ, ինչը չէի արել ու հանկարծ մի թուղթ ընկավ աչքովս, որ դասախոսս մի երկու շաբաթ առաջ էր տվել ու հատուկ զգուշացրել, որ վերջին օրվան չթողնենք։ Սիրտս կանգնեց։ Գնա, գալիս եմ։ Հերիք չէր՝ կարգին չէի հասկանում էդ առաջադրանքի ուզածն ինչ էր, դեռ մի բան էլ մաքիս էքսելի լեզուն կարգին չգիտեի։ Էլի խուճապի մատնվեցի, Վալն էլ սաղ աշխարհին խառնեց իրար։ Ժամը չորսի կողմերն էր, համարյա վերջացրեցի, մի երկու էջ մնաց գրելու, վրաս էլ հալ չկար, գլուխս դրեցի բարձին ու անջատվեցի։ Վեցին արթնացա, մի կերպ ավարտին հասցրի, տպեցի ու տանից դուրս եկանք։ Մի քիչ ուշացումով լսարան մտա, էրեխեքի կեսն արդեն հանձնել էին, մնացածիս ասեց՝ վերջում կհանձնեք, րոպեները կորում էին։ Դասի վերջում մի քանի հոգի մոտեցան հանձնելու, ես էլ խայտառակ գրավորս դրեցի գրասեղանին ու շրջվում էի, որ գնամ, էս դասախոսը մի ձեռքը գցեց սեղանին գրավորս վերցրեց, մյուսով էլ թևիցս քաշեց, որ կանգնեմ։ Զարմացած թևիս նայեցի, հետո դեմքին, վատ զգաց ու ներեղություն խնդրելով՝ հարցրեց.
-Որտեղի՞ց ես։
Մեղայ Աստծու...
-Հայաստանից,- պատասխանեցի։
-Հայաստանի՞ց,- համոզվելու համար հարցրեց երևի։
-Հա՛։
-Անունդ ի՞նչ է։
Մտածում էի՝ գրավորս ձեռքիդ է, կարդա, տես, էլի։
-Նարա՞յն,- չսպասեց պատասխանիս։ ։)
-Չէ,-ժպտացի, առաջին անգամ էի լսում էդ տարբերակը,- Նարինե, բայց շատերը դժվարանում են ճիշտ արտասանել։
-Հըմ, Նարինե,- կրկնեց ու ժպտաց քթի տակ։
Այ մարդ, էս կինն ի՞նչ ա ուզում ինձնից, շշմած հարցեր ա տալիս, կողքներս էլ հինգ մետր հերթ ա գոյացել, սպասում են՝ ազատվի, որ հարցեր տան, ինքը կանգնել անուն-ազգանուն ա հարցնում։
-Միջանկյալը ստուգելիս անունդ կարդացի, ինձ թվաց՝ հնդիկ ես։ Նարայն... բայց դա հնդկական ազգանուն է։ Համոզված չէի՝ դու հնդիկ ես, թե ոչ։ Նայում էի քեզ, հնդիկի նման չէիր, բայց մտածում էի...
-Որ բացառություններ լինում են,- շարունակեցի ծիծաղելով,- բայց չէ, հայ եմ։
-Շատ լավ, Նարինե,- ճիշտ արտասանությամբ շեշտեց անունս,- կստուգեմ գրածդ, կտեսնվենք։
-Կտեսնվենք,- ասի ու դուրս եկա լսարանից։
Թե ասա՝ քեզ ի՞նչ հույն եմ, թե՞ հնդիկ։ Մարդիկ ինչ հետաքրքիր են։ ։)
No comments:
Post a Comment