Thursday, September 29, 2011

Մի քիչ անկեղծանամ

Որ նոր էի ԱՄՆ եկել, կյանքս անտանելի էր դարձել։ Ամեն օր Հայաստան-Հայաստանի էի ասում ու կենում, մերոնք նույնիսկ արդեն լսել չէին ուզում նվնվոցներս։ Իրենց համար էլ էր բարդ ժամանակաշրջան, բայց սուսուփուս էին տանում էդ ամեն ինչը, իսկ ես ամեն օր դժգոհում էի ու զզվեցնում խեղճերին, թե՝ ես վերադառնալ եմ ուզում, մեր տունն եմ ուզում, մեր բակը, մեր այգին, իմ խաղաղ անկյունը, էս ուր բերիք ինձ և այլն։ Մաման էլ երբեմն ասում էր՝ ո՞վ ա ձեռքիցդ բռնել, վեր կաց գնա։ Ստիպված պապանձվում էի. ինչո՞վ գնայի, ո՞նց գնայի, ո՞ւմ մոտ գնայի։
Դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ Հայաստանում էի ու Աստված էի կանչում, որ դեսպանատանը «չէ» չասեին ու գայի հասնեի իմ «երամին»։ Ծնողներիս կարոտից գժվում էի, եղբորս նկարը հենց նայում էի, լացս գալիս էր։ Հիշում էի, որ դեռ Հայաստանում միասին էինք, ոնց էր խնդրում՝ նկարել սովորեցնեմ (առաջին դասարան էր, ձեռքը վարժ չէր, նեղվում էր շատ), ես էլ ուշադրություն չէի դարձնում, աչք բացելու ժամանակ չունեի, կամ որ սովածանում էր, էնքան էի տարված, որ գրիչս ցած չէի դնում, որ հաց տայի երեխուն … Մի խոսքով,  էդ հիշողություններից սիրտս պատառ-պատառ էր լինում։
Հետո եկա, հասա, կարոտս առա ու զգացի, որ էլ  ոչինչ չի ձգում ինձ ստեղ։ Փոշմանում էի, որ տատիս չէի լսել, իսկ նա ուզում էր, որ ես Հայաստանում մնայի, անընդհատ համոզում էր, որ չգնայի ԱՄՆ, չէի լսում։ Կարոտն ինձ լրիվ բթացրել էր, մամա-պապայի կենաց որ խմում էին, հոնգուր-հոնգուր, փոքր երեխու նման ուզում էի լաց լինել։ Իսկ հետո ինչ...Կարոտն առնելուց հետո հասկացա միայն, որ ծնողներս ինձ լրիվ չեն հասկանում, ավելի ճիշտ լավ էլ հասկանում էին, բայց ի՞նչ անեին, ձեռքս կրակն էին ընկել։ Զգալով, որ անճար մարդ եմ, հետզհետե սկսեցի չարտահայտվել, քաշվել մի կողմ,  ինքս ինձ հետ խոսել, ինձ բողոքել, գիշերներն էլ անձայն զռռալ։ Մի խոսքով, համառ, ինչ որ տեղ մեծամիտ ու մարդամոտ Նարինից դարձա ամեն ինչի նկատմամբ անտարբեր, չխոսկան ու մարդկանցից խույս տվող Նարին։
Շուրջս ամենուր կեղծավորություն էր, կուլ էի տալիս մի կերպ, հետո սկսեցի գարշել ու հեռացա բոլորից։
Դպրոցի քսան րոպեանոց դասամիջոցը շատ կարճ էր գրադարան գնալու համար, բայց ահավոր երկար էր թվում հաջորդ դասին մենակ սպասելու ժամանակ։ Ինձ ստիպում էի անգլերեն գրքեր կարդալ էդ ընթացքում ու ընդհանրապես, բայց բան չէի հասկանում կարդացածիցս. ներվայնանում էի, մի կերպ զսպում ինձ, որ գիրքը չշպրտեի։
ESL1-ի աշակերտուհի էի։
Սկսում էի զրոյից։
Ինչ-որ անդունդ էի ընկել, բարձրանալ էր պետք։
Չգիտեմ ինչի էի ես էդքան ծանր տանում էդ ամեն ինչը։ Քրոջս համար, օրինակ, ամեն ինչ հարթ ու կանաչ էր, նույնիսկ փայլուն։ Ով իրեն ոնց վերաբերվում էր, ինքն էլ նրանց  հետ էր նույն կերպ  վարվում։ Ծիծաղում էին երեսին, ծիծաղում էր, չէ ուրեմն չէ։ Թքած թե կեղծավորություն էին անում. ոնց իրենք, էնպես էլ ինքը։ Հիացած էր մի աղջկա պահվածքով ու միշտ տանը գովում էր ու ասում, որ ուրիշների նման չի։ Չէի հավատում։ Այսինքն՝ ինձ չէր հետաքրքրում արդեն, թե ով են, ինչ են, որտեղից են դպրոցի հայերը, որովհետև պարզ էր դարձել, որ եթե մի բանի կարիք զգային, ոտքիդ տակ էնքան կընկնեին, մինչև օգնեիր, եթե չէ, չէին էլ հիշի, որ դու կաս, տեսնելուց էլ ձև կտային, թե չեն տեսել, կամ տեղը չբերին։
Ինչևէ։
Հիմա որ մտածում եմ, չեմ հասկանում՝ ինչ էի մտածում էն ժամանակ, երբ էդ «անլեզու» հալով առաջին արձակուրդին համակարգչի դաս վերցրի քրոջս հետ։ Երևի մտածում էի՝ խելք-խելքի կտանք, մի բան կանենք։ Հիշում եմ՝ ներքուստ անհանգիստ գնացի դասի, վախում էի դասատուն ինձ ու նրան առանձին նստեցներ, բան չհասկանայի ու... տանուլ տայի։ Դե ինքն արդեն ահագին ժամանակ դասի էր գնում, անգլերեն էլ ինձնից լավ գիտեր, իր գլխի ճարը կտեսներ, ես էլ մի ձև իմ գլխի ճարը պիտի տեսնեի։ Էդպես մտահոգված գնացինք դասարան ու ի՞նչ պարզվի, որ լավ լինի։ Վալի ասած աստվածուհին էլ էր էնտեղ, ու ինքն էլ էր էդ դասը վերցրել։ Աստվածուհի պատահական չեմ ասում. նախ Վալն էդ աղջկան էնպես էր նկարագրել, որ կարծես անթերի լիներ, երկրորդ՝ աստվածուհու անուն ուներ։ ։)
Գալդոսը՝ ուսուցիչը որոշեց դասարանին ըստ այբբենական  կարգի նստեցնել։ Բարեբախտաբար Անահիտի ազգանունն «Ա» տառով էր ու դասարանում միակ «Ա»-ն էր, հետևաբար երեքս էլ իրար կողք հայտնվեցինք։ Այսինքն՝ իմ բախտը բերեց. մի կողքս Անն էր, մյուսը՝ Վալը։ Հազիվ էինք հասցրել մի քանի բառ փոխանակել, երբ Գալդոսը գրքերը բացել տվեց ու հանձնարարեց առաջին չորս էջի հարցերին լրիվ գրավոր պատասխանել։ Ու ես էդտեղ ընկա խուճապի մեջ։ Անահիտի օգնությամբ ու միաժամանակ իրեն խանգարելով՝ մի կերպ էդ անտեր հարցերին պատասխանեցի ու հանձնեցի գրավորս։
Ու էդպես սկսվեց մեր ծանոթությունը, այլ կերպ ասած՝ մեր ընկերության հիմքն էդպես դրվեց։ Հետո ինչպես Անն էր ասում՝ եթե մեր ազգանուններն «Ա» ու «Բ» տառերով չսկսվեին ու ստիպված իրար կողք չնստեինք էդ դասին, երևի ոչ էլ կծանոթանայինք։ Ըստ իս, Անահիտի անկեղծության ու պարզության շնորհիվ է, որ մինչ օրս մոտ ընկերուհիներ ենք։ Իսկ էդ դասին էնքան էինք խոսում, որ նույնիսկ մոռանում էինք աշխատանքը կատարելու մասին։
Հետո միասին դաունթաունում պատմության դաս վերցրինք՝ արանքից հանելու համար։ Առավոտ ավտոբուս նստելուց սկսած մինչև տուն գալը, դասի ժամին էլ էնքան էինք բլբլում, որ հնարավոր չի պատկերացնել։ Դասատուն նկատողություն անել չէր կարողանում, քանզի հա՛մ խոսում էինք, հա՛մ հասցնում կատարյալ գրավոր հանձնել… Միայն խնդրում էր, որ շշուկով խոսեինք։ ։)
Էն կոմպի դասից մի սեմեստր անց,  երբ քչից-շատից անգլերեն սովորել/հասկանում էի, որոշեցի «ռեգուլյար» անգլերենի դասեր վերցնել, բայց նոր դասատուս պատճառաբանություն էր բռնում, թե ինձ էնքան չէր ճանաչում ու ծանոթ չէր գիտելիքներիս, որ ստորագրեր ու դուրս գայի իր դասարանից, նախորդ ուսուցիչն էլ կանգնեց ասեց՝ գիտես ի՞նչ, բա որ «B» ստանաս, հետո ինձ ես մեղադրելու, չեմ ուզում իմ պատճառով համալսարան չընդունվես։ Ինչքան ասեցի՝ նման բան չի լինի, չստորագրեց տականքը։  Երկար քաշքշուկների միջով անցնելուց հետո, վերջը իմ ասածն արեցի ու սկսեցի նորմալ դասեր անցնել։ Տեղափոխվեցի Անի դասարան, դրանից հետո բոլոր դասերն արդեն իրար հետ էինք վերցնում ու իրար հետ էլ բարով-խերով դպրոցն ավարտեցինք։ ։)
Էն անգամ Վալի հետ գնացինք Հովոյին դպրոցից բերելու ու մինչ սպասում էինք, որ Հովոն գար, էդ՝ իմ մասին շատ մտածող դասատուին տեսա։ Մեքենայի դուռը բացեցի, որ իջնեմ, բարևեմ ու ասեմ.
-Հեյ, գիտե՞ք, մի քանի օր առաջ համալսարանն ավարտեցի, փաստորեն առանց ձեր ստորագրության էլ գործը գլուխ եկավ։ Հուսով եմ՝ գիշերը հանգիստ եք քնում ու որևէ մեկը չի մեղադրում...
Հետո բարևելու ցանկությունս կորավ ու չիջա։ Աստված իր հետ։ Ինքն իր ճամփով, ես՝ իմ։ Հիշում եմ, որ նոր էի ընդունվել համալսարան, դպրոցում տեսա նրան, հինգ մետրանոց ժպիտը ցույց տալով՝ հարցրեց՝ ինչ կա չկա, ասի՝ ընդունվել եմ։ Ասեց՝ շնորհավոր, բայց ես պիտի գնամ։ Շոկի մեջ էր։ Բա չլինե՞ր։ Ես ինքս էի զարմացել, որ մոտ երկու տարվա մեջ հասել էի նման արդյունքի։
Մի խոսքով, ես համալսարան գնացի, Նանն ու Վալն էլ՝ քոլեջ, բայց միշտ պարբերաբար շարունակում էինք հանդիպել։ Նույնիսկ եթե աշխարհը փուլ գա, մեր հանդիպումները չեն հետաձգվում։ Մի անգամ պայմանավորվել էինք սրճարանում տեսնվել, դասից հետո պիտի գնայի։ Ահավոր անձրևոտ օր էր։ Արմը ամբողջ ճանապարհին համոզում էր, որ Անահիտին ասեմ՝ չհանդիպենք, չհամաձայնեցի։ Տգեղ կլիներ վերջին պահին պայմանավորվածությունը չեղյալ համարել։ Մեքենայից իջա, փողոցն անցա, մինչև սրճարան մտա, լրիվ ջրի մեջ կորել էի։ Անահիտն էլ համարյա նույն վիճակով երկու րոպե անց հասավ սրճարան։ Տաք թեյ պատվիրեցինք ու սրթսրթալով տեղավորվեցինք ազատ սեղաններից մեկի մոտ։ Սրճարանն էլ ապակե պատեր ուներ, բարձրահարկ շենքի առաջին հարկում էր գտնվում։ Քամուց ապակիները դղրդում էին ու թվում էր՝ երկրաշարժ էր։
-Նան, պատկերացրու շենքը փլվի, մնանք տակը։ 88-ի երկրաշարժից մի կերպ փրկվեցինք, էսօր չենք փրկվի,- ախմախ-ախմախ դուրս տվեցի ու ընկանք հիշողությունների գիրկը։ Ինքը Լենինականում էր եղել էդ ժամանակ, ես՝ Կիրովականում, ու երկուսս էլ փրկվել էինք։ Հետո ճակատագրի բերումով հայտնվել օտարության մեջ ու դարձել մոտ ընկերուհիներ։
Երբ դպրոցն ավարտեցի, մերոնք ասում էին՝ հը, էլի ես ուզո՞ւմ Հայաստան գնալ, տեսա՞ր որ ստեղ լավ ա, բլա բլա...
Մտածեցի՝ ի՞նչ տվեց ինձ ԱՄՆ-ն էդ ժամանակահատվածում։ Միջնակարգ դպրոցի դիպլո՞մ։ Հայաստանում էլ կստանայի։ Ուրի՞շ...Հիշեցի, որ եթե  էստեղ չգայի, Անահիտի պես մարդու չէի ճանաչի, նման ընկերոուհի չէի ունենա։ Իրոք... Հայաստանում երբեք չէինք ճանաչի իրար…
Ինչ եմ ուզում ասել, ապրես որ կաս, Նան, ու հերոսի կոչում պիտի շնորհվի քեզ, որ իմ բնավորությանը դիմանում ես։ Գիտեմ, որ երբեմն քեզ վիրավորել եմ, հաճախ գլուխդ տարել, բայց դու միշտ քո բարձունքում ես եղել։ Կներես…
Ուղղակի շնորհակալ եմ քեզ անկեղծ ընկերության համար։ ։)

No comments: