Saturday, September 24, 2011

Ծննդյանս օրը

Եթե Հովոն իր ծննդյան օրը աշխարհի բոլոր ազգերի ներկայացուցիչներին հավաքում է իր շուրջը, իսկ Վալը նախընտրում է իր օրն անցկացնել ընկերական շրջապատում, ապա ես ծննդյանս օրը ինչ անեմ-չանեմ, դրանից բացի անպայման պիտի ընտանիքիս հետ էլ նշեմ։ Չգիտեմ ինչու են մերոնք այդքան կարևորություն տալիս իմ ծննդյան օրվան, բայց փաստն այն է, որ տալիս են ու թեև միշտ նշում են, որ անեմ այնպես, ինչպես ես եմ ուզում, համոզված եմ, որ իմ ուզածից նրանք հաստատ կվհատվեն, քանզի միանշանակ միակ ուզածս բանը՝ այդ օրը ոչ մի ձևով չնշելն է։ Եվ այսպես, նրանց տրամադությունը չփչացնելու համար, ամեն տարի մի որևէ տեղ ենք գնում՝ իբր նշելու…
Մինչ դրան հասնելն ասեմ, որ ինչ հայտնվել եմ ԱՄՆ-ում, շնորհավորանքները սովորաբար ստանում եմ ծննդյանս նախորդ օրվանից սկսած. այս տարի էլ բացառություն չէր։ Մի քանի շնորհավորանքների թվում միայն Տաթևի գրածին պատասխանեցի.
-Այ, որ էս քո ասած սիրուն օրով էդ պուճուր հրաշքին լույս աշխարհ բերես, ծննդյանս ամենամեծ նվերը կլինի։
Գրեց.
-Չէ, մենակ թե հիմա չէ, համ էլ դեռ ժամանակ կա…
Ինտերնետս անջատվեց, պառկեցի քնելու՝ նախօրոք մորս զգուշացնելով, որ հանկարծ առավոտյան հեռախոսը ոչ մի դեպքում ականջիս չդնի, հակառակ դեպքում ստիպված կլինեն նորը գնել։
Ի զարմանս ինձ, հաջորդ օրը մաման այդպես էլ արեց ու բոլորին հերթով ասաց, որ քնած եմ՝ առանց արթնացնելու փորձեր կատարելու։ Մի պահ մտավ սենյակ, տեսավ արթուն եմ, հարցրեց՝ կխոսեմ։ Էլի ասի՝ չէ։ Սկսեց.
-Էդ մարդիկ էդքան զանգում, շնորհավորում են, ամոթ ա, գոնե վերցրու մի երկու բառ ասա…
-Մթամ մի շատ ուրախ եմ, որ ծնունդս ա, հիմա էլ շնորհավորում են. խնդրող չկա,- փնթփնթացի, գնաց սենյակից։
Մի երկու ժամ անց, արդեն մի փոքրիկ ռեստորանում էինք։ Մերոնք ուրախ-զվարթ հիշում էին ծնվելս, մանկությունս ու այլ բաներ, իսկ ես կարծես նրանց հետ չլինեի։ Մի պահ մաման ու Վալը ծլկեցին սեղանի մոտից, ու պապան զգաց, որ հետս ինչ-որ բան է կատարվում, սկսեց չխոսել։ Հավանաբար հարց էր տվել, իսկ ես իմ զզվելի մտահոգությունների գրկում էի… Շուտով մամայենք եկան, Վալը թևիս խփեց, թե՝ հերիք ա մտածես, ծնունդդ ա, փոխանակ ուրախանաս, դարդոտվել նստել ես։ Մեկ էլ տեսնեմ՝ դեսերտով հանդերձ մատուցողներն եկան իրենց պարքը կատարելու։ Կատաղած Վալին նայեցի, չարաճճիորեն ժպտաց ու սկսեց նրանց հետ միասին երգել։ Էլ ուժ չունեի արցունքներս զսպելու։ Բախտս բերեց. կմտածեին՝ ուրախությունից է։
Գնացինք տուն։ Գիրքս բացեցի. հազար ու մի ձկների անուններ պիտի զուբրիտ անեի։ Գլխացավ սկսվեց, գլուխս դրեցի գրքին ու քնեցի։ Երեկոյան արթնացա, մաման ասեց, որ մարդամեկը տուն էր զանգել, շնորհավորել։ Զարմացա։ Չէի սպասում…
Դժկամորեն նորից  նստեցի գրքիս դիմաց, մեկ էլ Արմը գրեց՝ կարա՞մ գամ։ Քիչ անց մեր տանն էր։ Զարմացավ, որ ոչ մի պատրաստություն չէի տեսել։ Սիրտս տրաքում էր։ Վալի հետ որոշեցին Ստարբաքս գնալ, ես էլ միացա նրանց՝ ինտերնետ օգտագործելու ակնկալիքով։
Բոլոր շնորհավորանքների միջից մի քանիսն իրոք ուրախացրին, որոնց թվում էր նաև զարմիկիս նամակը, որն ասում էր՝ Տաթևը տղա ա ունեցել հենց քո ծննդյան օրը։ Ուրախությանս չափ ու սահման չկար։ Էրեխեքը զարմացան տրամադրությանս կտրուկ փոփոխության վրա ու սկսեցին անկապ ենթադրություններ անել... բայց փաստորեն ցանկությունս կատարվեց։
Հույսեր եմ փայփայում հաջորդ տարեդարձիս Հայաստանում լինել՝ պստլոյի առաջին տարեդարձը նշելու, բայց ավա՜ղ...
4.18.11

No comments: