Երկրորդ «կուրսում» Ա-ին երբ համալսարանում տեսնում էի, ասում էի. «Երանի քե՜զ, ավարտում ես, կպրծնես ստեղից»։ Ասում էր, որ չի ուզում ավարտել, կարոտելու է համալսարանը։ Մի տեսակ հավատս չէր գալիս, մտածում էի՝ ինչ մի կարոտելու բան է։ Հիմա ինձ են ասում. «Բան չմնաց, էսա պրծնում ես»։ Տխուր ժպտում եմ, հոգումս փոթորիկներ են սկսվում, ու ուզում եմ գոռալ՝ ավարտել չեմ ուզո՜ւմ։ Բայց մեկ է, չեն հասկանալու։ ։(
Ու Կուչերենկոյի՝ իմ ամենասիրելի (մաթեմի) դասախոսի խոսքերն եմ հիշում։ Մի օր հիշողությունների գիրկն ընկած մենախոսություն էր անում. «Հետո երանի եք տալու այս օրերին... Փորձե՛ք վայելել ամեն պահը։ Ես ամեն ինչ կտայի, որ հիմա ձեր տեղը լինեի... ուսանող լինեի։ Չնայած ի՞նչ եմ ասում, հիմա չեք ըմբռնի ասածներս։ Երբ ուսանող էի, ինձ մայրս էր այսպես ասում, ես էլ նրան չէի լսում, նոր եմ հասկանում...»։ Այդ ժամանակ ես հակառակն էի մտածում. «Երանի քեզ, Կուչերենկո, որ արդեն պրոֆեսոր ես ու քո սիրած առարկան ես դասավանդում»։ Իսկ հիմա... հիմա մի տեսակ չեմ ուզում սիրելի համալսարանս լքել ու որոշել եմ ավարտականին չգնալ։ Այդ օրվան էլ էի անհամբեր սպասում ու նույնիսկ պատկերացնում, թե ոնց եմ գլխարկս վերև շպրտում։ Հիմա չեմ պատկերացնում։ Չեմ ուզում... Ու վերջ։ Մինչ հազարավոր ուսանողներ բեմ կբարձրանան, ես սենյակումս փակված կհիշեմ համալսարանական կյանքիս անցած օրերը կամ էլ ընկերներիս հետ մի տեղ կգնամ…
Այս ձմռանը Արմի հետ գնացի իր ստատիստիկայի դասին ու հանկարծ ծանոթ ձայն լսեցի։ Շրջվեցի. Սանչեզն էր մտել լսարան։ Չգիտեի, որ այդ դասախոսի մոտ էր Արմի դասը։ Այնպես ուրախացա, որ նկարագրել անհնարին է։ Թեև նրա դասի վերջին օրը թողել լսարանից նեղված դուրս էի եկել, զգացի, որ կարոտել էի։ ։) Հիշում եմ, մի օր նոթբուքս տարել էի Սանչեզի դասին ու մեսենջերը միացրել առաջին անգամ, որ պուճուրիկը դասս լսի, և նա միանգամից «կոմպլիմենտ» արեց Սանչեզի թունդ ակցենտին։ ։)) Այդ ժամանակ կարծեմ արդեն Big Bear գնացել-եկել էինք, ու ես թոքերս կարգին մրսեցրել էի։ Հիշում եմ՝ թեստի ժամանակ օդը չէր հերիքում, խեղդվում էի ու անդադար հազում, իսկ դուրս գալ Սանչեզը չթողեց։ ։(
Էհ, շատ բաներ եմ հիշելու... Հիշելու եմ՝ ոնց էի առաջին տարում լրիվ մեն-մենակ, բոլորից հեռացած, կամ ոնց էի մի հինգշաբթի օր տուն գնալիս ավտոբուսի մեջ հոնգուր-հոնգուր լաց լինում ու կարծում, թե դա աշխարհի վերջն էր ինձ համար. ի՜նչ հիմարիկ էի։
Հիշելու եմ՝ ոնց էինք Արմի հետ դասի գնում։ Սկզբում նրա հայրն էր մեզ տանում ու ճանապարհին միշտ փնովում Ամերիկան, հիշում հայաստանյան լիառատ կյանքը, հետո Տյոմն էր տանում, իսկ այնուհետև Արմը սկսեց քշել։
Մի օր էլ քննությունից երեկոյան դուրս եկա ու Արմին գրեցի, որ տեսնեմ որտեղ է, ու միասին տուն գնանք։ Պարզվեց՝ արդեն գնացել էին Արսի հետ։ Ոչ մի կերպ չկարողացա համոզել, որ ետ չդառնան։ Ասում էր՝ նոր են դուրս եկել, այնինչ կես ժամ անցավ, մինչև նորից համալսարան հասան։ Այնքան վատ էի զգում գրելուս համար, փաստորեն համարյա տուն էին հասել ու վերադարձել՝ ինձ տանելու, ինչը հետո ջրի երես դուրս եկավ, այնինչ Արմն ուղղակի փորձում էր հավատացնել, թե խցանման մեջ էին այդքան ժամանակ։
Հիշելու եմ աչքերիս առաջ տեղի ունեցած այն վթարը, որ մի ակնթարթում մոտոցիկլետն օդ թռավ, վարորդը մի կողմ ընկավ, մոտոն՝ մյուս, իսկ ես քարացած ու անհամբեր սպասում էի, որ շարժվեր այդ մարդը, չէի ուզում ավտոբուսս գնար ու չիմանայի ինչ եղավ, ու նա դժվարությամբ գլուխը բարձրացրեց. կարևորը՝ ողջ էր…
Հիշելու եմ կենսաքիմիայի լաբորատոր դասերը, թե ոնց էինք դժգոհ մեր դասախոսից։ Չափազանց խելացի, երիտասարդ, ծագումով ասիացի դասախոս էր, կազմած թեստերն էլ այնքան բարդ էին, որ մեզ թվում էր, թե նա ամեն կերպ ջանում էր ապացուցել, որ մենք դոդ էինք։ Դասերի ժամանակ երբեմն հիշատակում էր իր երեքամյա աղջնակին։ Հիշում եմ՝ Ջոաննան ականջիս քչփչաց՝ այդպիսի խելացի հայրն ունեցողն ինչ բախտավոր է, ու ինքն էլ նույնքան խելացի կլինի… Բայց...
Երբեք չեմ մոռանա Thanksgiving-ից առաջ այդ դասախոսի համեստ ճառը, որի վերջում հուզվեց… իսկ լսարանում ցամաք աչք չէր մնացել։ Պարզվեց՝ նրա դստրիկը հիվանդ էր. ինքնուրույն շնչել, ուտել, խոսել, քայլել և այլն չէր կարողանում, իսկ բժիշկները ոչինչ անել չէին կարողացել։ Իր համառությամբ նա մի պրոֆեսորի էր գտել, ում շնորհիվ աղջնակն արդեն ինքնուրույն էր շնչում, նաև սկսել էր ինքնուրույն կուլ տալ։ Նրա որևէ առարկա բռնելը, ծնողի ձայնի ուղղությամբ հայացք նետելն ուղղակի նոր կյանք էր հոր համար... Նա անդադար կրկնում էր, որ մենք խելացի ենք, մենք ունակ ենք, որ մենք կարող ենք, դրա համար է բարդ խնդիրներ տալիս, որ մտածենք, որոհետև մտածելու կարողություն ունենք, բայց չենք ուզում ուղեղներիս զոռ տալ, իսկ իր աղջնակը... Ասում էր, որ չէր ուզում այն բժիշկների նման մասնագետներ լինենք, որոնք միայն մահվան դուռն էին ցույց տվել... Դասից հետո ես ու Ջոաննան նայեցինք իրար թաց աչքերով ու լուռ դուրս եկանք... Էհ...
Հիշելու եմ անքուն գիշերներս, քնաթաթախ՝ լեկցիաներին նստելս։ Հիշելու եմ, թե ոնց էի Լակրեցում մի օր մաթեմի դասին նստած տեղս քնել (թարսի պես էլ հենց դիմացն էի նստած) ու էրեխեքի ծիծաղից վեր թռա։
Հիշելու եմ փետրվար ամսվա ուրբաթ 13-ը, որ անձրևից ջուր դարձած հասա տուն։ Հիշելու եմ հայերենի անմոռանալի դասերս. համոզվեցի, որ մեր դասարանից լավը չկա։ Հիշելու եմ համալսարան այցելած դեղին վերնաշապիկով իմ մտերիմի անհաղորդ հայացքը, որն ինձ սովորեցրեց, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է ու մի վայրկյանում կարող է ամեն ինչ փշրվել, փոշիանալ անկախ քո կամքից...
Հիշելու եմ…
Հիշելու եմ...
Ու...
Կարոտելու եմ Կալիֆորնիայի համալսարանում թողած չորս տարիներս....
No comments:
Post a Comment