Saturday, October 8, 2011

Երանի էն օրերին

Էն օրը մաթեմի (Հայաստանի)  դասատուս էր գտել ինձ օդնոյով ու գրել էր, որ հազիվ Երևանում է, մի ճար անենք՝ սկայպով խոսենք։ Ես էլ բախտի բերմամբ, թե պատահմամբ տանն էի, դասս չեղյալ էր համարվել, թողել եկել էի տուն։
Սկայպը միացնելուն պես էս դասատուս հո չհուզվեց, հո չհուզվեց, արցունքներն սկսեցին հոսել… Ես էլ գրիպ էի, աչքերս ջրոտված էին, անկախ ինձնից ժպտում էի միայն։ Շարունակ ասում էր՝ մենակ դու չհուզվես... բայց որ մի քիչ էլ շարունակվեր, ես էլ էի սկսելու ու չգիտեմ` ինչ էր լինելու։ Բարեբախտաբար ինքն իրեն տիրապետեց, ու սկսվեց մեր կարոտագին զրույցը։ Ընկանք հիշողությունների գիրկը…

Նա էր իմ մեջ դպրոցում մաթեմատիկա առարկայի հանդեպ սեր սերմանել, բայց հետո, շա՜տ հետո ասաց, որ ինքը բնավ չէր սիրում էդ առարկան ու ոմն մեկին չգիտեմ ինչ ապացուցելու համար էր գնացել ֆիզմաթ ընդունվել։ Տխրել էի. մնում-մնում ասում էի՝ ախր ո՞նց կարող եք չսիրել Ձեր դասավանդած առարկան… Լռում էր…
Դասերիցս հետո միշտ մնում էի դպրոցում ու միասին խնդիրներ էինք լուծում, զրուցում, ու տուն գնալու մասին մոռանում էի. շատ հավես էր անցնում ժամանակը։ Նույնիսկ որ միջոցառումների փորձերին էինք մնում, մինչ սպասում էինք, որ բոլորը հավաքվեին, մենք հասցնում էինք մի քանի խնդիր ավել լուծել։
Դպրոցի կազմակերպիչն էլ էր ինքը, ուստի նրա կազմակերպած բոլոր միջոցառումներից ես անպակաս էի։ Ինչ մի երկար ու ձիգ բան կար, ես պիտի արտասանեի կամ հաղորդավարի դերում լինեի։ Ավելին, իմ կարծիքը հաշվի չէր առնվում՝ արդյոք ես ուզո՞ւմ էի տրված ստեղծագործությունն արտասանել, թե՞ չէ, ու դա ինձ շատ էր անհանգստացնում։ Ինքն էլ ասում էր՝ ես արդեն պատկերացնում եմ, թե դա դու ինչ լավ կասես ու «ճամփու էր դնում»։
Որոշ միջոցառումներ շատ ուժեղ տպավորվել են հիշողությանս մեջ։ Օրինակ՝ անկախության տասնամյակի առթիվ  «Իմ տառապած, իմ փառապանծ... Հայաստանն» արտասանեցի, որը չէի ուզում ու վերջում  ոնց որ մի բեռ ընկներ վրայիցս, ասի՝ ինչ լավ ա պրծանք։
Ապրիլի 24-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնական»-ն էր ինձ բաժին հանել ու ասել էր՝  երկար է, ոչինչ, չեմ պարտադրում, որ անգիր անես, կկարդաս։ Մի քանի օր շարունակ էդ «ղողանջը» կարդալով անգիր արեցի։ Հենց ազատ էի լինում, սկսում էի «Ղողանջ եղեռնական» արտասանել։ Մերոնք երևի հոգնել էին նույն բանը հազար անգամ լսելուց, քույրս էլ էնքան էր լսել, որ անգիր էր արել, երբեմն հետս արտասանում էր։ Պիտի խոստովանեմ, որ շատ անլուրջ էի վերաբերվում էդ միջոցառմանն ու փորձերի ժամանակ ոչ մի անգամ կարգին չկարողացա արտասանել։ Ուսուցչուհուս զգուշացրել էի, որ եթե հանկարծ միջոցառման  ընթացքում ծիծաղս գա, ինձնից թող չնեղանա։ Էդ օրն եկավ, գիրքը ձեռքս տվեց ու ասաց՝ հենց մի տեղ կանգնես, կբացես կնայես։ Ինչքան ասի՝ պետք չի, կարիքը չկա, չհավատաց։ Ասեց՝ չէ, մարդ ես, կարող է շփոթվես, կնայես արագ ու կշարունակես։ Չէր ուզում ասել՝ ոչ մի անգամ կարգին չես ասել, ուր մնաց թե հիմա։ Մի խոսքով, գիրքը ձեռքիս՝ դուրս եկա բեմ, բայց իրոք կարիքը չզգացվեց։  Ահագին արտասանելուց հետո ում երեսին նայում էի, արցունքներ էին հոսում... նույնիսկ մեր սառնասիրտ տնօրենի աչքերից... Աչքերիս չէի հավատում…մարմնովս սարսուռ անցավ, ավելի ոգևորվեցի, վերջում էլ ինքս չդիմացա ու արցունքն աչքերիս հեռացա բեմից։ Լրիվ պապանձվել էին, էս դասատուս եկավ փաթաթվեց, ճակատս պաչեց, ես էլ հեկեկալով ասի՝ էլ ես կյանքում չեմ արտասանի... Չէի պատկերացնում, որ ես էդքան մարդու կլացացնեմ։ Հետն էլ մեր գյուղի մարդկանց… Ինքն էլ ասում էր՝ պատկերացնում էի, որ լավ կասես, բայց չէի պատկերացնում, որ էսքան լավ... Բայց դե ինչ օգուտ...
Եվ այսպես, մայիսի իննի միջոցառմանը հրաժարվեցի մասնակցել։ Սիրելի ուսուցչուհիս էլ շատ խիստ նեղացավ ու դրանից հետո էլ ինձ ոչ մի միջոցառման չկանչեց, հետո էլ հրաժարվեց կազմակերպիչ լինելուց... Էդպես փրկվեցի։
Մի երկու տարի անց դասղեկս աղաչեց պաղատեց, որ մարտի ութի առթիվ ընդամենը մի քանի տող ողջույնի խոսք հղեմ ժողովրդին, մի կերպ համաձայնվեցի։ Չհամաձայնվել չէր լինում, յազվայի նման կպել էր. փրկության միակ միջոցը իր ուզածն անելն ու մի կողմ քաշվելն էր։ Ուրեմն պիտի Սևակի «Բարև» ստեղծագործության վերջին տողերն ասեի.
Բարև՛,
- Քե՛զ ու Ձե՛զ
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։
Թո՛ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով.
- Բա՛րև...
Դուրս եկա բեմ, առաջին չորս տողն ասեցի, էնպես խորթ ու տարօրինակ թվացին։ Մտածեցի՝ իբր ի՞նչ, ու շփոթված նորից կրկնեցի էդքանը... Դառնա կարելի... դառնա կարելի... աշխարհում համայն... Ու լրիվ մոռացա ասելիքս, թողեցի ու հեռացա բեմից։ Ջղայնացած մոտեցա դասղեկիս ու վրա տված սկսեցի՝ ես որ մի բան չեմ ուզում անել, ինձ մի ստիպեք. քանի անգամ ասի՝ չեմ ուզում ու չեմ ուզում, տեսա՞ք ինչ եղավ։ Զարմացել էր խեղճը։ Դրանից հետո ով տեսնում էր, հարցնում էր՝ էդ ի՞նչ էր եղել, էդ ի՞նչ էր եղել։ Ֆիզկուլտի դասատուս էլ մի էնպես հիասթափված ասեց՝ ես չէի պատկերացնում, որ դու կկանգնես ու կմոռանաս բառերդ։ Ոնց որ թե մարդ չէի, էլի... ։Ճ
Հաջորդ բեմ դուրս գալս Վաշինգտոնում էր։ Կոնֆերանսի էինք գնացել, հետո էլ որոշ աշակերտներ իրենց հաջողություններից պտի պատմեին, թե ոնց էին կյանքում հասել էնտեղ, որտեղ հասել էին… Ես էլ ընտրվածների թվում էի, որովհետև էն ժամանակ դեռ երկու տարի էր, ինչ ԱՄՆում էի, հետաքրքիր էր իմ անցած ուղին։ Մի խոսքով, գրել էի՝ ինչ պիտի խոսեի, մեր ղեկավարը կարդացել էր, որոշ ուղղումներ արել, ու արտագրել էր տվել քարտերի վրա։  Ելույթից առաջ անընդհատ ասում էր, քարտդ հետդ կվերցնես, որ հանկարծ կանգ առնես, նայես։ Վերջին րոպեին չդիմացա ու ասի՝ ինչ կլինի, որ էս քարտերը հետս չտանեմ բեմ, ախր հենց նայեմ,  ինձ լրիվ կորցնելու եմ ու մոռանամ ասելիքս, կամ էլ սկսելու եմ կարդալ։ Ասեց՝ դե  գցի մի կողմ։ Ուրախությունից չգիտեի ինչ անել, էս անգամ հասկացան ինձ։ Համ էլ վերջիվերջո իմ մասին էի խոսելու. ծիծաղելի կլիներ թղթին նայել, նոր ասել... Ինչևէ։ Էդ օրն էլ մեր ղեկավարներին լացացրի։ Ելույթիցս հետո մոտեցան ու ասին՝ հեչ էսպես չէիր խոսացել փորձերի ժամանակ, չէինք սպասում։ Միայն էդ պահն է հավես, որ մոտենում ու ասում են՝ չէինք սպասում... ու իրոք զգում ես, որ զարմացած են...
Հիմա սպանեն էլ, բեմ դուրս չեմ գա, ոչ էլ կարտասանեմ։ Ասեմ, որ փոքր ժամանակ երգել էի շատ սիրում ու արտասանելու փոխարեն ուզում էի, որ ինձ երգ տան, երգեմ... Էն էլ չէին տալիս, երևի բաղաձայն էի, չէի զգում։ Չնայած մի ժամանակ մեր մոտ երգի խմբակ էր բացվել, ես էլ էի գնում։ Էդ դասատուն ասեց՝ սլուխ ունես, ձայնդ էլ ոչինչ, կմշակենք։ Էլ չգիտեմ իր փողի համար էր ասում, թե չէ, բայց գիտեմ որ պապայից թաքուն էի գնում էդ պարապունքներին։ Հետո էլ պապան իմացավ ու խստիվ արգելեց. ո՜նց կլիներ, որ իր դուստրը երգեր։ Է՜հ…

No comments: