Monday, September 12, 2011

Ընկեր Մաքսը կամ ողորմածիկ ֆիզկուլտի դասերս

Դպրոցում բոլոր առարկաները հավասարապես եմ սովորել, որոշ առարկաներ հետաքրքրությունից դրդված ու հաճույքով, որոշներն էլ՝ որպես պարտականություն, բայց ֆիզկուլտուրան ու ռազմագիտությունը  ատելով ատել եմ։ Ուրեմն երկուսն էլ նույն ուսուցիչն էր դասավանդում՝ ընկեր Մաքսը, որը դպրոցի ահ ու սարսափն էր։ Էդ մարդը սիրում էր երեխեքին տանջել,  ձեռ առնել ու գնալով մեր աչքի փուշն էր դառնում։
Ամեն դասին շարքով կանգնել էր տալիս դպրոցի պատի տակ ու պահի տակ դասի հետ կապ չունեցող մի պատճառ էր գտնում, որ հերթով ճիպոտով դաղեր երեխեքին։ Ասենք՝ մեկ էլ կասեր՝ ձեռքերը բարձրացնել ու չիջեցնե՛լ. սկսում էր եղունգները ստուգել։ Վայն էն ա մեկի եղունգը կես միլիմետր երկար լիներ, ճիպոտի հետքերը ձեռքերին դրոշմված էր տուն գնալու ու ողջ կյանքում հիշեր էդ օրը։
Մի օր էլ էլի սկսեց իր ստուգումները։ Տղաներից շատերին դաղեց, պրծավ, հերթը հասավ աղջիկներին։ Ուրեմն չորս աղջիկ էինք մեր դասարանում, ես բոյով երկրորդ տեղում էի։ Առաջինն ընկերուհիս էր, որը միշտ եղունգները շատ խորքից էր կտրում։ Ես նրա մատներին նայել չէի կարողանում, միշտ թվում էր՝ միսն էլ հետն է կտրել, բայց չգիտեմ ինչու էդ օրը ընկեր Մաքսի աչքին երկար թվացին նրա եղունգներն  ու տուր թե կտաս խեղճ աղջկա մատներին։ Նա էլ չդիմացավ ու կատաղությունից սկսեց լացել, թե՝ ուր ա ստեղ եղունգ, մատներս էլ հետը կտրե՞մ։ Դասատուն էլ իրա բռնազբոսիկ ծիծաղով ավելի էր կատաղեցնում... Էդ ընթացքում ես իմ տեղը չէի գտնում ու մտածում էի՝ Մարիամին որ էս օրը գցեց, ուրեմն ինձ սաղ-սաղ կթաղի, որովհետև հերիք չի եղունգներս խորքից կտրված չէին, դեռ մի բան էլ մանիկյուր էի քսել ու մոռացել էի մաքրել նախորդ օրը։ Եկավ կանգնեց դիմացս ու պապանձվեց։ Ես էլ անկախ ինձնից սկսեցի քմծիծաղել՝ սպասելով ճիպոտային հարձակմանը։
-Էս ի՞նչ ա,- չէր սպասում ինձնից,- հիմա քեզ էլ խփե՞մ։
-Խփե՛ք,- հեգնանքով վրա բերեցի։
-Չես ամաչո՞ւմ։ Էլ չտեսնեմ,- ասեց ու առանց խփելու անցավ Արմինեի ձեռքերին, բայց նա անձեռնամխելի էր, փոխտնօրենի աղջիկն էր։ Ռուզանն էլ էդ օրը դասի չէր եկել, կարելի է ասել՝ բախտը բերել էր։ Ինչ աներ-չաներ, խեղճ աղջիկը միշտ բոլորի թիրախն էր.  դասատուները հերսը նրա վրա էին թափում։ Իսկ թե ինձ ինչի չխփեց, չհասկացա. հավանաբար պապայից վախում էր, բայց դե ես գի՞ժ էի, պապային բան ասեի։ Մտածում էի՝ ոնց բոլորը, նենց էլ ես, ո՞նց են էրեխեքը դիմանում, ես էլ կդիմանամ։ Իսկ այդ օրը ամաչում էի խեղճ Մարիամի աչքերի մեջ նայել... Կարծես թե մեղավոր էի, որ ճիպոտի համը չէի տեսել (որն, ի դեպ, էդպես էլ չտեսա), չէի պատժվել...
Եվ այսպես, եղունգ ստուգելու արարողությանը հետևում էր «տուռնիկից» կախվելը։ Տղաներից շատերը չէին կարողանում ժիմ անել ու Մաքսն սկսում էր էլի իր սիրելի գործը՝ ճիպոտով դաղելը, ու վայն եկել տարել էր էն էրեխուն, որը հանկարծ չէր դիմանա ու ցած կընկներ. էդ դեպքում քացու տակ էր գցում, ոմանք էլ սկսում էին ծիծաղել։ Ծիծաղողներին էլ էր ծեծում։ Զզվում էի էդ դասից։ Թարսի պես էլ էդ  քառասուն րոպեն հավիտենություն էր թվում։
Աղջիկներին «տուռնիկ»-ից կախվելու փոխարեն հրամայում էր գետնին  ժիմ անել։ Ռուզանը ծեծն ուտում էր նրա ուզած քանակը լրացնել չկարողանալու համար, ծիծաղի առարկա դառնում, իսկ երբ իմ հերթն էր գալիս, միանգամից ասում էի՝ չեմ անելու, ուզում եք երկուս դրեք, ուզում եք ծնող կանչեք, մեկ ա չեմ անելու։ Համոզում էր, թե՝ մի հատ էլ որ անես, հերիք ա, փորձի, ասում էի՝ չէ։ Ու տենց սիրուն երկուսներս շարվում էին։
Մի գեղեցիկ օր էլ փոխվեցինք ու շարվեցինք պատի տակ։ Ինքը գալիս մտնում էր դասարան՝ մատյանը լրացնելու։ Մինչև դասարանից դուրս գալը պիտի զգաստ շարքում կանգնած լինեինք ու ծպտուն չհանեինք։ Ծպտուն հանողն էլ էր ծեծ ուտում։ Հա, ուրեմն  տղաների փոխվելու ընթացքում էր մատյանը լրացնում, դե հանդերձարան բան գոյություն չուներ, ավելի ճիշտ  դպրոցն էդ ժամանակ վերանորոգում էին, դոմիկներում էինք դաս անում, չնայած հետո պարզվեց, որ  նորակառույց դպրոցն էլ հանդերձարան չուներ, ինչևէ… Դասարանից վերջին դուրս եկող  տղան շարքում իր տեղը զբաղեցնելով՝ ասաց.
-Ընկեր Մաքսը քեզ կանչում ա։
-Ի՞նձ,- անակնկալի եկա։
-Հա, քեզ։
-Այ քեզ բան,- մտածեցի,- տեսնես ի՞նչ ա եղել, ախր ոչ մի սխալ բան չեմ արել...
Մտա դասարան, գնացի դիմացը կանգնեցի ու հարցրի.
-Կանչե՞լ եք։
-Օրագիրդ հանի՛։
-Մեղայ Աստծո, արդեն դասը չսկսա՞ծ ա ուզում նշանակի երկուսս,- ինքս ինձ հարց տալով՝ օրագիրս սուսուփուս դրեցի սեղանին։ Կատաղած վերցրեց, սկսեց գազանավարի թերթել, չհասկացա՝ ինչ էր փնտրում, նորից սկզբից բացեց,  այս անգամ հատ-հատ թերթելով՝ իր նշանակած երկուսները հինգեր դարձնեց։ Տարօրինակ էր։
-Փաստորեն մենակ հինգեր ու երկուսներ ես ստանում, հա՞։ Ու էդ երկուսներն էլ մենակ ես եմ դնում,- «ուղղումները» շարունակելով՝ շպրտեց ատամների արանքից, հետո օրագիրը մենելով ինձ ու աչքերիս մեջ նայելով՝ ասաց.
-Գո՞հ ես։ Էլի՞ ես գնալու պապայիդ բողոքես։
Ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս։ Ո՞վ։ Ե՞ս։ Պապայի՞ն։ Բողոքե՞մ։
-Ես չեմ բողոքել ոչ մեկին,- ջղայնացա։
-Բա ո՞վ ա բողոքել, հը՞ն։ Կարո՞ղ ա ես եմ բողոքել։
-Չգիտեմ, բայց  ինձ ձեր դրած երկուսները չեն խանգարում։
-Ասում ես չես բողոքել, հա՞,- ընկավ մտորումների մեջ,- հլը գնա քրոջդ կանչի։
-Իրենց դասն արդեն սկսվել է։
-Գնա դուռը թակի, ասա՝ ընկեր Մաքսը կանչում ա, ես պտի սովորացնե՞մ, իյա…
Դուրս եկա դասարանից, երեխեքը արդեն հոգնել էին կանգնած սպասելուց։ Քրոջս դասից հանեցի, ուղարկեցի մեր դասարան, ես էլ գնացի շարք կանգնեցի։ Ահավոր վիրավորված էի զգում, բերանս չէր բացվում, որ էրեխեքի հարցերին պատասխանեի...
Ուրեմն դպրոցն երկու հերթով էր աշխատում՝ դասասենյակների քչության պատճառով, ու քրոջս դասերն էլ հենց երկրորդ հերթին էին սկսվում։ Էդ օրն էլ մեր մոտ վերջին դասն էր, իրենք կողքի դոմիկում նոր առաջին դասն էին սկսել։ Դե բնականաբար  երեկոյան էին վերջացնում։ Դրանից մի  երկու օր առաջ նրա՝ դպրոցից տուն գալու ժամից մոտ երկու ժամ անցել էր, ինքը չկար ու չկար։ Մամայի մտքով հազար ու մի բան անցավ, ճնշումը բարձրացավ, հաևանները խառնվեցին իրար, թե՝ Վալը կորել է։  Երկար վայ-վույից հետո մեկ էլ տեսանք՝ Վալը լեզուն կախ ընկած, ոտքերը հազիվ քարշ տալով գալիս է տուն։ Դու մի ասա ֆիզկուլտի դասին Մաքսը էրեխեքին տարել է «տռասի» վրա վազեցնելու, ու ով իր ուզած ժամանակամիջոցում պահանջված հեռավորությունը չի անցել, նորից է բոլորին վազեցրել։ Մի խոսքով, պարզ ասել է՝ մինչև բոլորդ վազել չսովորեք, տուն գնալ չկա։ Վերջում էլ տեսել է բան դուրս չի գալիս, բոլորին երկուս է նշանակել ու ուղարկել տուն։ Վալն էլ դե ի՞նչ պիտի աներ. եկել էր ու բողոքել։ Առանց այդ էլ պապան ահագին ջղայնացել էր դասից  այդքան ուշ տուն գալու համար ու հաջորդ օրը պատահաբար Մաքսի եղբորը տեսնելով՝ լրիվ բարկությունը թափել էր նրա վրա,  նա էլ Մաքսին էր ասել... Մի խոսքով՝ խայտառակություն, բայց դե գոնե դրանից հետո նման դեպք էլ չկրկնվեց։
Տռաս գրեցի ու հիշեցի։ Ուրեմն մեր դպրոցը մարզադահլիճ չուներ… Իբր ինչ ուներ, որ էդ էլ ունենար. ոչ մի բան չուներ... Հա՜,  թարմ ներկված դատարկ պատեր ուներ, որոնք տնօրենն ափսոսում էր ու չէր թողնում ոչինչ կպցնենք։ Միայն ընտրությունների ժամանակ Քոչարյանի նկարն էր կպցրել, էն էլ դրսի պատին, հենց մուտքի մոտ։ Մի Հայաստանի քարտեզն ինչ է, որ դա էլ չուներ։ Ես էի տնից տարել, հետո էլ պետք էր,  ուզում էի, դասատուս չէր տալիս։ Դու մի ասա ճղվել էր, տնաշենն ամաչում էր վերադարձնել... ծիծաղս գալիս է, որ հիշում եմ… Ինչևէ։ Մարզադահլիճ չունեինք։ Ֆիզկուլտուրայի դասին գնում էինք գյուղապետարանի դիմաց շարք կանգնում, Մաքսը տաքսի էր կանգնեցնում, մեզ վազքի հրահանգը տալիս, ինքը տաքսին  նստում էր ու գնում, որ տռասի եսիմ որ մասում սպասեր ու հասնողների րոպեները գրանցեր։ «Եսիմ որ մաս» եմ ասում, որովհետև այդ մասին ոչ մի անգամ չեմ հասել։ Աղջիկներով մի քիչ վազում էինք, էնքան որ գյուղից դուրս գայինք (կողքի գյուղ տանող ճանապարհն էր) ու հանգիստ մեզ համար զրուցելով քայլում էինք. գրողը տաներ Մաքսին էլ, իր անտեր դասն էլ։ Հենց տեսնում էինք արդեն էրեխեքից մի քանիսը հետ են վազում, մենք էլ էինք շրջվում ու հետ քայլում, որ իբր պահանջված ժամին գյուղապետարանի առաջ շարքում կանցնած լինեինք, բայց դրանից էլ էինք ուշանում։ Դե տղաներն էլի վազքով ժամանակին հասնում էին, Մաքսն էլ տաքսիով վերադառնում էր ու ճամփին մեզ տեսնելով՝ մեքենայի միջից կոկորդը պատռում, բայց բանի տեղ դնող չկար։ Մի անգամ էլ էլի բոլորը հասել էին, մենք աղջիկներով դեռ մի 300 մետր ունեինք գնալու, մեկ էլ որտեղից որտեղ մի տաքսի կանգնեց, թե՝ էրեխեք ջան, եկեք նստեք, տանեմ։ Էրեխեքը ոգևորվեցին, ես ասի՝ չեմ գալիս։ Մարն սկսեց համոզել, թե՝ Աքսանի պապան ա, ուրիշ մարդ չի, արի գնանք, ամոթ ա... Չէ ու չէ։ Քայլելով հասանք. ընկեր Մաքսի աչքից կատաղության կայծեր էին դուրս գալիս։
-Էս լայաղ չեք անում ավտոն նստեք ու ժամանակին տեղ հասնե՞ք, թե ես պտի կանգնեմ, հինգ ժամ ձեզ սպասեմ,-սկսեց աջուձախ խոսել, հետո իմացավ, որ իմ պատճառով չեն նստել, քթի տակ փնթփնթաց, ու գնացինք դասարան։
Եթե ոչ վազք, ապա ֆուտբոլ։ Գյուղամիջում մի հատ պուրակ կար, էն ցուրտ տարիներին եղևնիների կեսը կտրել, տարել վառել էին,  բաց տարածություն էր առաջացել, ու ընկեր Մաքսը դա դարձրել էր իր դասերի համար նախատեսված ֆուտբոլի դաշտ։ Ինձ համար ֆուտբոլը վազքից անտանելի էր, որովհետև պիտի արևի  տակ կանգնեինք ու նայեինք, թե տղաները ոնց են խաղում։ Որ շատ էինք նվնվում, ստիպում էր, որ մենք էլ խաղայինք։ Ես էլ ընդհանրապես գնդակից վախենում եմ, հենց գնդակն ինձ է մոտենում ցանկացած խաղի ընթացքում, բռնելու փոխարեն մի կողմ եմ փախչում, կամ էլ աչքերս ուժեղ փակում եմ՝ հույս ունենալով, որ ինձ չի կպչի էդ առական։ Թարսի պես էլ, գուցեև դիտմամբ, էս ընկեր Մաքսն ինձ դարպասպահ էր կանգնեցնում։ Ինչքան էդ մարդուն բացատրում էի, որ մեղք են մեր թիմի էրեխեքը, իմ վախի  պատճառով գոլ է խփվելու, ասում էր՝ ինչ անեմ, գնա տեղդ կանգնի։ Տիգրանն ասում էր՝ մի վախի, ես չեմ թողնի գնդակն էդտեղ հասնի, ու ես հույսս նրա վրա դնելով, լրիվ անջատված կանգնում էի՝ առանց նույնիսկ խաղին հետևելու։
Էն ո՜նց էի սիրում անձրևոտ օրերը, որոնց շնորհիվ ո՛չ ստիպված էինք տռաս դուրս գալ, ո՛չ էլ գյուղամեջ՝ ֆուտբոլ խաղալու, այլ դասարանում հանգիստ նստում էինք ու շախմատ խաղում։ Բայց երբեմն ընկեր Մաքսն էլի քթներիցս բերում էր ու ստիպում ինչ-որ բան արտասանել։ Հերթը որ ինձ էր հասնում, մեկի փոխարեն մի քանի հատ պիտի արտասանեի, երևի հավեսները գալիս էր, էրեխեքն ասում էին՝ էս մեկն էլ թող ասի, էն մեկն էլ, ջղայնանում էի ու ասում՝ ես պատվերներ չեմ ընդունում ու վերջ։
Ռազմագիտության դասերին էլ էլի շարք էինք կանգնում ու աջ ու ձախ դարձեր անում, լսում թե բանակում ինչ կլիներ, թե էս ինչը էսպես չանեինք, կամ էն ինչը էնպես չանեինք, ու իրավունք չունեինք խոսելու ու ասելու, որ էդ ամենը մեզ պետք չի... Երբեմն էլ զորամասից տղաներ էր բերում (դե սահմանամերձ գյուղ էր), զենք քանդել-հավաքել էին սովորեցնում, ոչ էլ պետքս էր, նույնիսկ մոտ չէի գնում... Դրա համար մեծամիտի տպավորություն էի թողել։ Էդ տպավորությունը թողած էլ  դուրս եկա էդ դպրոցից՝ առանց որևէ մեկին հրաժեշտ տալու։
...Քվանտ վարժարանի ֆիզկուլտի դասերը ԵՊՀ-ում էինք անցնում, Թումանյանն էր դասախոսը։ Գնալուց հաճույքով էի գնում ու զարմացել էի, որ ֆիզկուլտուրայի դասատուն կարող է լինել ոչ ագրեսիվ, բարի ու համբերատար....

No comments: