Thursday, January 19, 2012

Գործի բերումով մի սպիտակամաշկ, շիկահեր աղջկա հետ ծանոթացա։ Առաջին հայացքից թվաց՝ ուկրաինացի է, բայց հեչ ակցենտ չուներ։ Մտածում էի՝ հա, հիմա անակցենտ ուկրաինացի ինչի չի՞ լինում, ու համարյա համոզվել էի, որ  էդ ա որ կա։ Որոշ ժամանակ անց ազգանունն իմացա. բոլորովին ուկրաինացու ազգանվան նման չէր։ Խճճվեցի. էդպես էլ չկարողացա եզրակացնել, թե որտեղից է…
Էսօր գրադարանից դուրս եկանք, հարցրեց՝ ինչ դասեր եմ վերցնելու։
Ասացի՝ հավեսի համար եմ վերցնում։ Զարմացավ, թե.«Երանի քեզ, ես չեմ կարող այդպես անել, որովհետև միջազգային ուսանող եմ, բոլոր դասերի համար վճարում եմ ու շատ թանկ»։ Առիթը բաց չթողի ու հարցրի՝ իսկ որտեղի՞ց ես։
-Ֆինլանդիայից,- պատասխանեց։
Զարմանքս թաքցնել չկարողացա… Ասացի, որ մի ժամանակ մտադրվել էի Սկանդինավիայում շարունակել ուսումս, բայց ոչ մի քայլ չձեռնարկեցի, էդպես էլ մնաց… Երբևէ չեմ եղել էնտեղ, բայց մի տեսակ ձգում է… Ինքն էլ թե՝ եթե մութ ու ցուրտ սիրում ես, ուրեմն դուր կգա…որ գնաս, Հելսինկի գնա, մնացած տեղերն էնքան էլ լավը չեն…և այլն…
-Ուսումն էլ անվճար է Ֆինլանդիայում,- որպես հարց հնչեց, բայց ես ուղղակի ասում էի, չէի հարցնում։ ։))
-Հա, մեր կրթական համակարգը շատ լավն է, այստեղինի պես չի… Այստեղի մի քանի դասի համար վճարած գումարով մի տաս հոգանոց ընտանիք կպահեի… Պատկերացրու դեռ քոլեջում եմ ու դեռ համալսարան պիտի գնամ, այն ժամանակ ավելի վատ կլինի վիճակս…
-Բա ինչու՞ ես էստեղ սովորում ու ոչ Ֆինլանդիայում։
-Եթե այնտեղ սովորեմ, այնտեղ էլ կմնամ։
-Չես ուզո՞ւմ մնալ…
-Չէ…
Ճանապարհի մնացած մասն ուղղակի լուռ քայլեցինք՝ մինչև ինքը մետրոյի մոտ հրաժեշտ տվեց, ես էլ ականջակալներս խցկեցի ականջներիս մեջ ու շարունակեցի քայլել՝ մտածելով, թե Հոլիվուդի նշանի մոտ գտած մարդու գլուխն ով է կտրել ու ինչու…
Հիմա էլ մտածում եմ՝ ես որ էնտեղ սովորեմ, տեսնես՝ կկարողանա՞մ հետո հաստատվել, հեռանալ չեմ ուզենա՞։

No comments: