Գործի տեղը մի մեծահասակ սևամորթ եկավ ու հայտարարեց, որ օգնության կարիք
ունի։ Մոտեցա, տեսա՝ կույր է։ Տվյալները գրանցեցի համակարգչում, հետը
զրուցելով՝ առաջնորդեցի աթոռի մոտ։ Տեղավորվեց, գրքերը հանեց ու ասեց, որ
իր հետ մի ժամ պիտի պարապեմ։ Զարմացած նայեցի երեսին ու բացատրեցի, որ
տասնհինգ րոպեից ավել իր մոտ նստել չեմ կարող, ուրիշներն էլ օգնության
կարիք ունեն։ Չհասկացավ։ Ինքն էր որ կար. տասնհինգ րոպեով բավարարվել չէր
կարող։ Մտածում էի՝ էն տեսնողներին հազիվ եմ կարողանում հասկացնել,
բացարձակ դոդ են, չի մտնում գլուխները, էս կույր մարդուն ո՞նց պիտի
բացատրեմ։
Գրքերը նոր էր գնել, մինչև բացում էր, մի հոգու հասցրեցի մի
քանի բան բացատրել, դա ձայնը աշխարհ գցեց, գնացի իր մոտ։ Գիրքը բացեց ու
հրամայեց, որ նստեմ ու հերթով բառ առ բառ կարդամ ինչ որ գրված է,
վարժություններն էլ բացատրեմ ձեռի հետ։ Հեյ-հե՜յ։ Բանավոր մաթերմատիկա։
Օդում պիտի հասկանար, չգիտեմ թե ոնց։ Ժամին նայեցի, ընդամենը կես ժամ էր
մնում իմ ժամի լրանալուն, մտածեցի՝ կդիմանամ, շուտ կանցնի, բայց երևում էր,
որ էդ մարդն ինձ տանջելու էր։ Խորը շունչ քաշեցի, որ սկսեմ։ Ուսիս խփեցին։
Շրջվեցի. Սոֆիան (քարտուղարուհին) էր։ Ականջիս մրմնջաց, որ ժողով ունենք։
Հարցրի՝ բա էս մարդուն ես ի՞նչ անեմ։ Ինքը մոտեցավ ու ասեց, որ աշխատողների
մոտ ժողովի ժամ է, ուստի մի քիչ առանց մեզ պիտի դիմանան։ Էդ մարդն սկսեց
փնթփնթալ, բայց դե ինձ ինչ։ Ոնց որ Աստված ուղարկեր Սոֆիային։
Ղեկավարը
խոսեց, առկա խնդիրների ու հարցերի մասին տեղեկացրեց, սպասում էր մեր
առաջարկներին, չդիմացա ու ասացի՝ ես չգիտեի, որ կույր մարդիկ էլ են գալիս
էստեղ, ավելի ճիշտ, ես նրանց օգնելու փորձ չունեմ ու բանն այն է, որ էս
մարդը պահանջում է մի ժամ իր հետ պարապել, ի՞նչ պիտի անեմ։
Ինեսան՝ ռուս աշխատողը, անմիջապես հարցրեց.
-Դու զգացի՞ր, որ նա կույր էր։
-Հա,- զարմացա։ Ինչու՞ պիտի չզգայի։
-Ուրբաթ
օրն էլ էր եկել այդ մարդը, ձեռք բարձրացրեց, մոտեցա։ Ասաց՝ օրինակը
բացատրեմ, բացատրեցի։ Ուղիղ աչքերիս մեջ էր նայում բացատրելու ընթացքում ու
հասկացնում, որ լսում ու հասկանում է բացատրածս։ Հետո նման օրինակ տվեցի
ու ասացի, որ ինքը լուծի և ի՞նչ տեսնեմ։ Իմ գրածի վրա է գրում։ Հարցրի՝ չեք
տեսնո՞ւմ, որ գրածիս վրա եք գրում, գոնե ներքևում գրեիք։ Ասաց՝ չէ, չեմ
տեսնում, կույր եմ։ Ես էլ ապշած մնացի, քանզի մինչ այդ չէի զգացել, որ
կույր էր։ Հետո ինձ էլ ստիպեց, որ մի ժամ կողքը նստեմ ու հատ-հատ բացատրեմ
ու կարդամ։ Ձայնագրում էր, որ հետո նորից լսի։ Բան չունեմ ասելու, ես
պատրաստ եմ նրան օգնելու, բայց մյուս ուսանողները դժգոհում են ու ...
չգիտեմ ինչ անել։
Մարտիրոսյանն ասեց, որ ինքը կխոսի էդ մարդու հետ։
Հատուկ կենտրոն կա քոլեջում իրենց համար, որտեղ մի ժամ տրամադրում են
նրանց։ Հավանաբար վարժվել էր իրենց մոտի օրենքներին ու կարծում էր՝ ամեն
տեղ պարտավոր են մի ժամ տրամադրել իրենց։
Ժողովից հետո գնացի մոտը,
տեսնեմ՝ կողքի ուսանողուհուն է կարդալ տալիս ու ձայնագրում է, էդ խեղճ
աղջիկն էլ իր դասերը թողել ու իրենով է զբաղվում։ Արդեն իմ գնալու ժամանակն
էր, ձայն չհանեցի, պայուսակս վերցրի ու դուրս եկա, բայց սրտիս դարդ եղավ։
Մտածում
եմ՝ գնամ իրենց «կենտրոնում» կամավոր աշխատեմ մի քիչ, գոնե մի բանով օգնած
կլինեմ, բայց ախր էնքան բան ունեմ անելու։ Դրանք թողած, դրանով զբաղվե՞մ։
No comments:
Post a Comment