Monday, January 23, 2012

Ծիծեռնակները

Գյուղի տան պատշգամբի պատին ծիծեռնակները սիրուն բույն էին սարքել ու իրենց համար ամեն գարուն գալիս էին, բազմանում, հետո էլ չվում-գնում էնտեղ, որտեղից որ եկել էին։ ։) Չգիտեմ ոնց եղավ, մի ամառ սրանք սկսեցին անընդհատ հյուրասենյակ մտնել, ու մի օր էլ նկատեցինք, որ հյուրասենյակի պատին են բույն սարքում։ Մաման սկսեց անհանգստանալ, թե էդպես չի լինի և այլն, պապան կարգադրեց բնին ոչ մի դեպքում ձեռք չտալ։ Մաման էլի սկսեց՝ բա դրանց ծերտն ով պիտի մաքրի, բա պատերը կկեղտոտեն, բա դիվանը, բա էս, բա էն… Պապան կարծես լսել չէր ուզում… Պապս էլ վերկացավ բնի տակ բարակ տախտակի կտոր ամրացրեց, որ ինչ թափում էին, դրա վրա թափեին, պատ-մատ չկեղտոտվեր։ Էդպես մեր ծիծեռնակները տնավորվեցին…
Ինչ-որ ծվեններ կտուցներին՝ գալիս կանգնում էին լարին ու մեծ համբերությամբ սպասում՝ մեկնումեկը դուռը բացեր, որ դռան բացվելուն պես իրենց անմիջապես ներս գցեին։ Ամռանը վարագույրը  թեթև մի կողմ էինք քաշում, որ հանգիստ իրենց համար ներսուդուրս անեին, իսկ առավոտյան նրանցից մեկը մտնում էր մերոնց ննջարան, էնքան էր պտտվում, մինչև որ արթնանային ու գնային դուռը բացեին։ Եթե մամայենք չէին արթնանում (իսկ դա հազվադեպ էր լինում), գալիս մեր ննջասենյակում էր պտտվում… Մի խոսքով, համերաշխ ապրում էինք…

Միշտ ապիլի 24-ի կողմերն էին վերադառնում, պապան էլ զգուշացնում էր, որ դուռը բացել-փակելուց ուշադիր լինեինք…
1998-ի ամռանը պապայենք պատրաստվում էին Մոսկվա թռչել (պապս դեսպանատուն պիտի գնար), գլուխները խառն էին, իսկ ծիծեռնակներն արդեն ձագեր էին հանել, իրենց կյանքի նորմալ հունով ապրում էին… Էդ գնալու օրը պապան տնից դուրս գալուց առանց նայելու մեխանիկորեն քաշեց դուռը, ծիծեռնակը չհասցրեց ներս մտնել։ Ճիշտ է, պապան նկատեց ու անմիջապես փորձեց դուռը հետ հրել, բայց ուշ էր… այն մնացել էր դռան արանքը… Էդ ամեն ինչը մի ակնթարթում եղավ… Պարզ հիշում եմ, թե պապան ոնց մռայլվեց ու անշունչ ծիծեռնակին ձեռքին բռնած՝ նստեց տան շեմին՝ մոռանալով շտապելու մասին… Հետո անընդհատ կրկնում էր.«Էս ի՞նչ մեղքի տակ ընկա էս օրով»… Ծիծեռնակին դրեց բակի պատի վրա, նրա զույգն էլ թռավ կողքին նստեց։ Ահավոր սրտաճմլիկ տեսարան էր. երկար նայեցինք, հետո պապայենք գնացին, մենք էլ երեխա էինք, շուտ մոռացանք եղածի մասին։ Էդպես էլ չիմացանք ինչ եղավ, հավանաբար կատուն էր կերել կամ... ո՞վ գիտի...
Ձագերին մյուս ծիծեռնակը միայնակ կերակրեց, մեծացրեց, թռչել սովորեցրեց, հետո էլ չվեցին ու գնացին…
Հաջորդ գարնանը պապան անհամբեր սպասում էր ծիծեռնակների գալուն… Ապրիլն արդեն մոտենում էր իր ավարտին, ծիծեռնակները չկային ու չկային։ Ես, որ երբեք հետաքրքրված չէի եղել կենդանիներով կամ թռչուններով, ամեն օր հետևում էի բակի ծիծեռնակներին, որ գտնեմ «մերոնց»։ Մեր ծիծեռնակների կոկորդի հատվածը արտահայտիչ կարմրավուն էր, դրանով էի տարբերում… Էդպես հույսներս կտրեցինք, որ կվերադառնան… Մեր ծանոթներից մեկն էլ հաստատեց, որ չեն գա, քանզի ծիծեռնակները շատ խելացի են ու զգույշ ու նույն վտանգից խուսափելու համար հաստատ ուրիշ տեղ են բույն հյուսել… Համակերպվեցինք էդ մտքի հետ։ ։(
Մի օր էլ բակում նստած նկարում էի, մեկ էլ տեսնեմ լարին վառ կարմրագույն կոկորդով ծիծեռնակ է նստած։ Ուրախացա ու անկախ ինձնից տան դուռը բացեցի, վարագույն էլ, որ ներս մտներ, ես էլ համոզվեի՝ մերն էր… Չմտավ… Տխրեցի... Մտածեցի՝ մերոնցից չի, բայց հետո մաման էլ հաստատեց, որ մեր ծիծեռնակն էր… Մի քանի օր տուն չմտնելուց հետո մտա՜վ մի այլ՝ իրենից տարբերվող ծիծեռնակի հետ։ Փաստորեն նոր զույգ էր գտել։ Մի տեսակ սրտներս հանգստացավ… Դրանից հետո բոլորս չափազանց ուշադիր էինք դռան հետ ու հանկարծ եթե շատ էինք բացում-փակում, պապան ահավոր նյարդայնանում էր։ Երևի իրեն թվում էր՝ էլի կկրկնվեր էդ դեպքը… Իսկ թե ինչո՞ւ էդքան ուշ եկավ մեր ծիծեռն, էդպես էլ չհասկացանք. կարծեմ մայիսի երկրորդ կեսն էր արդեն…
Մտածում եմ՝ տեսնես տան նոր տերերն ինչպես են վարվել նրանց հետ։ Հաստատ բույնը քանդած կլինեն, սառնասիրտ մարդիկ էին... Խե՜ղճ ծիծեռնակներ…

Էսօր մեր դեղձանիկներին էի նայում ու մտածում, թե ի՞նչ կարելի է ասել պապային, որ համոզենք ու ազատվենք դրանցից։ Թութակներից մի կերպ ազատվեցինք, այդ մասին գրել էի այստեղ, բայց թութակները լաչառ էին։ Վանդակի դուռը բացում, դուրս էին գալիս, հետո տնով մեկ պիտի հետևներից թռվռայինք, մինչև բռնեինք ու բանտարկեինք։ Պապան էլ տեսավ, որ համը հանում են, դրա համար համաձայնեց, որ ուրիշին տայինք, իսկ դեղձանիկներից ոչ մի կերպ չի հրաժարվում։ Էսօր նայելիս մտածում էի՝ ինչ անմեղ կենդանիներ են, խելոք իրենց համար ապրում են, էլի, թե ես ինչի՞ եմ կպած ուզում իմ ասածն առաջ տանել, չգիտեմ… Ու մտքովս անցավ, որ պապան դրանց պահելով երևի իր մեղքն է փորձում քավել, բայց ոչինչ այդ մասին չի ասում… Ո՞վ գիտի…

No comments: